Միհրան Հարությունյան. Երեւանում կայանալիք մենամարտս ինձ համար շատ կարեւոր է

 

 

Երեւանում կանցկացնեմ MMA-ի մենամարտ, որը մեծ անակնկալ շոու կլինի խառը մենամարտերի սիրահարների համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը:

 

 

Հուլիսի 6-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Mix Fight 42 մրցաշար, որին կմասնակցի նաեւ Միհրան Հարությունյանը: Օլիմպիական փոխչեմպիոնի 3-րդ մրցակիցը խառը մենամարտերում կլինի «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):

 

 

«Ինձ համար սա շատ կարեւոր մենամարտ է: Պայքարելու եմ գոտու համար: Սա իսկական նվեր կլինի խառը մենամարտերի հայ երկրպագուների համար:

 

 

 

Ինձ համար էլ շատ կարեւոր է հայ երկրպագուների առջեւ հանդես գալը: Երեւանյան մենամարտից հետո կմեկնեմ Արցախ, որտեղ բացվելու են իմ առաջին 3 մարզադահլիճները: Վստահ եմ, որ երեւանյան իմ մենամարտից հետո մարզադահլիճները պատրաստ կլինեն եւ ես անձամբ կկազմակերպեմ դահլիճների բացումը, այնտեղ կմարզվեմ եւ կմարզեմ երեխաներին:

 

 

Ի դեպ՝ երեք դպրոցներից երկուսը մասնագիտացած կլինեն ըմբշամարտով, իսկ մեկը կունենա ինչպես ըմբշամարտի, այնպես էլ խառը մենամարտերի համար նախատեսված խմբակներ: Սա դեռ սկիզբն է: Ես նպատակ ունեմ ավելի շատ մարզադահլիճներ բացել Հայաստանում, մասնավորապես սահմանային համայնքներում:

 

 

Մինչեւ այս 3 դահլիճների բացումը մեծ աշխատանքներ են կատարվել: Ցանկանում եմ այս ոգով շարունակել: Արդեն ունենք մարզիչներ, որոնք ապրում են հենց սահմանային գյուղերում: Այս ակումբներում մարզվող երեխաների համար նաեւ կլինեն հատուկ համազգեստներ, բոլոր պայմանները մարզվելու, իրենց սիրած սպորտով զբաղվելու համար: Ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանք ոգեւորվեն, մոտիվացվեն եւ սիրով հաճախեն մարզումներին:

 

 

Երեւանում կայանալիք մենամարտից հետո ցանկանում եմ լիարժեք կենտրոնանալ ըմբշամարտի վրա: Ըմբշամարտում նպատակներս ու ցանկություններս ուժի մեջ են, եւ ես ոչինչ չեմ խնայի իմ նպատակին հասնելու համար եւ նվաճելու այն, ինչ պատկանում է ինձ ու իմ երկրին»,- ասել է Միհրան Հարությունյանը:

 

 

 

Այս օրերին Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոնն արդեն Հայաստանում է եւ նախապատրաստվում է երեւանյան մենամարտին: Դեկտեմբերի 14-ին Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր):

 

 

Ռուսաստանի Սամարա քաղաքում կայացած «Битва на Волге» մրցաշարում նա առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր նախորդ տարվա մայիսին՝ Ռոստովում տեղի ունեցած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

 

https://sport.news.am/arm

Be the first to comment on "Միհրան Հարությունյան. Երեւանում կայանալիք մենամարտս ինձ համար շատ կարեւոր է"

Leave a comment

Your email address will not be published.


*