«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…»․ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

 

 

«Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ:

 

Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր․․․Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»,- սիրված դերասանի մասին ասել է Սոս Սարգսյանը։

 

 

Այսօր թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 89 տարեկան։

 

 

Մհեր Մկրտչյանն այն եզակի արտիստներից է, ով անջնջելի հետք է թողել հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ: Նա ծնվել է 1930-ին` Գյումրիում:

 

Մհերի առաջին հանրաճանաչ կերպարը Գարսևանն էր` «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որին հաջորդեցին անմոռաց ու սիրված դերակատարումները` Արսենը` «Նվագախմբի տղաները», Գասպարը` «Եռանկյունի», Իշխանը «Մենք ենք, մեր սարերը», Հայրիկը` «Հայրիկ», Ամիրոն` «Նահապետ», Գրիգոր աղան` «Կտոր մը երկինք», Նինայի քեռին` «Կովկասի գերուհին», Նիկոլը` «Հին օրերի երգը» և այլն:

 

 

«Եվ ծիծաղ, և արցունք աչքերում…»,- այսպես էր Մհերին բնութագրում Գևորգ Աբաջյանը:

 

 

Մհեր Մկրտչյանն իր վերջին դերը խաղացել է 63-րդ տարեդարձի օրը` Հացթուխը` «Հացթուխի կինը» ներկայացման մեջ, որտեղ եղել է նաև ներկայացման ռեժիսորը, և խաղացել է իր իսկ հիմնած թատրոնում: Թատրոնը դերասանի մահից հետո վերանվանվել է Մհեր Մկրտչյանի անունով` Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն:

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ:

 

 

Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասում էր Մհեր Մկրտչյանը:

https://mamul.am/am/

Be the first to comment on "«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…»․ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*