Պատերազմն ու մալարիան անզոր էին, երբ կար հավատը հաղթանակի հանդեպ. վետերան Վարդգես Ասատրյանը տոնել է ծննդյան 95-ամյակը

 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական պատերազմը, որը շրջադարձային է եղել մարդկության պատմության մեջ` փոխելով դրա ընթացքը, անջնջելի հետք է թողել հատկապես պատերազմի մասնակիցների կյանքում: Նրանք ամեն տարի՝ մայիսի 9-ին, վերապրում են այն հույզերը, որոնք ունեցել են 1940-ականներին:

Պատերազմի թոհուբոհով անցել և հայրենիք է վերադարձել Վարդգես Մկրտիչի Ասատրյանը, որի 95-ամյակը լրացավ այս տարվա մայիսի 8-ին:

Մարտունու Մոլալու գյուղի բնակիչ Վարդգեսը ծառայում էր Դիլիջանում և ընդամենը 18 տարեկան էր, երբ իմացավ, որ պետք է մասնակցի Հայրենական պատերազմին:

 

«Ծառայել եմ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում: Մեզ այնտեղ տարան Դիլիջանից: 18 հայ տղա էինք: Չէին ցանկանում, որ հայ տղաները մեկ վայրում մնան, և փորձում էին մեզ առանձնացնել, բայց մենք կարողացանք միասին մտնել ֆրոնտ (ռազմաճակատ): Մարտ ամիսն էր. սարսափելի  ցեխ էր: Ուկրաինայի հողը սևահող է, ձյունն էլ շատ էր: Գարունը, որ բացվում է, մինչև ծնկներդ ցեխ ես լինում: Շինելները կտրել էինք, որ կարողանանք շարժվել»,-«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում պատմեց Վարդգես Ասատրյանը:

 

 

Նա մտաբերեց, որ մի անգամ կապիտանը հրամայել է պառկել և դիրքեր փորել:  «Գետինը ցեխ էր, ես գլուխս դրեցի ձեռքիս, որ այն չցեխոտվի: Թեքվեցի կողքի ու իմ կարճապոչ բահով սկսեցի փորել: Գերմանացիներն այդ ժամանակ բավականին մոտ էին մեզ ու կրակում էին: Հենց ձեռքս մի փոքր բարձրացրի, գնդակը դիպավ, և ես վիրավորվեցի: Գնդակը մի կողմից ձեռքս մտավ, մյուսից դուրս եկավ: Վառվող գնդակ էր: Ասես ծանր փայտով հարվածեին ինձ: Երբ ընկերներս տեսան, որ ես վիրավորվեցի, հավաքվեցին շուրջս: Ռուս հրամանատարը հայհոյում էր  ու հրամայում  մեր տեղերը զբաղեցնել, հակառակ դեպքում մեկ գնդակով կարող էին բոլորիս սպանել:

 

 

Շատ ակտիվ, ասող-խոսող տղա էի, և դա էր պատճառը, որ ինձ համակրում էին: Անգամ լաց էին լինում, երբ վիրավորվեցի: Մեզ հետ էր նաև համագյուղացիս, որը, ավաղ, չվերադարձավ (Վարդգես Ասատրյանը չկարողացավ զսպել արցունքները-հեղ.): Դա 1944 թվականի մարտն էր»,- հիշողությունները մեզ հետ կիսեց վետերանը:

Նրա խոսքով` վիրավորվելուց հետո իրեն տարել են մի ռմբակոծված դպրոց, որտեղ ո՛չ դուռ կար, ո՛չ պատուհան: Այն ամանները, որոնցով վիրավորները ճաշել են, պատրաստված են եղել պահածոների տարաներից:

 

 

«15 օրում վերքս լավացավ, դուրս գրեցին, ու ես կրկին վերադարձա ֆրոնտ: Երբ համալրում էինք մարտում զոհվածների տեղերը, Սևանից մի լավ տղա`Արշավիր Խաչատրյանը, ինձ խորհուրդ տվեց ասել, որ ես ոչ թե պիխոտ եմ (հետևակ), այլ՝ արտիլերիստ (հրետանավոր):  Երբևէ չէի տեսել այդ զինատեսակը, ինչպե՞ս ստեի, բայց արեցի: Հարցրեցին, թե ո՛վ է արտիլերիստ, ես անհամարձակ ձեռքս բարձրացրի, ու ինձ տարան պատերզամի դաշտ: Դնեստր գետի ափին էինք: Գետի  մյուս կողմում Մոլդովան է, Բուլղարիան, Ռումինիան, Չեխոսլովակիան: Հենց այդ ժամանակ իմացանք, որ մեր ազգային հերոս Բաղրամյանը, որը գլխավոր շտաբի պետն էր, Ժուկովի հետ վերցրեց Բեռլինը:

 

Դնեստրի ափին եղեգները շատ էին, մոծակները նույնպես: Բոլորս մալարիայով հիվանդացանք ու դողում էինք:

Բեռլինի գրավումից հետո հակառակորդի զորքերն ուղղվեցին երկրորդ ու երրորդ ուկրաինական ֆրոնտերի վրա: Պայքարը թեժ էր: Այդ ժամանակ «կատյուշաները» նոր էին: Դրա արկերը ցերեկով, թե գիշերով տեսում ես և թվում է թե օդում վառվող աղավնիներ են թռչում:  Կատյուշայի արկերն այնքան հզոր են, որ դրանց հարվածից մեկ-երկու ժամ անց հողից դեռ ծուխ է դուրս գալիս: Կարծում եմ՝ «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը մեծ դերակատարություն ունեցավ մեր հաղթանակում:

 

Այդ մարտերում 75 արկ եմ կրակել:

Մենք ազատագրեցինք Ուկրաինան, անցանք Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հարավսլավիա, Հունգարիա: Հենց Հունգարիայում ինձ առաջարկեցին համալրել Կոմունիստական կուսակցության շարքերը, և ես համաձայնվեցի»,-պատմում է Վարդգես Ասատրյանը:

 

 

Նա խոստովանեց, որ, ի տարբերություն գերմանացիների, Խորհրդային բանակի զինվորներն այնքան էլ լավ պայմաններում չէին կռվում, բայց հավատում էին հաղթանակին:

Վարդգես Ասատրյանի հայրը` Մկրտիչ Ասատրյանը նույնպես մասնակցել է Հայրենական պատերազմին: Նա 1941 թվականին մեկնել է պատերազմ, վեց ամիս հետո վիրավորվել է և գերի ընկել: Ամուսնացել է գերմանուհու հետ ու հաստատվել ԱՄՆ-ում: Մկրտիչ Ասատրյանը 1959-ին առաջին, իսկ 1961-ին երկրորդ անգամ եկել է Հայաստան` տեսնելու իր ընտանիքը: Վարդգես Ասատրյանն ասաց, որ, չնայած հեռավորությանը, հայրն իրենց մշտապես աջակցել է թե՛ հոգեպես, թե՛ նյութապես:

 

Վարդգես Ասատրյանն ունի հինգ դուստր, երկու որդի, բազմաթիվ թոռներ ու ծոռներ: Վետերանը, որի կուրծքը զարդարում են արիության և քաջության համար ստացած բազմաթիվ շքանշաններ, բոլոր երիտասարդներին մաղթում է գնահատել այն, ինչ ունեն և առաջ նայել առանց վարանելու:

 

 

https://armenpress.am/

Be the first to comment on "Պատերազմն ու մալարիան անզոր էին, երբ կար հավատը հաղթանակի հանդեպ. վետերան Վարդգես Ասատրյանը տոնել է ծննդյան 95-ամյակը"

Leave a comment

Your email address will not be published.


*