Հայկ Մարությանի պապի հետաքրքիր պատմությունը. Աստվածաշունչն է փրկել նրան

 

 

ԵՐԵՎԱՆ, 9 մայիս — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պապիկը ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Անմահ գունդ» ակցիային մասնակցող Մարությանը, որը ձեռքում պահել էր պապի` Գարեգին Քրքրյանի լուսանկարը։

«Պապիկս 1941–ին մեկնել է պատերազմ ու մինչև 1945 թվականը կռվել է, մասնակցել արևմտյան ճակատի բոլոր գործողություններին։ Ցավոք, ես նրան չեմ տեսել, քանի որ 1968–ին նա մահացել է, իսկ ես 1976–ին եմ ծնվել»,– ասաց քաղաքապետը։

 

Նա հետաքրքիր մի պատմություն պատմեց իր պապիկի մասին. պատերազմի տարիներին նրա մոտ Աստվածաշունչ է եղել, և երբ ուժեղ պայթյուն է որոտացել, գիրքն «իր վրա» է վերցրել հարվածը` փրկելով պապի կյանքը։ Ականի բեկորներն ամբողջությամբ քրքրել են գիրքը։ Մարությանի պապիկը, երբ վերադարձել է պատերազմից, որոշել է հոգևորականի ճանապարհն ընտրել ու դարձել է Դոնի Ռոստովի եկեղեցական առաջնորդը։

Մարությանը հայտնեց նաև, որ իր պապը շատ մտերիմ է եղել Վազգեն Առաջին Վեհափառի հետ։

Երևանում ընթացող «Անմահ գնդի» երթն այս տարի ավելի մարդաշատ է, քանի երբևէ։ Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից. մարդիկ Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև արցախյան պատերազմի մասնակիցների դիմանկարները բռնած քայլում են Երևանի գլխավոր փողոցներով։ Երթին մասնակցում են բազմաթիվ երևանցիներ, մարզերի բնակիչներ, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Երթին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն իր ձեռքում պահել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի (Ամիր) դիմանկարը։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Հայկ Մարությանի պապի հետաքրքիր պատմությունը. Աստվածաշունչն է փրկել նրան"

Leave a comment

Your email address will not be published.


*