Բոլորը գիտեն Աբրահամ Լինկոլնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահին, ով մորուք ուներ: Սակայն քչերն են տեղյակ, որ այդ մորուքն աճեցնել համոզել է 11-ամյա մի աղջնակ, ով ապրում էր Նյու Յորք նահանգի մի փոքրիկ քաղաքում:

1860 թ. հոկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը 11-ամյա Գրեյս Բեդելից նամակ ստացավ: Երիտասարդ ամերիկուհին Լինկոլնի կողմնակիցն էր, սակայն նա կարծում էր, որ նախագահը շատ նիհար դեմք ունի: Հենց այդ պատճառով էլ աղջնակը խորհուրդ տվեց նախագահին մորուք աճեցնել: Նամակը հետևյալ բովանդակությունն ուներ.

«Ես չորս չափահաս եղբայր ունեմ, որոնցից մեկն ընտրությունների ժամանակ, անկասկած, Ձեզ է ընտրելու: Սակայն եթե Դուք մորուք աճեցնեք, ես մյուս երեք եղբայրներիս կհամոզեմ, որ Ձեզ ընտրեն: Մորուքով Դուք շատ ավելի ներկայանալի տեսք կունենաք, քանի որ Ձեր դեմքը շատ նիհար է: Բոլոր կանանց դուր է գալիս մորուքը, և նրանք կհամոզեն իրենց ամուսիններին ընտրությունների ժամանակ ձայները Ձեզ տալ, և Դուք նախագահ կդառնաք»:

Լինկոլն այս նամակին պատասխանել է 1860 թ. հոկտեմբերի 19-ին. «Նախկինում ես երբեք մորուք չեմ ունեցել: Չե՞ք կարծում, որ ինձ բոլորը հիմար կհամարեն, եթե հիմա սկսեմ մորուք աճեցնել»:

Սակայն Աբրահամ Լինկոլնը հետևեց աղջնակի խորհրդին և 1860 թ. նոյեմբերի 6-ին ընտրվեց ԱՄՆ 16-րդ նախագահ` առաջ անցնելով Դեմոկրատական կուսակցության մրցակիցներից: Այդ ժամանակ նա 51 տարեկան էր, և, հնարավոր է, կարծել է, որ մորուքով ավելի տղամարդկային տեսք կունենա:

Իր կյանքի վերջին չորս տարիների ընթացքում Լինկոլնը մորուք է ունեցել և շատ անգամներ է խոսել այն մասին, որ այդ որոշմանը հանգել է՝ հետևելով Նյու Յորք նահանգի փոքրիկ բնակչուհու խորհրդին:

Հատկանշական փաստ. նախագահի՝ Իլինոյսից Վաշինգտոն տեղափոխման ժամանակ Լինկոլնը կանգ է առել Ուեսթլենդ քաղաքում ՝ երդմնակալության խոսքն ասելու: Ելույթը սկսելուց առաջ նա հարցրել է՝ արդյոք ներկաների մեջ կա՞ Գրեյս անունով աղջիկ: Ամբոխի միջից մի ձեռք վերև պարզվեց, և լսվեց. «Այո՛»: Երբ երիտասարդ ամերիկուհին մոտեցավ նախագահին, վերջինս աղջկան գրկեց և ասաց, որ հենց նրա շնորհիվ է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ:

Save
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել