Մի պահ զանգը գնաց, շտապ անջատեցի, մտածեցի՝ հանկարծ երեխաս չբռնվի. Քառօրյայում զոհված Կարեն Ներսիսյանի մայր (ֆոտո)

 

 

 

Կոտայքի մարզի Բջնի գյուղում նշվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Կարեն Ներսիսյանի ծննդյան 22-ամյակն ու մահվան տարելիցը:

 

 

Կարենի աճյունն ամփոփված է գյուղի կենտրոնում գտնվող Արցախյան եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում զոհվածների համար կանգնեցված պանթեոնում, որտեղ հերոսի հայրը որդու եւ ընկերների հիշատակին խաչքար էր կանգնեցրել: Բջնիի  միջնակարգ  դպրոցում միջոցառում տեղի ունեցավ՝ նվիրված հերոսի հիշատակին, որը շարունակվեց  հուշաքարի մոտ:

 

 

«Ես այսօր եւ միշտ Կարենի ներկայությունն եմ զգում. մենք մեծ միջոցառում արեցինք ու նշեցինք տղայիս 22-ամյակը, ինձ թվում էր՝ նա ներկա է: Կարենս միայն ֆիզիկապես չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ներսիսյանի մայրը՝ Գայանե Ներսիսյանը:

 

 

«Ամեն օր նույն ցավն է, նույն ապրումները: Ոչինչ մեզ մոտ չի փոխվել: Վերջին անգամ Կարենիս հետ խոսել եմ ապրիլի մեկին: Պիտի պոստ գնար, բայց այդ անգամ չէր ուզում պոստ բարձրանալ: Ապրիլի 8-ին իր ծննդյան օրն էր, պիտի արձակուրդ գար, բայց ասաց, որ պոստ են բարձրանում, դժվար թե գա: Պոստեր բարձրանալուց հետո վերջին անգամ երեկոյան խոսեցի հետը, ասաց՝ մամա ջան բարձրացել եմ, տեղավորվել պառկում եմ հանգստանամ ու վերջ»,-պատմեց Կարենի մայրը՝ շարունակելով, որ տղայի ձայնն այլեւս չի լսել:

 

 

 

Որդու զոհվելու մասին իմացել է ապրիլի 10-ին՝ չնայած, որ ամբողջ գյուղն արդեն գիտեր, ապրիլի 3-ից համացանցում զոհվածների ցանկում տղայի անունն էլ կար.

 

 

 

«Ամուսինս ապրիլի 4–ին  գնացել էր Ջաբրաիլ եկել, չգիտեմ, իմացել է, թե չի իմացել, բայց ես վստահ էի, որ իրեն բան չի եղել: Ես մինչեւ վերջ մտածել եմ, որ կապ չկա, թաքնված է, ռիսկ չի անում դուրս գա, բայց ոչ էն, որ ինքը կարող է չլինի: Զանգեցի մի պահ զանգը գնաց, ես շտապ անջատեցի, մտածեցի, հանկարծ երեխաս չբռնվի: 10 օր շարունակ ես չեմ իմացել, որ ինքը չկա: Ես մտածում եմ, որ ինքը բանակում է, չաստում է, պոստում է, որ կզանգի, որ կգա, ես սպասում եմ միշտ: Երեւի դա է, որ մենք դեռ ապրում ենք»:

 

 

 

Կարենի մայրը պատմեց, որ տղան երբեք չի խուսափել ծառայությունից, երբեք չի տրտնջացել: Մոր պատմելով՝ Կարենը բծախնդիր էր ու ինը ամիս շարունակ ամեն օր զարմացել են, թե ինչպես է տղան հարմարվել ծառայությանը. «Ես այսօր եւ միշտ Կարենի ներկայությունն եմ զգում: Մենք մեծ միջոցառում արեցինք ու նշեցինք տղայիս 22-ամյակը: Ինձ թվում էր, որ նա ներկա է, Կարենս միայն ֆիզիկապես չկա:

 

Մենք ամեն օր խոսում ենք նրա մասին, նրա հիշողություններով ապրում ենք: Մի փոքր սփոփվում ենք, որ հիշում են, միջոցառումներ են անուն, գրում մեր տղաների մասին: Ինչքան հայ ազգը հիշի, այնքան մեր երեխաները կան, բայց դա ընդամենը մի փոքր սփոփանք է. այն դատարկությունը, որ թողել է Կարենը, ոչինչ եւ ոչ ոք չի կարող լցնել»,-ասում է տիկին Գայանեն:

 

 

Հիշեցնենք, որ Կարեն Ներսիսյանը ծնվել եւ մեծացել էր Բջնի գյուղում, հաճախել տեղի միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնկական բաժնի առաջին կուրս, սակայն նույն տարվա ամռանը 18 տարին լրանալուն պես մեկնել ծառայության:

 

 

Կարենը ծառայության էր անցել Արցախի Ջաբրաիլի զորամասում: Մի քանի ամիս ծառայելուց հետո Հադրութում անցել է սերժանտական կուրսեր եւ սերժանտի կոչումով հետ եկել իր զորամաս:

 

 

Ինը ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը: Ապրիլի 1-ին դիրք էր բարձրացել:Կարենը Ադամ Սահակյանի մոտ ընկերն էր, միասին սովորում էին, միասին էլ մեկնել էին ծառայության:Ադամը դիրքի ավագ էր, Կարենը` նրա օգնականը: Հրամանատարները ասել էին, որ Ադամին հաջողվել էր կապ հաստատել իրենց հետ: Նա ասել էր, որ բոլորը զոհվել են, ինքն է մնացել: Հետո ինքն էլ է զոհվել: Ամբողջ ջոկը` 8 հոգի զոհվել են:

 

 

 

Կարենը երազանքներ շատ ուներ, ուզում էր ծրագրավորող  դառնալ: Երազում էր փոքրիկ խանութ ունենար ու զբաղվեր հեռախոսների, տեխնիկայի վերանորոգմամբ: Կարենն իրենից փոքր մեկ եղբայր ունի:

 

 

 

Կարեն Ներսիսյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից` «Արիության» մեդալով, նաեւ ՀՀ նախագահի կողմից: Ունի բազմաթիվ այլ մեդալներ ու պատվոգրեր:

 

 

 

 

https://news.am/arm/news/

Be the first to comment on "Մի պահ զանգը գնաց, շտապ անջատեցի, մտածեցի՝ հանկարծ երեխաս չբռնվի. Քառօրյայում զոհված Կարեն Ներսիսյանի մայր (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*