Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ վետերաններին

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների:

 

 

 

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է:

 

 

«Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող կառուցվել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նշելով մեր ժողովրդի անուրանալի ներդրումը՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հարյուր հազարավոր հայեր են մեկնել ճակատ՝ պաշտպանելու ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև իրենց հայրենիքը՝ Հայաստանը: 

 

 

«Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր տվեց, բայց և տվեց բազում հերոսներ,-ասել է նախագահ Սարգսյանը:— Այդ ճակատը մեզ՝ հայերիս համար ոչ միայն հայաստանյան էր, այլև համազգային, որովհետև այն տարիներին մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը, անհանգստացած լինելով հայրենիքի ապագայով, իրենց ներդրումն էին բերում տարբեր երկրներում:

Այսինքն մենք, լինելով փոքրիկ հանրապետություն Խորհրդային Միության կազմում, հսկայական ներդրում ունեինք

 

պատերազմում հաղթանակի մեջ և՛ որպես Խորհրդային Հայաստան, և՛ որպես ազգ՝ կրկին ապացուցելով, որ գուցե և փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ ենք:

 

 

Նույն զգացումը, վերաբերմունքը մենք ունեցանք Արցախյան պատերազմի ժամանակ, երբ կրկին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, հայ ազգը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցներին ու նրանց արդար պահանջը: Նույն ձևով, ընդամենը մի քանի տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրկին բոլորս միասին էինք»:

Be the first to comment on "Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ վետերաններին"

Leave a comment

Your email address will not be published.


*