Չի բացառվում, որ մինչև նոր կառավարության ծրագրի ներկայացումը ստորագրվի համաձայնության կառավարման կամ մեկ այլ անվամբ հուշագիր. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցությունը շարունակում է զբաղեցնել իրեն տրված առանցքային՝ Ազգային ժողովի նախագահի ու երկու փոխնախագահների պաշտոնները: Սահմանադրագետները, սակայն, հստակ պատասխան չունեն՝ արդյոք ընդդիմություն հռչակվելուց հետո ՀՀԿ-ն պետք է հրաժարվի այդ պաշտոններից, թե՞ ղեկավարի դրանք՝ մեծամասնության իրավունքով:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների պաշտոններում փոփոխություն կարող է լինել միայն կառավարման հուշագիր ստորագրելուց հետո, երբ խորհրդարանական երկու կամ երեք ուժ կառավարող համարվեն:

«Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները խորհրդարանի կողմից են ընտրված, խորհրդարանի մեծամասնությունն իրենցն է: Երբ կլինի հուշագիր առ այն, որ կա կառավարման մեծամասնություն, հարցը կքննարկվի:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, այն ուժերը, որոնք ձևավորում են կառավարություն, պետք է ստորագրեն հուշագիր այն մասին, որ նրանք կառավարող ուժեր են: Նրանք, ովքեր չեն ստորագրի այս հուշագիրը՝ կլինեն ընդդիմություն, ովքեր կստորագրեն՝ կլինեն կառավարողներ»,- մանրամասնեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների միջև ստորագրվի կառավարման հուշագիր, ապա ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ԱԺ ղեկավար պաշտոնների փոփոխության մասին: Բայց կառավարման հուշագիր ստորագրելուց հետո էլ, Էդմոն Մարուքյանի խոսքով, երաշխավորված չէ այդ պաշտոններում փոփոխությունը, որովհետև դրանք ընտրվում են խորհրդարանական ձայների մեծամասնությամբ, իսկ ՀՀԿ-ն որպես մեծամասնություն գուցե չքվեարկի փոփոխության օգտին:

Այն հարցին, թե առաջիկա քառօրյայում կառավարման հուշագրի ստորագրում նախատեսվա՞ծ է, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման քննարկում չկա, չի բացառվում, որ հարցը քննարկվի մինչև կառավարության ծրագրի ներկայացումը:

Ճշտող հարցին՝ խոսքը կոալիցիոն հուշագրի մասի՞ն է, թե պատասխանատվություն ստանձնելու, պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ, թե անունն ինչպես կդրվի: Համաձայնության կառավարության հուշագի՞ր, թե մեկ այլ բան…»:

Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը, մեծամասնությունն իրեն հռչակեց ընդդիմություն: Միաժամանակ, խորհրդարանական մյուս երեք ուժերը կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և հավաքեցին նրա առաջադրման համար անհրաժեշտ նվազագույն ստորագրությունները:

Be the first to comment on "Չի բացառվում, որ մինչև նոր կառավարության ծրագրի ներկայացումը ստորագրվի համաձայնության կառավարման կամ մեկ այլ անվամբ հուշագիր. Էդմոն Մարուքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*