Վանաձորի մանկատանը բացվեց փայտամշակման արհեստանոց. ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանը (լուսանկարներ)

 

 

 

Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության ջանքերով Վանաձորի մանկատանն այսօր բացվեց փայտամշակման արհեստանոց՝  ժամանակակից տեխնիկասարքավորումներով:

 

 

Բացման պատիվը տրված էր Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

 

Դեսպանին ու Գերմանիայի Դաշնությունից այցելած հյուրերին մանկատան սաները դիմավորեցին գերմաներեն ողջույնի խոսքով:

 

Փայտամշակման արհեստանոցը մանկատան սաներին թույլ կտա արհեստ սովորել, իսկ մանկատնից դուրս գալուց հետո՝ գտնել նաեւ համապատասխան աշխատանք:

 

 

Իր խոսքում դեսպանը նշեց, որ ամեն անգամ որեւէ ծրագիր իրականացնելու ժամանակ ինքը մեծ ուրախություն է ապրում: Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ նշելով, որ կատարվածը դրական ազդեցություն է թողնում Հայաստանի զարգացման վրա, թեպետ այդ ուղղությամբ դեռ անելիքներ շատ կան:

 

 

 

Դեռ 2011թ-ին Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Վանաձորի մանկատանը շահագործման էր հանձնվել կար ու ձեւի արհեստանոցը: Որոշ ժամանակ անց էլ բացվեց ավտոգործի արհեստանոցը, տեղադրվեցին արեւային էներգիայի ջրատաքացուցիչներ: Մասնակի աջակցություն եղավ նաեւ խոհանոցի նորոգման հարցում:

 

 

Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նման արհեստանոցների բացումը արդյունավետ է, ինչի շնորհիվ լուծվում է ոչ միայն սաների ժամացի, այլ նաեւ մասնագիտական կողմնորոշման հարցը:

 

 

Տնօրենի խոսքով՝ Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» բարեգործական կազմակերպության ջանքերով առաջիկայում կփոխվի նաեւ ջրամատակարարման համակարգը:

 

 

Մանկատան տղաների խոսքով՝ իրենք հենց վաղվանից անցնելու են փայտամշակման հետ աշխատելու հմտություններ ձեռք բերելուն:

http://www.armtimes.com/

Be the first to comment on "Վանաձորի մանկատանը բացվեց փայտամշակման արհեստանոց. ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*