«ԱՍՏՂԻԿ» ԲԿ-ում կատարվել է հաստ աղու հազվադեպ հանդիպող վերականգնողական վիրահատություն իլեոռեկտոպլաստիկայով

 

 

 

Հաստ աղու վերականգնողական վիրահատությունը միափող կոլոստոմայով հիվանդների մոտ եղել և մնում է կոլոռեկտալ վիրաբուժության ամենաբարդ խնդիրներից մեկը, հատկապես ուղիղ աղու մասնահատումներից հետո՝ ըստ Հարտմանի տիպով վիրահատված հիվանդների մոտ, փոքր կոնքում ուղիղ աղու կարճ ծայրատների առկայությամբ, որը մշտապես ընդգրկվում է սպիական-կպումային գործընթացի մեջ:

 

 

 

Չնայած հաստ աղու քաղցկեղի ժամանակակից ախտորոշիչ մեթոդների զարգացվածության՝ դեռևս շատ հիվանդներ ընդունվում են ստացիոնար արդեն հիվանդության բարդությունների առկայությամբ, ինչը ստիպում է կիրառել բազմափուլ վիրահատական միջամտություններ:

 

 

 

Այս ամենի հետ կապված առաջանում են կոլոստոմայով հիվանդների վարման բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնման արդիական խնդիրներ:

 

 

Կոլոռեկտալ վիրաբույժների ճնշող մեծամասնությունը հաստ աղու վերականգնողական վիրահատությունների դեպքում նախապատվությունը տալիս է կոլոպլաստիկային, սակայն հազվադեպ հանդիպող բարդ դեպքերում վերջինիս իրականացումը լինում է գործնականում անհնար, այդ իսկ պատճառով, ցավոք, կարիք է լինում վիրահատությունն ավարտելու իլեո-կոլո կամ իլեո-ռեկտոպլաստիկայով, ինչը և կատարվել է մեր դեպքում: Առաջին անգամ Հայաստանում, «Աստղիկ» Բժշկական կենտրոնում:

 

 

Հիվանդ՝ Հ.Վ., 61տ, ընդունվել է «Աստղիկ» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք 21.01.19թ՝ գանգատվելով կոլոստոմայի առկայությունից, ինչը պատճառում է արտահայտված սոցիալ-հոգեբանական և կոսմետիկ անհարմարություն:

 

 

15.06.18թ. (7 ամիս առաջ) հիվանդը վիրահատվել է մեր կլինիկայում հաստ աղու ռեկտոսիգմոիդ շրջանի ուռուցքի կապակցությամբ՝ բարդացած փոքր կոնքում թարախակույտերի փոքր օջախներով և մասնակի աղիքային անանցանելիությամբ, ինչի կապակցությամբ կատարվել է ուղիղ և սիգմայաձև աղիների մասնահատում՝ ըստ Հարտմանի: Հետվիրահատական շրջանում ստացել է 5 կուրս ադյուվանտ ՔԹ:

Վիրահատությունից մեկ ամիս անց սրտի պսակաձև անոթների նեղացումների կապակցությամբ ստենտավորվել է 2 դեղապատ ստենտերով: Ներկայումս դիմել է կլինիկա պլանային հետազոտման և հաստ աղու վերականգնողական վիրահատության նպատակով: Ընդունման պահին վիճակը բավարար է, մարմնի զանգվածը 125կգ:

 

 

Կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկոլաբորատոր և գործիքային քննությունները (ռեկտոսկոպիա՝ ուղիղ աղու 10 սմ ծայրատ՝ առանց ախտաբանական նշանների; արյան և մեզի լաբ. քննություններն՝ առանց առանձնահատկությունների, որովայնի օրգանների ՈւՁՀ, ԷՍԳ, ԷխոՍԳ, կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի օրգանների ՀՇ կոնտրաստով, ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտություն): Ուղեկցող հիվանդություններից առկա են ՍԻՀ, տարած սրտամկանի ինֆարկտ, անկայուն ստենոկարդիա, սրտային անբավարարություն II ՖԴ (NYHA): Կատարվել են կարդիովիրաբույժի, սրտաբանի, անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի, օնկոլոգի, անոթային վիրաբույժի կոնսուլտացիաներ:

 

Կատարված հետազոտություններով հիվանդության կրկնության կամ մետաստազների առկայության մասին վկայող նշաններ չեն հայտնաբերվել:

 

 

23.01.19թ էնդոտրախեալ + էպիդուրալ անզգայացման պայմաններում կատարվել է լապարատոմիա, ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է որովայնի խոռոչում արտահայտված կպումային պրոցես: Կպումներն անջատվել են: Սկսվել է ուղիղ աղու ծայրատի տարանջատումը (մոբիլիզացիան), որը գտնվում էր  կոնքային որովայնամզի տակ:

 

 

 

Մոբիլիզացիայից հետո կատարվել է դեսցենդոստոմայի մոբիլիզացիա, ինչպես մաշկի կողմից, այնպես էլ որովայնի խոռոչի կողմից: Ստոմայի որովայնի խոռոչ դուրսբերումից հետո պարզ դարձավ, որ այն կարճ է և չի հասնում ուղիղ աղու ծայրատին:Այդ իսկ պատճառով շարունակվեց հաստ աղու ձախ կեսի մոբիլիզացիան հիմնական անոթների կապումով և հատումով: Պարզ դարձավ, որ հաստ աղու ձախ կեսի արյունամատակարարումը բավարար չէ, և մոբիլիզացիան շարունակվեց մինչև հաստ աղու լյարդային անկյուն:

 

 

Սակայն այստեղ ևս հաստ աղու արյունամատակարարումը գնահատվեց անբավարար բերանակցում ձևավորելու համար: Այդ իսկ պատճառով որոշվեց այս մակարդակի վրա ավարտել հաստ աղու մոբիլիզացիան և ձևավորել իլեոռեկտալ բերանակցում: Իլեոցեկալ անկյան շրջանից հեռանալով շուրջ 25-30 սմ զստաղու գալարների միջև NTLC55 սարքի օգնությամբ ձևավորվեց V-ձև բերանակցում, և քսակակարի միջոցով ֆիքսվեց CHEX 28 ցիրկուլյար սարքի գլխիկը:

 

Նույն սարքով ձևավորվեց իլեոռեկտալ բերանակցում: Ստուգվեց բերանակցման հերմետիկությունը՝ գնահատվեց բավարար: Որովայնի խոռոչը դրենավորվեց և շերտ առ շերտ վերականգնվեց: Շերտ-շերտ կարվեց նաև նախկինում առկա ստոմայի վերքը: (Վիրահատող թիմ՝ պրոֆ. Ալեքսանդր Մ. Աղավելյան, դոց. Մինաս Ա. Աղավելյան, Վիկտորյա Մ. Զախարյան, Գրիգորի Ռ. Ռաաֆայելյան, օպեր. բուժքույրեր՝ Անի Մելքոնյան և Հերմինե Հայրապետյան):

 

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարաբերականորեն հարթ: Հիվանդը գտնվել է վիրաբույժների, սրտաբանների և ռեանիմատոլոգների հսկողության ներքո: Վերքը լավացել է առաջնային ձգումով: 06.02.19թ. հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել ստացիոնարից:

 

Հ.Գ. Անհրաժեշտ է նշել, որ իլեոռեկտոպլաստիկան, հանդիսանալով առավել բարդ և վտանգավոր վիրահատություն, պետք է իրականացվի միայն համապտասխան նեղ մասնագիտացում ունեցող փորձառու վիրաբույժների կողմից, բազմապրոֆիլային հիվանդանոցի պայմաններում, այն էլ միայն հազվագյուտ և նպատակահարմար դեպքերում, երբ կոլոպլաստիկան տեխնիկապես անհնար է:

 

https://med.news.am/arm/news/

Be the first to comment on "«ԱՍՏՂԻԿ» ԲԿ-ում կատարվել է հաստ աղու հազվադեպ հանդիպող վերականգնողական վիրահատություն իլեոռեկտոպլաստիկայով"

Leave a comment

Your email address will not be published.


*