Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 2 զոհ, 9 վիրավոր. մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է

 

 

 

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ընկերության աշխատակիցները:

 

 

 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1 ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

 

 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Հ. Գալստյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանկյանի գլխավորությամբ:

 

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզայյին քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ:

 

 

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ 2 հոգի մահացել են: Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը: Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:

 

 

Դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանը:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://shamshyan.com/

Be the first to comment on "Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 2 զոհ, 9 վիրավոր. մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է"

Leave a comment

Your email address will not be published.


*