Գոշավանքը քայքայվում է, խնդիրը լամպերը չեն. Տավուշի թեմի առաջնորդը մեկնաբանում է տարածված նկարները և ահազանգում

 

 

Այսօր համացանցում տարածվել էին լուսանկարներ, ըստ որոնց Գոշավանքի գավիթում նոր լամպեր են դրվել՝ հենց արձանագրության վրա:

Armdaily.am

-ը թեմայի մասին զրուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, ով ասաց, որ լամպերը, չնայած պիտի արդեն հանված լինեին, այնուամենայնիվ նոր չեն՝ արդեն 2 տարի է, ինչ կան:

 

 

«Լամպերն արձանագրության վրա չեն դրված, դրված են սյուների վրա: Դրանք մոտ 2 տարի առաջ են դրվել: Այո, շատ տգեղ է, և մեր ցուցումով պիտի հանվեին, բայց ինչ-ինչ պատճառով չեն հանել, հիմա կհանվեն: Ովքեր որ այսօր տարածում են այդ լուսանկարները, արդյո՞ք չեն տեսել, որ ամբողջ Գոշավանքն է խնդիրների մեջ թաղված: Միայն լամպերի հա՞րցն է մնացել:

 

Գոշավանքի տանիքն արդեն 7-8 տարի է վերանորոգում-վերանորոգում են, ու դեռ չեն վերջացրել: Այդ անձրևաջրերերը լցվում, տաճարն ամբողջությամբ ավիրում են՝ գավիթը, եկեղեցին վերից-վար փչացնում: Դրա մասին ո՞վ է խոսում:

 

Մշակույթի նախարարությունը անտարբեր է, այն իմաստով, որ մոտավորապես մեկ տարի է, ոչ մի աշխատանք չեն արել: Բերել տանիքը ինչ-որ կտորով ծածկել են, անձրևաջուրը թափվում է ներս:

 

Կողքը հսկայական փոս է, որտեղ ջրերը լցվում են, գնում դեպի տաճարիի հիմքերը: Սրա մասին է պետք խոսել: Գոշավանքի խնդիրն այդ լամպերը չեն:

 

Մարդիկ, ովքեր տեսնում են լամպերը, չե՞ն տեսնում  որ Գոշավանքում ջահ կա դրված, Սուրբ սեղան է դրված,հսկայական գեղեցիկ վարագույր, մկրտության ավազան  կա, որ տարիներով չեն եղել այդտեղ: Քայքայված է  Գոշավանքը: Սա է հիմնական խնդիրը»,-ասաց նա:

 

Տաթև Կոստանդյան

https://www.armdaily.am/

Be the first to comment on "Գոշավանքը քայքայվում է, խնդիրը լամպերը չեն. Տավուշի թեմի առաջնորդը մեկնաբանում է տարածված նկարները և ահազանգում"

Leave a comment

Your email address will not be published.


*