ԱԺ պատգամավորները հյուրընկալեցին Հայրենական պատերազմի վետերաններին

 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մայիսյան եռատոնի առիթով խորհրդարանում հանդիպեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, քննարկեցին որոշ հարցեր:

«Հայրենիքը ձեզ նման մարդկանցով է պինդ եղել: Մենք մշտապես ձեզանից սովորելու և լսելու բաներ ունենք: Իմ սերնդի, ԱԺ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում այդ բոլոր շքանշանների ու տարիների համար, որոնք տվել եք հայրենիքին: Գլուխ եմ խոնարհում Ձեր արարքների ու արածների առջև»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու շնորհավորեց մայիսյան տոների առթիվ:

Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը բազմաթիվ վետերանների անունից շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: «Շատերս առաջին անգամ ենք այս շենքում: Ուրախ ենք, որ այստեղից լսում ենք մեր ժողովրդի կյանքն ավելի լավացնող որոշումներ: Մեր խորին շնորհակալությունը մեր Ազգային ժողովին ու կառավարությանը՝ մեզ այսպես ուշադրություն դարձնելու համար»,-ասաց նա ու նշեց, որ Հայաստանի բոլոր վետերաններն այսօր կառավարության հետ են և պատրաստ են շարունակելու իրենց ռազմահայրենասիրական աշխատանքները մատաղ սերնդի դաստիարակության գործում:

 

 

Վետերաններից մեկն առաջարկեց, որ վետերանների անունից ներկայացուցիչ լինի ԱԺ-ում, որ կարողանա իրենց շահերը պաշտպանել: Ալեն Սիմոնյանը նշեց, որ պատրաստ է այդ հնարավորությունը քննարկել ԱԺ ղեկավարության հետ:

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ վետերանների միավորման նախագահի հետ ամենօրյա սկզբունքով պատրաստ է աշխատել, տուն առ տուն այցելելու են բոլոր վետերաններին:

Հանդիպմանը ներկա էին նաև մի խումբ այլ պատգամավորներ:

 

Մայիսի 9-ը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է: 

 

 

https://armenpress.am/

Be the first to comment on "ԱԺ պատգամավորները հյուրընկալեցին Հայրենական պատերազմի վետերաններին"

Leave a comment

Your email address will not be published.


*