Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն հայտարարի ժողովրդի թեկնածուին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին. Ն. Փաշինյանի արձագանքը՝ Շարմազանովի հայտարարությանը (թարմացվող)

Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկայացրեց վաղվա անելիքները: «Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Էն օրը Ալավերդուց պատվիրակություն էր եկել ասում էր՝ ուզում ենք երկաթուղին փակել: Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել: Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի  թեկնածուին անհապաղ ընտրել ՀՀ վարչապետ»,-ասաց նա և նշեց, որ վաղը՝ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենում մինչև հիմա կայացած ամենա-ամենահզոր հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց  ժամը 12-ին փակված ճանապարհները բացել 16:00-ին, են, որ ժողովուրդը կարողանա անարգել գալ Հանրապետության հրապարակ:

«Ես հերթական անգամ ուզում եմ այս ամբիոնից ներողություն խնդրել այն բոլոր քաղաքացիներից, ովքեր մինչև այժմ կարողացել են անտարբեր մնալ այս իրադարձությունների նկատմամբ և նախընտրում են ֆուտբոլ, կինո նայել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր անհարմարությունների համար, բայց մենք դա համարձակվում ենք անել, որովհետև խորապես ենք համոզված, որ դա անում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ դուք ձեզ իրապես ազատ ու երջանիկ եք զգալու և ձեր երեխաները նույնպես»,-ասաց նա և խնդրեց չբարկանալ, չնեղանալ:

Շարժման առաջնորդը նշեց, որ որևէ լկտիություն,  ուրիշին վնաս տալու որևէ գործողություն չի կարող կապված լինել շարժման հետ :

Հանրահավաքը ավարտվեց երթով:

18:55

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ առաջ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

«Սա վատ չէ, լավ էլ չէ, որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես պատրաստակամ եմ հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնեմ, որ այս պրոցեսով, երբ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել` հույս ունել, որ այլ քաղաքական ուժերը, գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի քաղաքական գործիչների դուրսմղմանը Հայաստանի քաղաքական դաշտից»,-ասաց նա:

18:45

Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ մարտի 31-ին Գյումրիից սկսած քայլարշավի հաջորդ կետը Լոռվա մարզն էր և երբեք չի մոռանա այն գորովանքը, սերը, օգնությունը, որը Լոռվա մարզը ցույց է տվել:

«Վանաձոր մտնելուց մոտավորապես 22 օր հետ մենք վերադարձել ենք այստեղ, որ ասենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք: Մենք եկել ենք ձեզ ասելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ձեր հաղթանակը ձեր ձեռքից որևէ մեկը չի կարող գողանալ: Ով կփորձի գողանալ՝ իշխանությունից, թե ընդդիմությունից կլինի, նա նույնպիսի արագությամբ գնալու է Սերժ Սարգսյանի հետևից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր շատերը փորձում են ներկայացնել, թե այս բանավեճը անձերի մասին է, թե ով պետք է զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: «Իրականում խոսքը ուրիշ բանի մասին է, խոսքը նրա մասին է, թե արդյոք  այս ներքաղաքական ճգնաժամը լուծվելու է, թե շարունակվելու է: Եթե Հայաստանի հանարապետությունում մայիսի մեկին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը, քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով»,-ասաց նա:

«Ես ուզում եմ շատ հստակ լինել, սա ասել եմ և էլի եմ ասում. ես իլուզիաներ չունեմ, որպեսզի մտածեմ, թե դուք իմ անունը վանկարկելիս իմ անունն եք վանկարկում, ես հավատում եմ, որ դուք իմ անունը վանկարկելիս ինքներդ ձեր անունն եք վանկարկում, որովհետև ասել ևս ասում եմ` Հայաստանում հաղթանակած ոչ բռնի հեղափոխությունը ունի մեկ առաջնորդ և այդ մեկ առաաջնորդը` դու ես: Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պարտավոր են աներկբա ձևով քեզ նշանակել ՀՀ վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը` առաջին փոխվարչապետի ժամանակվոր պաշտոնակատար, վերջին օրերին փորձում էր ժողովրդի ձեռքից գողանալ հաղթանակը և իր համար հենարան, դաշնակիցներ գտնել և ուրիշ մարդկանց ներքաշել անազնիվ և հակաժողովրդավարական խաղերի մեջ:  «Ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր մյուս Կարեն Կարապետյանը, ով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականտեր ընտանիքի անդամ է, հայտարարել է, որ իր կարծիքով Կարեն Կարապետյանը չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու: Ես հույս ունեմ, որ այս տեսակետը կտարածվի ամբողջ ՀՀԿ խմբակցության անունից»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ  սրանով պատմությունը չի ավարտվում: «Ես հույս ունեմ, որ մյուս խմբակցությունները նույնպես կգնահատեն ստեղծված իրավիճակը և կհայտարարեն, որ ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլև առանց նախապայմանների պաշտպանելու են ժողովրդի թեկնածուն: Չեմ ուզում քննարկել հակառակ դեպքը, քանի որ հակառակ դեպք չի լինելու»,-ասաց նա:

18:18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արփինե Դավոյանը գտնում է, որ վերջին 2 շաբաթների ընթացքում շրջադարձային և կարևորագույն իրադարձությունների ականատես եղավ ՀՀ քաղաքացին: Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին կարողացավ կոտրել ՀՀԿ-ի ստեղծած վախի և անպատժելիության  մթնոլորտը:

«Միասին կարողացանք ապացուցել, որ մենք ենք տերը մեր երկիր, որ մենք են որոշողը: Մեր գործողություններով կարողացանք սկիզբ դնել մեր երազանքների Հայաստանը»,- ասաց Արփինե Դավոյանը:

Վերջինս Սփյուռքին շնորհակալություն հայտնեց իրենց աջակցելու համար: Նա գտնում է, որ սկիզբ է դրվել մի ՀՀ-ի որտեղից մարդիկ ոչ թե հեռանալու են, այլ վերադառնալու են:

«Կեցցե սիրո ու համերաշխության հեղափոխությունը, կեցցե ՀՀ-ն»,- եզրափակեց նա:

18:08

Հարթակից հայտարարվեց, թե Վանաձորի հանրահավաքին մասնակցելու համար խոչըդոտեր են եղել՝ փորձել են ծածկել նաև բարձրախոսները:

17:53

Այսօր «Հանրապետական» կուսակցությունը չի գիտակցում, որ ուզում է դուրս գալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ հայ ժողովրդի դեմ: Այս մասին Վանաձորում հանրահավաքին հայտարարեց դերասան Սարգիս Միքայելյանը:

Այսօր ամբողջ աշխարհը նախանձում է հայ ժողովրդին, թե ինչպես եղավ, որ առանց կաթիլ արյուն թափելու հայ ժողովուրդը կարողացավ հասնել այսպիսի միասին վիճակին:

Նա կոչ արեց երկուշաբթի օրը, ով ունի հնարավորություն պետք է գա Երևան, որպեսզի «Հանրապետական» կուսակցությունը հասկանա, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդն է:

17:41

Նիկոլ Փաշինյանն արդեն Վանաձորում է: «Իմ քայլը» շարժման առաջնորդ է, և կենտրոնական հրապարակում կլինի նրա և թիմակիցների հանրահավաքը:

Նշենք, որ մինչ Վանաձոր հասնելը նա այսօր եղել է  Դիլիջան և Իջևան քաղաքներում:

Հիշեցնենք, որ Իջևանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  ինքը պատրաստ է բանականություններին: Նրա խոսքով՝ պատրաստ են հանդիպել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ մեկ սենյակում:

16։05

Շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց այդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում: Շարունակելով Իջևանում իր ելույթը ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված են օր առաջ այս խնդիրը լուծել վերջացնել և եթե կան բարդություններ, բանակցություններ այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ազգային ժողովի խորհրդարանական «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ:

Այսինքն՝ մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մեկ սենյակում, քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով: Ուզում եմ ասել, որ ամենամեծ շահագրգռվածություն ունեցող ուժը մենք ենք, հաղթանակի դե յուրե արձանագրումն օր առաջ պետք է տեղի ունենա»,- ասաց նա։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սրանից հետո ընդմիշտ ամեն օր պետք է արթնանա հաղթողի, երկրի տիրոջ, հզոր ապագա ունեցողի զգացողությամբ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Իջևանի ավագանուն, որ պաշտոնապես պաշտպանեց և միացավ համաժողովրդական հեղափոխությանը: «Բայց ես ակնկալում եմ, որ այսօր նմանատիպ հայտարարությամբ հանդես կգա նաև քաղաքապետը, ահա՛, պարո՛ն քաղաքապետ, քո ժողովուրդը, դու պարտավոր ես լինել քո ժողովրդի հետ, քո ժողովրդի կողքին: Ավելին` ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նմանատիպ հայտարարություն ընդունեն բոլոր այն ավագանու անդամները, համայնքի ղեկավարները, որոնք մինչ հիմա չեն արել»,- ասաց նա և հիշեցրեց, որ սա համաժողովրդավարական հեղափոխություն է և 90 և ավելի տոկոսի աջակցությունն է վայելում:

Նա կոչ արեց չկորցնել զգոնությունը՝ ավելացնելով, որ բողոքի ակցիաները, գործողությունները մայիսի 29-ից նոր թափով, նոր սիրով, նոր վճռականությամբ, նոր հաղթանակով պետք վերսկսել. «Առավոտյան ժամը 8-ից հեղեղել մայրաքաղաքի փողոցները»,– ասաց Նիկոլ Փաշինյանը և հորդորեց, որպեսզի ակցիաների ընթացքում, որևէ լկտիություն, փակ ավտոհամարանիշներով երթևեկում և նմանատիպ բաներ չլինեն, իսկ ովքեր նման բան անեն, նրանք շարժման հետ կապ չունեն և փորձում են վարկաբեկել այն:

Իջևանում հանրահավաքն ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներով շարունակում է ավտոերթը դեպի Վանաձոր։


15։55

ՀՀ-ում այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ում հորեղբոր տղան կամ բաջանաղի ախպերն են: Իջևանում իր ելույթում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ հավաստելով, թե թավշյա հեղափոխության իմաստն այն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի բոլորի հետ հավասար իրավունքներ ունենա:

«Սա վերաբերում է տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը, քանի որ ամեն ինչում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու ապրել ազատ, արարել ազատ, գործել ազատ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցությունը և ընտանիքի արժանապատվություն: ՀՀ-ում «բեսպրեդելի» էջը փակված է»,- ասաց նա:

Փաշինյանը պնդեց՝ իր և իր թիմի նպատակն այն է, որ ՀՀ-ում բոլորը հավասար լինեն օրենքի առաջ: Նա կարծում է, որ ՀՀ-ում վերջին օրերին հաստատված տոնի մթնոլորտը պետք է շարունակվի հավիտյան, ՀՀ-ում պետք է տիրի ազատության, օրինականության և եղբայրության մթնոլորտ:

«Չկա այնպիսի ՀՀ, որ ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը կարողանան կառավել, նրանց չի հաջողվի րոպե անգամ հանգիստ շունչ քաշել, քանի դեռ չեն ընդունել համաժողովրդական շարժման հաղթանակը»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջին հավելեց նաև, որ իրենք պատրաստ են եղել ու պատրաստ են բանակցությունների: Նրա խոսքով՝ ստեղծվել է մի վիճակ, որ թուրքը նայում է ու չի ուրախանում, այլ նայում է ու հասկանում, որ կա մի ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել:

15:45

Հիմա արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկնարկած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը հաղթել է: Այս մասին Իջևանում հրավիրված հանրահավաքին ասաց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ հարկավոր է ևս մի կարճ ժամանակահատված այդ դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար։ Եվ ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդն ամուր կանգնած է այդ հաղթանակի պաշտպանության հիմքերում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս գործընթացն ավարտին հասցնելու համար:

«Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը, դե յուրե պետք է արձանագրվի, բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի»,- ասաց նա և նշեց, որ այսուհետ որևէ անձի, կուսակցության, որևէ խմբի, կլանի իշխանությունը չի պատկանելու, այլ պատկանելու է միայն ու միայն ժողովրդին: «Այս հաղթանակը ունի մեկ հեղինակ, մեկ տեր և այդ տերը ՀՀ քաղաքացին է, ՀՀ ժողովուրդը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե բոլորը գիտեն, որ ինքը ծնվել և մեծացել է Իջևանում և իր  ընտանիքը շարունակում է ապրել Իջևանում: Նրա խոսքով՝ եկել է Իջևան առաջին հերթին այս հայտարարությունն անելու.«Ես ծնունդով Իջևանցի եմ, բայց ինչպես նախկինում ասել եմ քաղաքական գործունեության մեջ և ընդհանրապես քաղաքացիության զգացումով որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ ես ասում եմ, որ իջևանցի եմ, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ այնքան, որքան գորիսեցի, գորիսեցի եմ այնքան, որքան կապանցի, կապանցի եմ այնքան, որքան եղեգնաձորցի … Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է»:

15:35

Իջևանում հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա ասաց, որ իշխանությունները հասել են նրան, որ բզկտել են ժողովրդին, եղբորը հանել եղբոր դեմ, ընկերոջը՝ ընկերոջ, բաժանել ու այսքան տարի տիրել:

Պատգամավորը նշեց, որ այս իշխանություններն իրենց գործունեությամբ հասցրել են նրան, որ «մենք իրար էինք բզկտում»: «Բաժանեցին և կարողացան այսքան ժամանակ տիրել, բայց նրանց չհաջողվեց, որովհետև մեր ժողովուրդն իմաստուն է: Այս համախմբումը վերջ կտա իշխանության գազանաբար գործունեությանը»,–ասաց նա:

Սասուն Միքայելյանը նաև նշեց, որ բոլորը պարտավոր են կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, որովհետև տարիներ ի վեր նման առաջնորդ չի եղել, որ ժողովրդի առջևից գնա և չվախենա ինչ-որ խնդրից:

15:25

Իջևանում` հանրահավաքի ընթացքում, ելույթ ունեցավ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով իր, սփյուռքի ու Սերժ Թանկյանի անունից շնորհակալությունը հայտնեց հանրահավաքի մասնակիցներին:

«Բարև, շատ սիրելի ազգակիցներ, Հայաստանի քաղաքացիներ,առանց ձեզ Հայաստանս գոյություն չունի, ոչ էլ իշխանությունը: Այսօր Նիկոլ Փաշինյանի միջոցով գտաք ձեր ճանապարհը, և դուք իրար թիկունք եք դարձել, դուք երկրին անկախ դարձրիք ձեր մաքուր սրտի ձայնով, շնորհակալություն ձեզ ինձանից, Սերժ Թանկյանից ու սփյուռքից: Խնդրում եմ նույնկերպ շարունակել»,-ասաց Խանջյանը:

15։10

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ավտոերթը հասել է Իջևան, որը, ի դեպ, պատգամավորի ծննդավայրն է։

«Ազատ, անկախ, Հա-յաս-տան» վանկարկումենրով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հասան Իջևան, որտեղ հրապարակում նրանց սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ:

Փաշինյանին ուղեկցում են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ու հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը:

Իջևանում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին սպիտակ աղավնիներով: Իջևանի հրապարակը բազմամարդ է։ Փաշինյանը ողջունեց հավաքվածներին, ինչից հետո հանրահավաքը մեկնարկեց։

14:05

Նիկոլ Փաշինյանը կանգառ կատարեց նաև Դիլիջանի հրապարակում: Նա այնտեղ հավաքված քաղաքացիներին դիմելով՝ ասաց, որ հաղթանակը կերտել է իրենցից յուրաքանչյուրը, սա ժողովրդի հաղթանակն է և ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն։

«Այսուհետ այլ կերպ չի լինելու: Այսուհետ իշխանությունը ժողովրդից բացի ուրիշի չի պատկանելու: Կառավարությունը, վարչապետը և մյուս պաշտոնյաները ծառայելու են ժողովրդին, ովքեր չեն ուզում ծառայել, պետք է ազատեն պաշտոնները»,– ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններից ստորագրություն պահանջեն ժողովրդավարական շարժմանը միանալու մասին:

«Այսինքն՝ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններն ընդունեն հայտարարություններ, որ իրենք անվերապահորեն աջակցում են և միանում են շարժմանը: Մեզ այսօր տարբեր կերպ խաբար են ուղարկում, զանգում են, բայց մեզ համար քաղաքականությունը հրապարակային պրոցես է, դրա համար կոչ եմ անում մեկ-երկու օրվա ընթացքում ընդունել հայտարարություն և հրապարակել մամուլում: Սա է ճիշտ ճանապարհը: Հայաստանը դառնալու է ամենածաղկուն երկրներից մեկը աշխարհում և Դիլիջանը դառնալու է աշխարհի ամենածաղկուն քաղաքներից մեկը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

13։50

«ՀՀԿ հե–ռա–ցիր», «ԲՀԿ հեռացիր», «Մի–ա–ցում»,«Նի–կոլ, վար–չա–պետ» վանկարկումներով Իջևանի և հարակից շրջանների բնակիչները բազմամարդ երթով մոտենում են քաղաքի գլխավոր հրապարակին, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը:

Ամբողջ ճանապարհին Նիկոլ Փաշինյանն ու ավտոերթի մասնակիցները կանգ են առել և հանդիպել են այն համայնքների բնակիչներին, ովքեր դուրս էին եկել փողոց դիմավորելու Փաշինյանին ու նրա թիմին:

13։30

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը դեպի Իջևան ընթացքի մեջ է: Ծովագյուղ համայնքում կարճատև կանգառի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բնակիչներին կոչ արեց առաջիկա երեք օրերի ընթացքում էլ ավելի միասնական լինել:

«Ծովագյուղի հերոսական ժողովրդին ողջունում եմ: Ժողովուրդ ջան, որևէ կասկած չկա, որ այս հաղթանակի հեղինակն ու տերը ՀՀ քաղաքացին է:

Չնայած ակնհայտ է, որ մեր հաղթանակն անխուսափելի է, վերջին օրերին՝ 29-ին, 30-ին, 31-ին պետք է ոտքի կանգնենք հատուկ ծավալով, մեր պայքարը խաղաղ ու քաղաքավարի պետք է լինի, առանց կոպտության, կրքերը չենք բորբոքում, տոնի մթնոլորտ  է, այդ օրերին տոն պետք է լինի, որը ոչ մի միջադեպով չպետք է փչանա»,-ասաց Փաշինյանը:
Ավտոերթը շարունակվում է:

12։48

Նիկոլ Փաշինյանը Գագարին համայնքում է: Գագարինցիները եկել են դիմավորելու Իջևան ուղևորվող Փաշինյանին ու ավտոերթի մասնակիցներին:

«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ վերջապես մեզ նման առաջնորդ տվեց»,-ասաց բնակիչներից մեկը:

Նիկոլ Փաշինյանը կարճ ելույթ ունեցավ՝ ասելով, որ այսուհետ ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ ինքն է երկրի տերը:

«Սրանից հետո դուք եք ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը, ձեզանից վերև իշխանություն չկա: Նախ` ես շնորհակալ եմ Աստծուց, որ նման հզոր ազգի զավակ եմ, դա իմ կյանքի ամենամեծ հպարտությունն է ,երկրորդ՝ ՀՀ-ն լինելու է արդար, խաղաղ ու օրինական: Սրանում որևէ կասկած չկա»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը կոչ արեց վերջին օրերին ավելի միասնական լինել. «Ժողովուրդ ջան, որևէ կասկած չկա, որ դուք հաղթել եք, պարզապես այս վերջին 3-4 օրերին ավելի պինդ պետք է ոտքի կանգնեք, որ մեր հաղթանակը վերջնականապես ամրագրենք: Հպարտ եմ ձեզնով»:

12։09

Իջևանի ճանապարհի համայնքներում բնակիչները փակել են ճանապարհը և սպասում Փաշինյանին: Ֆանտան համայնքի բնակիչները ճանապարհին Հայաստանի դրոշներով և «Նիկոլ», «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով դիմավորեցին Փաշինյանին: Ճանապարհին նրան են սպասում նաև Չարենցավանի բնակիչները: Գնալով ավտոերթի մասնակցիների թիվն ավելանում է:

11։41

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը կանգ առավ բնակավայրերից մեկի մոտ: Այստեղ բնակիչները նրան դիմավորեցին դհոլ-զուռնայով, ճանապարհեցին՝ «Նի-կոլ», «Նի-կոլ» վանկարկումներով:

11։39

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնում է, որ այս պահին Իջևանի ճանապարհին են: Նա ներկայացրեց իր հյուրերին՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին և կինոռեժիսոր Էրիկ Նազարյանին:

Արսինե Խանջյանն ասաց, որ վստահ է, որ Իջևանում էլ Նիկոլ Փաշինյանին կդիմավորեն այնպես, ինչպես Գյումրիում: Դերասանուհին ներկայացրեց Էրիկ Նազարյանին և ասաց, որ նա արդեն մի քանի օր է Հայաստանում է, իսկ նրա ներկայությունը ենթադրում է Սփյուռքի մասնակցությունը հանրահավաքին:

«Սիրելի հայրանակիցներ, ժողովրդի միասնությունը շատ կարևոր է: Մեր հավաքական ուժով պետք է հարգվի ժողովրդի ձայնը, և կերտվի նոր Հայաստանը»,-ասաց Էրիկ Նազարյանը:

Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց նաև ավտոերթը և նշեց, որ ըստ լրատվամիջոցներից մեկի երեկ արված հաշվարկի՝ դեպի Գյումրի ավտոերթին մասնակցել է մոտ 2000 ավտոմեքենա:

11։27

Մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  ավտոերթը դեպի Իջևան և Վանաձոր: Ակցիային միացել են մի քանի տասնյակ մեքենաներ:

Հիշեցնենք, որ երեկ ավտոերթ է անցկացվել դեպի Գյումրի, որտեղ տեղի է ունեցել նաև հանրահավաք:

Այսօր հանրահավաք նախատեսվում է նաև Վանաձորում:

Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր գործիչը կոչ է արել վաղվանից արդեն՝ մինչև մայիսի 1-ը՝ Խորհրդարանում վարչապետի թեկնածուների հարցի քննարկման օրը, հանրապետությունում վերսկսել ընդվզման ակցիաները:

Be the first to comment on "Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն հայտարարի ժողովրդի թեկնածուին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին. Ն. Փաշինյանի արձագանքը՝ Շարմազանովի հայտարարությանը (թարմացվող)"

Leave a comment

Your email address will not be published.


*