Որևէ հակադրություն չի կարող լինել ՀՅԴ-ի ներսում. Բագրատ Եսայանը հերքում է կուսակցության դրսի և ներսի կառույցներում հակասությունների մասին լուրերը

Որևէ հակադրություն չի կարող լինել Դաշնակցության ներսում, որովհետև ով Դաշնակցության ներսում է, տեղյակ է կուսակցության որոշումներից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԿԳՆ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը: «128 տարվա մեջ երևի հազարավոր այդպիսի դեպքեր են եղել, որ հակադրումը փորձել են անընդհատ շեշտել, հորինել նման բաներ»,- նշեց նա:

— Ամերիկայի Արևելյան և Արևմտյան, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր: Մամուլում նշվում է, որ կուսակցության դրսի և ներսի կառույցներում հակասություններ են առաջացել: Պարոն Եսայան, համապատասխանո՞ւմ են այս խոսակցություններն իրականությանը:

— Հակասության վերաբերյալ խոսակցությունները միշտ եղել են՝ սկսած 1990 թ., երբ Դաշնակցությունը հայտարարեց Հայաստանում իր ներկայության մասին:

Այդ ժամանակվանից սկսած փորձ արվեց հակադրել Աթենքի բյուրոն Հայաստանի կազմակերպությանը, հետագայում Հայաստանի կազմակերպությունը Աթենքի բյուրոյին, հետագայում Արևմտյան և Հայաստանի կազմակերպությունը: Մի խոսքով` 128 տարվա մեջ երևի հազարավոր այդպիսի դեպքեր են եղել, որ հակադրումը փորձել են անընդհատ շեշտել, հորինել: Որևէ հակադրություն չի կարող լինել Դաշնակցության ներսում, որովհետև ով Դաշնակցության ներսում է, տեղյակ է կուսակցության որոշումներից, տեղյակ է Դաշնակցության կանոնակարգին:

— Հատկապես Դաշնակցության վերջին դիրքորոշումների հետ էր կապված դժգոհությունը, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր, այնուհետև դուրս եկավ, անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը, և ՀՅԴ-ն այժմ երկու նախարարական պորտֆել ունի:

— Ստեղծվել է ազգային համաձայնության կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը մինչև արտահերթ ընտրություններ լուծելու է որոշակի հարցեր: Կառավարության ազգային համաձայնություն ֆորմատը մի բան է, կոալիցիան ուրիշ բան է. համաձայնության կառավարությունը երրորդ բանն է: Այդ «ասում են» ասողներին խորհուրդ տվեք հստակեցնել իրենց պահանջները:

— Շատերն են նշում, որ Դաշնակցությունը կարծես կցորդ լինի տվյալ ժամանակի իշխանություններին: Այս քննադատությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

— Վերջին 28 տարվա ընթացքում Դաշնակցությունը քանի՞ անգամ է եղել իշխանության կամ կոալիցիայի մեջ: 2008 թ. մենք եղել ենք կոալիցիայում, 2009 թ. կոալիցիայից դուրս ենք եկել և 2016 թ. նորից կոալիցիա ենք կազմել: Վերջին 10 տարվա ընթացքում մենք 7 տարի եղել ենք ընդդիմություն, 3 տարի իշխանության կազմում ենք եղել:

— Ճի՞շտ է նաև, որ ներկուսակցական բախում, վեճ է եղել Հրանտ Մարգարյանի և հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանի միջև, որից հետո վերջինս հեռացվել է ՀՅԴ-ից:

— Աբո Պողիկյանը հեռացվել է Դաշնակցությունից, բայց մնացածը բամբասանք է: Ավելի մանրամասն կարող եք հարցնել Հրանտ Մարգարյանին կամ Աբո Պողիկյանին, ուղղակի ասեմ, որ բախում կամ վեճ ասվածը լինում է, երբ մարդիկ դեմ դիմաց են լինում: Վերջին անգամ Աբո Պողիկյանն ամիսներ առաջ էր Հայաստանում և չեմ կարծում, որ այդ ժամանակ կարող էր բախում լինել: Ընդհանրապես, Դաշնակցության մեջ պրոցեսները մի փորձեք կապել անձերի հետ: Ուղղակի նման բան չի կարող լինել, որ մարդկանց անձնական հակասությունների պատճառով մարդը հեռացվի Դաշնակցությունից: Մարդը ՀՅԴ-ից հեռացվում է, երբ հակականոնադրային արարք է թույլ տալիս, միայն այդ դեպքում:

Be the first to comment on "Որևէ հակադրություն չի կարող լինել ՀՅԴ-ի ներսում. Բագրատ Եսայանը հերքում է կուսակցության դրսի և ներսի կառույցներում հակասությունների մասին լուրերը"

Leave a comment

Your email address will not be published.


*