Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է. այսօր Դուշման Վարդանի հիշատակի օրն է

 

 

Հուլիսի 3-ը Արցախյան պատերազմի հերոս, Հայաստանի հերոս Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի հիշատակի օրն է: Ոչ միայն իր հայրենասիրությամբ, այլև իր բարոյական սկզբունքներով և գրագետ գործունեությամբ առանձնացող հերոսն ընդամենը 26 տարի ապրեց, սակայն իր կենդանության օրոք արդեն դարձավ իսկական լեգենդ:

 

Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվեց Վարդանի հայրենասիրությունը, ազգասիրությունը։ Այդ ժամանակից գիտեր դարասկզբին ազգի գլխին եկած Մեծ Եղեռնի, գերված հողերի, պապերի տեղահան եղած դառը ճակատագրի մասին։ Զգում էր, որ դեռ կռիվ ունենք, տուն բերելու հողեր ունենք։

 

1983թ. Դիմեց զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ Այն մասին, թե ինչն է պատճառը նման որոշման կայացման Վարդանը նշել է. «Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են Ռուսաստան, դառնում շինարար կամ հնոցապան»։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։

 

1986թ-ին ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուզում էր արդարության պաշտպան լինել իր ժողովրդի համար։ Բայց եկան փորձության, ինքնահաստատման օրեր, ոտքի կանգնեց հայ ժողովուրդը, հավատաց արդարության, ճշմարտության վերածնությանը։ Ոտքի կանգնեց և Արցախը, օգնության կանչեց Մայր Հայրենիքի զավակներին։ Նոր էր վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ Հերոս օտարի հողում, ու՞մ է պետք։

 

Հիշատակման է արժանի համալսարանի ընդունելույթան քննությունից մի տող. «Մանկուց է հոշոտվել իմ հոգին, հայ ասելով ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք ու Վերակենդանացում։ Ազատության համար պայքարը սուրբ գործ է, երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի»:

 

Եվ հայոց եղեռնի ցավը հոգում ելավ պայքարի, որ հարատևի իր ազգի վերածնունդն ու հավերժական գոյն աշխարհում։ Ազգի ցավով տառապող, մանկուց հոշոտված նրա հոգին ժայթքեց 88-ի առաջին իսկ օրերին։

 

Զենք-զինամթերք ձեռք բերելու համար հասնում էր Մոսկվա, տարբեր քաղաքներ։ Հեշտ չէր նաև խորհրդային անվտանգության կոմիտեի հսկողության ներքո մարդկանց հավաքագրելու գործընթացը։ Բացի ճակատից, գործել է նաև թիկունքում։ Կապ պահպանելով Մոսկվայի հայ համայնքի, ինչպես նաև անվանի լրագրողների հետ՝ մեծ է եղել նրա դերը Արցախյան շարժումը Մոսկվայում լուսաբանելու, իսկությունը հանրությանը ներկայացնելու, հասարակական կարծիք ստեղծելու առումով։

 

 

1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Վարդանը մեկնել է Արցախ ՝ առաջին անգամ իբրև մարտական մարզիչ դեռ 1988թ.։ Վարդանը ոչ միայն մասնակցեց զինյալ պայքարին, այլև եղավ բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը և վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և Վարդանի զինվորներն այսօր արցախյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։

 

«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից։»

 

Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Փայլուն ռազմական մասնագետ լինելու շնորհիվ Վարդանը դարձավ ԼՂ բանակի 2-րդ գումարտակի փոխհրամանատար` լինելով Ղարաբաղի բանակի ստեղծողներից մեկը և իր ներդնումն ունենալով գումարտակների կազմավորման գործում։

 

Վարդանը պարզ մարտիկ չէր. լոկ հողը պաշտպանող զինվոր։ Իր մտավոր, գաղափարական–քաղաքական փայլուն ընդունակությունների շնորհիվ իր զինակիցների սիրելին էր։

 

1992թ. հունիսին Շահումյանի անկումից հետո էլ հողը կանչում էր։ Նա անփոխարինելի էր այդ ժամանակ և հրամանատարության կողմից գործուղվեց Արցախ՝ մարտական վերջին առավելությունը կատարելու։

 

«Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»

 

1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Պատերազմը իր օրենքներն ունի` չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հողը կյանք է պահանջում և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։

Be the first to comment on "Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է. այսօր Դուշման Վարդանի հիշատակի օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*