Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն հայտարարի ժողովրդի թեկնածուին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին. Ն. Փաշինյանի արձագանքը՝ Շարմազանովի հայտարարությանը (թարմացվող)

Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկայացրեց վաղվա անելիքները: «Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Էն օրը Ալավերդուց պատվիրակություն էր եկել ասում էր՝ ուզում ենք երկաթուղին փակել: Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել: Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել ՀՀ վարչապետ»,-ասաց նա և նշեց, որ վաղը՝ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենում մինչև հիմա կայացած ամենա-ամենահզոր հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 12-ին փակված ճանապարհները բացել 16:00-ին, են, որ ժողովուրդը կարողանա անարգել գալ Հանրապետության հրապարակ:

«Ես հերթական անգամ ուզում եմ այս ամբիոնից ներողություն խնդրել այն բոլոր քաղաքացիներից, ովքեր մինչև այժմ կարողացել են անտարբեր մնալ այս իրադարձությունների նկատմամբ և նախընտրում են ֆուտբոլ, կինո նայել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր անհարմարությունների համար, բայց մենք դա համարձակվում ենք անել, որովհետև խորապես ենք համոզված, որ դա անում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ դուք ձեզ իրապես ազատ ու երջանիկ եք զգալու և ձեր երեխաները նույնպես»,-ասաց նա և խնդրեց չբարկանալ, չնեղանալ:

Շարժման առաջնորդը նշեց, որ որևէ լկտիություն, ուրիշին վնաս տալու որևէ գործողություն չի կարող կապված լինել շարժման հետ :

Հանրահավաքը ավարտվեց երթով:

18:55

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ առաջ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

«Սա վատ չէ, լավ էլ չէ, որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես պատրաստակամ եմ հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնեմ, որ այս պրոցեսով, երբ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել` հույս ունել, որ այլ քաղաքական ուժերը, գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի քաղաքական գործիչների դուրսմղմանը Հայաստանի քաղաքական դաշտից»,-ասաց նա:

18:45

Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ մարտի 31-ին Գյումրիից սկսած քայլարշավի հաջորդ կետը Լոռվա մարզն էր և երբեք չի մոռանա այն գորովանքը, սերը, օգնությունը, որը Լոռվա մարզը ցույց է տվել:

«Վանաձոր մտնելուց մոտավորապես 22 օր հետ մենք վերադարձել ենք այստեղ, որ ասենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք: Մենք եկել ենք ձեզ ասելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ձեր հաղթանակը ձեր ձեռքից որևէ մեկը չի կարող գողանալ: Ով կփորձի գողանալ՝ իշխանությունից, թե ընդդիմությունից կլինի, նա նույնպիսի արագությամբ գնալու է Սերժ Սարգսյանի հետևից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր շատերը փորձում են ներկայացնել, թե այս բանավեճը անձերի մասին է, թե ով պետք է զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: «Իրականում խոսքը ուրիշ բանի մասին է, խոսքը նրա մասին է, թե արդյոք այս ներքաղաքական ճգնաժամը լուծվելու է, թե շարունակվելու է: Եթե Հայաստանի հանարապետությունում մայիսի մեկին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը, քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով»,-ասաց նա:

«Ես ուզում եմ շատ հստակ լինել, սա ասել եմ և էլի եմ ասում. ես իլուզիաներ չունեմ, որպեսզի մտածեմ, թե դուք իմ անունը վանկարկելիս իմ անունն եք վանկարկում, ես հավատում եմ, որ դուք իմ անունը վանկարկելիս ինքներդ ձեր անունն եք վանկարկում, որովհետև ասել ևս ասում եմ` Հայաստանում հաղթանակած ոչ բռնի հեղափոխությունը ունի մեկ առաջնորդ և այդ մեկ առաաջնորդը` դու ես: Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պարտավոր են աներկբա ձևով քեզ նշանակել ՀՀ վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը` առաջին փոխվարչապետի ժամանակվոր պաշտոնակատար, վերջին օրերին փորձում էր ժողովրդի ձեռքից գողանալ հաղթանակը և իր համար հենարան, դաշնակիցներ գտնել և ուրիշ մարդկանց ներքաշել անազնիվ և հակաժողովրդավարական խաղերի մեջ: «Ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր մյուս Կարեն Կարապետյանը, ով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականտեր ընտանիքի անդամ է, հայտարարել է, որ իր կարծիքով Կարեն Կարապետյանը չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու: Ես հույս ունեմ, որ այս տեսակետը կտարածվի ամբողջ ՀՀԿ խմբակցության անունից»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ սրանով պատմությունը չի ավարտվում: «Ես հույս ունեմ, որ մյուս խմբակցությունները նույնպես կգնահատեն ստեղծված իրավիճակը և կհայտարարեն, որ ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլև առանց նախապայմանների պաշտպանելու են ժողովրդի թեկնածուն: Չեմ ուզում քննարկել հակառակ դեպքը, քանի որ հակառակ դեպք չի լինելու»,-ասաց նա:

18:18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արփինե Դավոյանը գտնում է, որ վերջին 2 շաբաթների ընթացքում շրջադարձային և կարևորագույն իրադարձությունների ականատես եղավ ՀՀ քաղաքացին: Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին կարողացավ կոտրել ՀՀԿ-ի ստեղծած վախի և անպատժելիության մթնոլորտը:

«Միասին կարողացանք ապացուցել, որ մենք ենք տերը մեր երկիր, որ մենք են որոշողը: Մեր գործողություններով կարողացանք սկիզբ դնել մեր երազանքների Հայաստանը»,- ասաց Արփինե Դավոյանը:

Վերջինս Սփյուռքին շնորհակալություն հայտնեց իրենց աջակցելու համար: Նա գտնում է, որ սկիզբ է դրվել մի ՀՀ-ի որտեղից մարդիկ ոչ թե հեռանալու են, այլ վերադառնալու են:

«Կեցցե սիրո ու համերաշխության հեղափոխությունը, կեցցե ՀՀ-ն»,- եզրափակեց նա:

Be the first to comment on "Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն հայտարարի ժողովրդի թեկնածուին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին. Ն. Փաշինյանի արձագանքը՝ Շարմազանովի հայտարարությանը (թարմացվող)"

Leave a comment

Your email address will not be published.


*