Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս

 

 

«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են»:

 

 

Այս մասին Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ընդգծելով, որ ինքը վստահ է, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի:

 

 

 

Նա պատմեց, որ ինքն Արցախում եղել է ամենածանր տարիներին, երբ հրետակոծվում էր Ստեփանակերտը․

 

«Պատերազմից հետո ամեն անգա Ստեփանակերտ գալով նկատելի է դառնում, որ քաղաքը տարեցտարի գեղեցկանում է, ինչպես նաև տարբեր ոլորտներում տեսանելի է դառնում առաջընթացը: Մենք ականատեսն ենք եղել այն ամբողջ տառապանքին, որի միջով՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով անցել է Արցախի ժողովուրդը»:

 

 

Խոսելով այցի նպատակի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ իրենք Արցախում են երկու նպատակով. առաջինը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության և երկրորդ՝ նրանց աջակցության վերաբերյալ հարցերով:

 

 

«Շահերի պաշտպանության շրջանակներում մենք նպատակ ունենք իրազեկելու համայն աշխարհին, թե ինչ է կատարվում Արցախում, և ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, մանավանդ, դպրոցներում՝ հայատյացության տարածման առումով: Քաղաքացիների աջակցության շրջանակներում մենք պատիվ ենք ունեցել լինել Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնում:

 

Մենք շատ գոհ ենք կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի կողմից իրականացվող աշխատանքներից: Նա վերափոխել է հին կառույցը և դարձրել այն միջազգայնորեն ճանաչված վերականգնողական կենտրոն, որտեղ կարողանում են բուժում ստանալ հաշմանդամները»,- ասել է Քերոլայն Քոքսը:

 

 

Նրա խոսքով՝ հանդիպմանն ԱՀ նախագահն իրենց կազմին տեղեկացրել է, որ Արցախում օրեր առաջ անց է կացվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ Բարոնուհու՝ այն լավ հնարավորություն է, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդիկ կարողանան այցելել Արցախ և անձամբ ծանոթանալ երկրին:

https://operativ.am/

Be the first to comment on "Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս"

Leave a comment

Your email address will not be published.


*