Եղբորը սպանած քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել, եղբայրները մենակ էին ապրում. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանությունից

Նախօրեին Երևանի Հաղթանակ թաղամասում՝ եղբոր կողմից եղբոր սպանությունից Tert.am-ին մանրամասներ են հայտնի դարձել:

Հարևանների խոսքով՝ Ասոյան եղբայրները տանը մենակ էին ապրում: Սպանված եղբայրը՝ Աշոտը, հարևանների հետ մշտապես շփման մեջ է եղել, իսկ մյուս եղբայրը հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել:

«Իրենք Հարավ-Արևմտյան թաղամասում են ապրել, սա իրենց հողամասն է եղել: Մոտ 2 տարի առաջ են ՀԱԹ-ի տունը վաճառել և տեղափոխվել են Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ): Աշոտը միշտ եղբորը պահել է, քանի որ եղբայրը հոգեկան լուրջ խնդիրներ ուներ: Կարելի է ասել՝ եղբոր խնամակալն էր, նրա համար ամեն ինչ ինքն էր անում՝ հաց սարքել, լողացնել և այլն»,- պատմում է հարևանը:

Հարևանները նշում են, որ մյուս եղբայրը՝ սպանողը, շփվող չէր, տանից դուրս չէր գալիս: Հարևաններից ոմանք նշում էին, որ անգամ չեն տեսել նրան, անունը չեն իմացել:

Սպանված եղբայրը՝ Աշոտը, ամուսնացած չի եղել, իսկ մյուս եղբայրն ամուսնացած էր, մեկ տղա ունի. «Բաժանվել են, կինը թողել, գնացել է, տարիներով Աշոտն է պահել եղբորը»,- հայտնեց մեկ ուրիշ հարևան:

«Աշոտը ամբողջ կյանքը աշխատել է, սրա-նրա համար բանվորություն անելով՝ փող է աշխատել, իրեն ու եղբորը պահել է: Տարածքի մարդկանց ծառերն էր սրսկում, այգիներն էր ջրում և այլն: Լավ մարդ էր, «սաղին» հասնող, օգնող, անգամ շատ դեպքերում անվճար էր աշխատանքն անում: Աշոտը լավ մարդ էր, ափսոս էր»,- ասաց հարևանը:

Ավելի վաղ Tert.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել էին, որ Երևանում սպանություն է տեղի ունեցել. եղբայրը կացնահարել է եղբորը. «Մայիսի 9-ին՝ ժամը 19։49-ին, մի քաղաքացի ոստիկաններին հայտնել է, որ իր ներկայությամբ սպանություն է տեղի ունեցել։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ պարզել է, որ Հաղթանակ թաղամասի ամառանոցային տներից մեկի հողամասում վիճաբանության ժամանակ ոստիկաններին մոտեցած քաղաքացին կացնով հարվածներ է հասցրել եղբորը, ով մահացել է»,- ասել էր Էդգար Ջանոյանը։

Be the first to comment on "Եղբորը սպանած քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել, եղբայրները մենակ էին ապրում. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանությունից"

Leave a comment

Your email address will not be published.


*