Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով (տեսանյութ.լուսանկարներ)

 

 

Առաջարկ եղավ Երևան,Վան, Գյումրի, Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ:

 

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Արևմտյան Հայաստանի այցի ընթացքում այցելել է նաև Մուշ և Անի քաղաքներ:

 

Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված Համահայկական ամառային 7–րդ խաղերի ջահը հասցրել հայ ֆիդայապետին, ստացել նրա օրհնությունը ու ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Գևորգ Չաուշի գերեզմանը

Պատվիրակությանը ընդունել է Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան:

 

 

«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասել է նա։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է: Նա Մուշի քաղաքապետին է հանձնել Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը:

 

 

Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր են նետել Արածանի գետ՝ հարգանքի տուրք մատուցելով Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:

 

 

Անին՝ Հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց  և սիրով է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։

 

 

Հայոց Բագրատունիների հինավուրց մայրաքաղաքն` իր հզոր պարիսպներով, փառավոր անցյալով, նոր շունչ ու հոգի տվեց պատվիրակության անդամներին, որոնք  մեր հպարտության  և հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտ պետք է հասցնեն համահայկական խաղերի ջահը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանի խոսքով`նաև սպորտի միջոցով համախմբվում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:

 

 

 

Հայկական հինավուրց Կարսի ամրոցից ներքև հին հայկական թաղամաս կա, որից աննկարագրելի հայկականություն է հորդում:

 

 

 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանն ընդունեցին Կարսի քաղաքապետները:

 

Կարս

Իշխան Զաքարյանն առաջարկեց Երևան, Վան, Գյումրի, Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունեցին առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձան նաև մշակութային կապերին:

 

 

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով (տեսանյութ.լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*