Թող մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր հայրենիք կերտելու գործում. Նիկոլ Փաշինյան

 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛  հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, տոն, որը խորհրդանշում է  Հայրենական մեծ պատերազմի ավարտը և  մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթե ոչ սխրագործությունների, քաջագործությունների, անվեհեր հերոսությունների անվերջանալի շղթա՝ զուգակցված մարդկային ուղեղը մթագնեցնող սոսկալի հանցագործություններով, մարդկային կյանքի անդառնալի կորուստներով և մարդկային կյանքը խեղաթյուրող ողբերգություններով:

 

Հայ ժողովրդի համար  Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց կրկին գոյի, արդարության, չարի ու բարու միջև մղվող պայքար էր: Կրելով հսկայական կորուստներ՝ մենք տվեցինք նաև քաջ հերոսներ, անհամար խիզախ զինվորներ ու սպաներ, ովքեր պատերազմի բոլոր ճակատներում պայքարում էին ոչ միայն հանուն սեփական հայրենիքի, այլև հանուն մարդկային քաղաքակրթության պահպանման:

Պատմական զուգադիպությամբ մենք մայիսի 9-ին տոնում ենք նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ իրադարձություն: Արցախահայության օրրանի՝ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է, որով ի ցույց է դրվում հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, ազատամարտիկներին, բոլորիս՝ այսքան նշանակալից և հաղթական տոնի առթիվ: Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների և հերոսների հիշատակի առաջ:

Թո՛ղ մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր, մեր պապերի և մեր երեխաների երազանքների հայրենիքը կերտելու գործում»:

 

https://armenpress.am/

Be the first to comment on "Թող մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր հայրենիք կերտելու գործում. Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*