Այսօր հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակի օրն է

 

 

Հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվականի ապրիլի 10-ին Շուշի քաղաքում:

 

 

Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս Է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը:

 

 

 

Նելսոն Ստեփանյանը 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ.` Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935-1938թթ. աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 1938-1941թթ. սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում:

 

 

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) սկզբին Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում:

 

«Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում:

 

20-րդ թռիչքի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո՝ 1941թ.-ի սեպտեմբերից, օղակի հրամանատար Ստեփանյանը Բալթիական նավատորմի 7-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը, համարձակ ու անձնուրաց գործողությունների համար արժանացել է հերոսի կոչման (1942թ.):

 

 

1942թ. նշանակվել է 57-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, բայց նրան ճակատից հետ են կանչել, հանձնարարել կադրերի պատրաստման աշխատանք Բալթիական նավատորմի ռազմածովային ուժերի թռիչքային և բարձրագույն սպայական դասընթացներում: Սակայն խնդրանքներին տեղի տալով՝ նրան կրկին տեղափոխել են ռազմաճակատ:

 

1944թ.-ի ապրիլին գունդը գործուղվել է Ղրիմ, որտեղ Ստեփանյանն աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի մարտերում: 1944թ. Բալթիական նավատորմի կազմում մասնակցել է թշնամու ուժերի ոչնչացմանը Ֆիննական ծոցում, Մերձբալթիկայից ֆաշիստների դուրսմղմանը:

 

 

1944թ.-ի օգոստոսի 20-ին (զոհվելուց մոտ 4 ամիս առաջ) երկրորդ անգամ է ներկայացվել հերոսի կոչման: Զոհվել է դեկտեմբերի 14-ին, Բալթիկ ծովում՝ Լիեպայա քաղաքի մերձակայքում՝ այրվող օդանավն ուղղելով դեպի թշնամու նավախումբը և ապահովելով զինակիցների հաղթանակը: Նրան հետմահու երկրորդ անգամ շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում (1945թ.):

 

Ստեփանյանը կատարել է 289 մարտական թռիչք՝ խորտակել է 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ: Նելսոն Ստեփանյանի կյանքի և սխրագործությունների մասին գրել են հայ, ռուս, լատիշ գրողներ ու բանաստեղծներ:

 

Ստեփանյանի կիսանդրիները տեղադրվել են Շուշիում, Երևանում, Ստեփանակերտում, հուշարձանը՝ Լիեպայայում (ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել է Կալինինգրադ): Նրա անունով ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, մանկապատանեկան կազմակերպություններ և մեծ ձկնորսանավ, թողարկվել է նամականիշեր:

 

Երևանի թիվ 71 դպրոցում ստեղծվել է հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:
https://armlur.am/

Be the first to comment on "Այսօր հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակի օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*