Քառօրյայի տղաները՝ մերօրյա լեգենդներ. պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի և նրա մարտիկ ընկերների հիշատակը նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի և նրա զինակից ընկերների սխրանքների մասին երգով ու բանաստեղծություններով ևս  մեկ անգամ հիշեցին Սլոյանի հարազատ դպրոցի աշակերտները՝ մայիսի 8-ին կայացած դպրոցական միջոցառմանը:

 

 

«Արմենպրես»ի հաղորդմամբ` ապրիլյանի հերոսներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ վարչապետի  աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչները:

 

 

«Մենք ունեցել ենք և ունենք հերոսներ, որոնք ընկել են մարտում,  և որոնք ապրում են: Փառք ու պատիվ  նրանց ծնողներին, ուսուցիչներին, որ  նման հերոսների են դաստիարակել»,-նշեց կենտրոնի ծառայության պետ Ավագ Հակոբյանը:

 

 

Նա  կենտրոնի անունից  Քյարամ Սլոյանի անվան կրթաթոշակ շնորհեց Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Դավիթ Աղամալյանին, որը ստացավ իր առաջին կրթաթոշակն ու ասաց, որ այն չի ծախսելու. ուզում է հավաքել:

 

 

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ապրիլի 27-ին  Քյարամ Սլոյանի ծննդյան տարեդարձն էր, ու աշակերտները այդ կապակցությամբ գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել` նվիրված ոչ միայն Քյարամին, այլև  հենակետ 116-ի հերոս տղաներ Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին և Անդրանիկ Զոհրաբյանին:

 

 

Տնօրենը նշեց, որ ապրիլի 27-ին գյուղում բացվել է տղաներին նվիրված հուշաքար: Համայնքի ղեկավարի որոշմամբ էլ այն թաղամասը, որտեղ ապրել էր Քյարամը, անվանակոչվել է  նրա անունով:

 

 

Ռազմահայրենասիրական երգերի հուզիչ կատարումներով հարուստ միջոցառումը ունկնդրելուց հետո Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդգծեց, որ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ տղաները դարձան մերօրյա լեգենդներ: «Եթե այլ ազգերն այդպիսի կերպարներ են հորինում գրքերում, ֆիլմերում, ապա մենք  ունենք նման հերոսներ:

 

 

Ոչինչ չի կարող փոխհատուցել այն գինը, որը տղաները վճարել են հանուն հայրենիքի. նրանք  տվել են ամենաթանկը` իրենց կյանքը: Մենք բոլորս պարտավոր ենք նրանց սխրանքին արժանի երկիր ունենալ»,-շեշտեց մարզպետը:

 

 

Դպրոցում կազմակերպված միջոցառումներից հետո հյուրերը, որոնց թվում էին նաև  ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի  բաժնի պետ Վարդան Ասատրյանը, Ազգային փոքրամասնությունների  և կրոնի բաժնի  գլխավոր մասնագետ Նարինե Գուլյանը, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, քառօրյա պատերազմի մասնակից հերոսներ Արշակ Առաքելյանը, Մհեր Մանասյանը և այլք ծաղիկներ խոնարհեցին քառօրյայի հերոսներ Արմենակ Ուրֆանյանին, Անդրանիկ Զոհրաբյանին, Ռոբերտ Աբաջյանին և Քյարամ Սլոյանին նվիրված հուշաքարին:

 

 

«Ամեն տարի  ապրիլին վերապրում եմ այն հույզերը, որոնք ունեցել եմ երեք տարի առաջ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էինք զգում, երբ փոքրաթիվ զինվորներով մարտնչում էինք  մեծաքանակ թշնամու դեմ: Տեղին է ասված, որ քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Հենց այդ օրերին մենք ապացուցեցինք, որ քիչ ենք, բայց կարող ենք պահել մեր հայրենիքն ու սահմանները»,-ասաց Արշակ Առաքելյանը և խոստովանեց, որ կռվելիս մտածել է մոր մասին և պաշտպանելով հայրենիքը` պաշտպանել են մայրերին:

 

 

«Ուզում եմ` այսօր ծառայող զինվորները ապրիլյան պատերազմի դասը գերազանցությամբ սովորեն ու չընկճվեն, հարկ եղած դեպքում անեն այն, ինչ արել են մեր հերոսները»,-եզրափակեց հերոսը:

 

 

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականին Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Դպրոցականների խոսքով`  նա համեստ էր ու հարգանքով էր վերաբերվում ուսուցիչներին, իր ընկերներին, իսկ բանակը նրա մեղմ բնավորությանն ավելացրեց ինքնավստահություն, ընկերներին ու հայրենիքին նվիրվելու մեծ պատասխանատվություն:

 

 

Սլոյանը Թալիշի առաջապահ դիրքերում էր: Նա Արմենակ Ուրֆանյանի ջոկատում էր: 2016 թվականի ապրիլի մեկին ադրբեջանական կողմը նենգաբար խախտեց  զինադադարը` առանց պատերազմ հայտարարելու հարձակվելով Արցախի սահմանը հսկող դիրքերի վրա: Արմենակ Ուրֆանյանն ու իր ջոկատի հերոս տղաները իրենց հենակետից մի քանի անգամ հետ մղեցին թվով ու զինտեխնիկայով իրենց գերազանցող թշնամու գրոհները: Զինվորները պատմում են, որ օրհասական պահին, երբ Արմենակ Ուրֆանյանը վերջին նռնակով առաջացավ  թշնամու վրա, նրա կողքին խիզախորեն  կռվում էր  Քյարամ Սլոյանը, որը հրամանատարի նահանջի հրամանին պատասխանեց, որ նրան մենակ չի թողնի: Զոհվեցին երկուսն էլ ու ընկան հերոսի մահով:

 

 

Քսանամյակը չբոլորած Քյարամ Սլոյանը պետության կողմից հետմահու պարգևատրվեց արիության մեդալով:

 

https://armenpress.am/arm/

Be the first to comment on "Քառօրյայի տղաները՝ մերօրյա լեգենդներ. պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի և նրա մարտիկ ընկերների հիշատակը նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*