«Ընդդիմադիրներից շատերն էլ այսօր իրենց երեխայի ապագան Սերժ Սարգսյանին կվստահեն»

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` «Ելք»-ի խմորումների մասին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պայքարի ձեւը: Հիշեցնենք. վերջիններս արդեն մի քանի օր է՝ քայլերթով անցնում են Հայաստանի մի շարք բնակավայրերով: Քայլերթը կավարտվի ապրիլի 13-ին, Երեւանում, Ազատության հրապարակում, եւ կսկսվեն չորսօրյա շուրջօրյա հանրահավաքները` Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրությունը կանխելու համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովրդի հետ միասին գնալու են նաեւ Բաղրամյան պողոտա, շրջափակելու են ԱԺ շենքը: ՀՀԿ-ական պատգամավորն ասում է` նախկինում, երբ Սահմանադրությունը փոխված չէր, քաղաքական փոքրամասնությանն ու քաղաքացիական հասարակությանն այսքան լայն հնարավորություններ տրված չէին, ինչպես ներկայումս է, գուցե պայքարի նման ձեւը հասկանալի էր: Իսկ այժմ, ասում է, ընդդիմությունը հնարավորություն ունի կառուցողական կերպով ներկայացնելու իր ասելիքն ու պահանջը: «Այսպես` պահի տակ, մեկը մի բան ուզի, մյուսն` ուրիշ. անգամ իրենք միմյանց հետ ընդհանուր հայտարարի չգան, իրենց ցանկությունները, քայլերի քաղաքական նպատակահարմարությունները չհամապատասխանեցնեն, մի տեսակ հույս չի ներշնչում: Կարծում եմ՝ նաեւ հասարակության մեջ: Ի վերջո, նաեւ պետք է հասկանալ` քեզ այսօր տրված է բարձր հարթակ, ինչո՞ւ ես դա թողնում եւ գնում ցածր հարթակում ինչ-որ հարց ես ուզում բարձրացնել: Սա արդյոք նման չի՞ մի վիճակի, երբ այդ ասելիքն ընդամենը քաղաքական պայքարում քո քաղաքական թիմի գոյությունը ապահովելուն է միտված»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը` շարունակելով, որ, իր համոզմամբ, այսօր ընդդիմադիր դաշտում ավելի կառուցողական եւ լուրջ ընդդիմության խնդիր կա: Իշխանական պատգամավորը կարծում է, որ ընդդիմադիր դաշտի խաղացողները նախ՝ այդ հարցի շուրջ պետք է կոնսոլիդացվեն, նոր պահանջներ դնեն: «Այն պահանջը, որն իրենք հիմա են դնում, ես գնահատում եմ զուտ իրենց քաղաքական թիմի դիմագիծը պահելու խնդիր, ոչ թե ժողովրդի շահից բխող: Ժողովուրդն իրենց տվել է խորհրդարանում ձայն ունենալու իրավունքը, նաեւ պատասխանատվությունը»,- շարունակում է մեր զրուցակիցը` հավելելով, որ ընդդիմությունն այդ չափով կարող է լիուլի օգտագործել իր հնարավորությունները, իսկ վարչապետ նշանակելու, երկրի հետագա զարգացման, անվտանգության հարցերի պատասխանատվությունն ու իրավունքը անցած խորհրդարանական ընտրություններում հասարակությունը տվել է ՀՀԿ-ին, եւ ՀՀԿ-ի որոշումը չի բխելու «որոշ մարդկանց նեղ անձնային շահերից», ոչ էլ «մի ստվար զանգված կարող է ժողովրդի անունից եւ ժողովրդի շահից հանդես գալ»: ՀՀԿ-ական պատգամավորը հավաստիացնում է նաեւ, որ Սահմանադրությամբ բոլոր հնարավորություններն ամրագրված են, որ ժողովուրդը երկրի հետագա կառավարմանն իր գործուն մասնակցությունն ունենա. «Մնում է միայն, որ այդ մասնակցության ձեւը ճիշտ կազմակերպվի, եւ կազմակերպիչները ոչ թե փողոց դուրս գան, այլ ԱԺ ամբիոն բարձրանան: Այն, ինչ արվում է»: «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք չեն կիսում «Քաղաքացիական պայմանագրի» իրենց գործընկերների մոտեցումները, այդ պատճառով նրանց կողքին չեն: Հետաքրքրվեցինք` իշխող ուժի ներկայացուցչի կարծիքով՝ ինչքա՞ն կխորանան դաշինքում այս հակասությունները, դաշինքը կփլուզվի՞, ի՞նչ կտա այս ամենը քաղաքական դաշտին: «Իրենք ի սկզբանե էլ հայտարարել էին` թեեւ ներսում ունենք տարաձայնություններ, այնուհանդերձ, բոլորս իրար հետ ենք եւ իբրեւ դաշինք ենք հանդես գալիս, որ սա եւս ժողովրդավարության դրսեւորման ձեւ է: Համաձայն եմ: Բայց եթե կան երկրի համար կարեւորագույն որոշումներ, որոնք իրենց քաղաքական գծի ռազմավարությունը պետք է ցույց տան, կարծում եմ, որ իրենք ներսում պետք է ընդհանուր հայտարարի գան: Եթե դա այսօր չեն արել, ուրեմն կարո՞ղ ենք գնահատել, որ «Ելք»-ում կա առողջ կորիզ, որը փողոց դուրս գալու սպոնտան առաջարկներին, հարցերը փողոցում լուծելուն դեմ է: Մարդիկ քաղաքակիրթ պայքարի ձեւն են ընդունում, ինչն իր հոդվածում ասել էր Էդմոն Մարուքյանը»: Հիշեցինք` Էդմոն Մարուքյանը նաեւ նշել էր, որ իշխանությունը պետք է ընդդիմությանը զիջի Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, ՍԴ ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, ԲԴԽ 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը եւ այլն, եւ հետաքրքրվեցինք` պատրա՞ստ են զիջել իշխանության եւս մի մաս: «Ավելի լավ է կառուցողաբար ներկայացնել պահանջները, բայց հիմնավորել դրանք: Խորհրդարանական կառավարման համակարգում ընդդիմության ներկայացվածության համար բավական տեղեր հատկացված են խորհրդարանի ղեկավար մարմիններում, նոր հնարավորություններ կան` քննիչ հանձնաժողով եւ այլն: Եթե ավելի համախմբված եւ համակարգված իրացնեն իրենց տված հնարավորությունները, հանրության համար ավելի ընկալելի կլինեն: Ես չգիտեմ՝ արդյոք այսօր կա՞ն մարդիկ, ովքեր դեռ վստահում են փողոց դուրս գալու կոչերին, փողոց դուրս գալու փաստն ավելի կարեւորում են, քան խնդիրները խորհրդարանական հարթակում ավելի բարձրագոչ, բարձրաձայն եւ հիմնավոր ներկայացնելն է: Իսկ եթե ավելին են ցանկանում, պետք է հիմնավորված լինի այդ ցանկությունը: Այն, ինչ այժմ կա, ինչո՞վ չի բավարարում, չե՞ն կարողանում այդքանով իրացնել այն խնդիրները, ինչի համար մտահոգ են: Անընդհատ նոր պաշտոններ ուզելով չի, որ պետք է արդարացվի չարածը, եւ այնպես չէ, որ ընդդիմությունը պաշտոն ուզեց` անմիջապես պետք է տալ»: Դիտարկմանը` որ այլ ուժերի` ինստիտուցիոնալ ընդդիմություն լինելու տարիների փորձը ցույց է տալիս, որ այդպիսով հաջողություն չի արձանագրվում, ու ընդդիմադիրները ստիպված են փողոց դուրս գալիս, մեր զրուցակիցը հակադարձեց. «Փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունն իրականում ոչ թե ուզում է ինչ-որ բան արած լինել, այլ ուղղակի իշխանություն է ուզում, պաշտոններ է ուզում: Իմ տպավորությունը, համենայնդեպս, այդպիսին է. իրենք ոչ թե ժողովրդի համար են մտահոգ, այլ ինչ-որ տեղեր, քվոտաներ են ուզում` ձեւակերպելով, որ դա իբր ժողովրդի շահից է բխում: Բայց այս պահին, իմ կարծիքով, ժողովրդի շահը ԱԺ ամբիոնից խնդիրները բարձրացնելն է, խորհրդարանական բոլոր հնարավոր հարթակներում ներգրավվելն ու ակտիվ աշխատելը, ինչի հնարավորությունը խորհրդարանական համակարգը տալիս է: Մենք այս ընթացքում ունեցանք նաեւ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց հեղինակներն ընդդիմադիրներն են, եւ որոնք ընդունվեցին: Այսինքն՝ այնպես չէ, որ մենք չոր տարանջատում ենք` ընդդիմությանը չընդունել»: Դիտարկմանն էլ, որ կարեւորագույն հարցերում, միեւնույն է, ՀՀԿ-ի խոսքն է գերիշխողը, տիկին Մուրադյանը հակադարձեց` որովհետեւ պատասխանատվությունն էլ ՀՀԿ-ինն է, եւ հավաստիացրեց, որ իրենք որոշումները կայացնում են հօգուտ հանրության: Ասում է՝ այդ համատեքստում է, որ ընդդիմության որոշ նախաձեռնությունների հավանություն են տվել. «Կարեւոր չի, թե լավ գաղափարն ով է առաջարկել: Եթե դա բխում է ժողովրդի շահից, ուրեմն մենք դրան կողմ ենք: Սա է իշխանություն-ընդդիմություն առողջ համագործակցությունը»: Հիշեցրինք` Նիկոլ Փաշինյանն ասում է` ժողովրդի շահից չի բխում, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ, քանի որ արտագաղթը, սոցիալական լարվածությունն ու բեւեռացվածությունը մեծանում են: Ռուզաննա Մուրադյանն ասում է` չարչրկված այդ մոտեցումը չի ընդունում. «Ժողովուրդը տեսնում է ամեն ինչ, եւ չի կարելի այդպիսի մանիպուլյացիաներ անել: Ժողովրդի շահից են խոսում, բայց ժողովուրդն իր ձայնը տվել է ընդդիմությանը, որպեսզի խորհրդարանում իրենց տրված լծակները ճիշտ ձեւով օգտագործեն, ոչ թե դրանք կողքի դնեն` փողոցում նոր լծակներ փնտրեն: Ժողովուրդը հոգնել է այս ներկայացումներից: Իսկ ինչո՞ւ ոչ Սերժ Սարգսյանը: Այսօր ժողովուրդը գիտակցում է, որ ամենակարեւորն իր երկրի անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը եւ տնտեսական աճի դրված հիմքերն են: Այս ամենը չի կարելի ինչ-որ մարդկանց նեղ շահերին զոհել: Ընդդիմադիրներից շատերն էլ այսօր իրենց երեխայի ապագան Սերժ Սարգսյանին կվստահեն»: ՀՀԿ-ում, ի դեպ, վարչապետի թեկնածուի հարցը դեռ չեն հստակեցրել:

 

Be the first to comment on "«Ընդդիմադիրներից շատերն էլ այսօր իրենց երեխայի ապագան Սերժ Սարգսյանին կվստահեն»"

Leave a comment

Your email address will not be published.


*