Դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից. ԱԺ նախագահի ելույթը

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 140-րդ գլխավոր վեհաժողովում:

 

 

Նա ելույթը սկսել է հայտնի լուսավորիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցիի խոսքերով. ««Այն կրթությունը, որը մենք խրախուսում ենք, կապված է այն տիպի հասարակության հետ, որը մենք ցանկանում ենք ստեղծել»:

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ոտքի ելավ արտահայտելու իր կամքը, որպեսզի ապրի այնպես, որ պաշտպանի մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այնպիսի իրավիճակում, որտեղ իրավունքի գերակայությունը երաշխավորված է: Մեր ժողովուրդը գիտակցել է իր ձգտումը՝ ամենախաղաղ, ոչ բռնի ձևով, որն այժմ հայտնի է որպես թավշյա հեղափոխություն կամ հայկական ձևով հեղափոխություն:

 

 

Անշուշտ, մարդու իրավունքները և հավասար հնարավորություններն առաջնահերթություններ են նոր Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում: Մենք համոզված ենք, որ օրենքի գերակայությունը և ուժեղ քաղաքացիական հասարակությունը գրավական են ուժեղ հասարակության և հետևաբար՝ ուժեղ պետության համար:

 

 

Այսօրվա ընդհանուր քննարկման թեման ծայրահեղ կարևոր է խաղաղություն և անվտանգություն ապահովելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ խորհրդարանները վճռորոշ դեր են խաղացել ժողովրդին կրթելու հարցում:

 

 

Խորհրդարանի դերն ակնհայտորեն ոչ միայն օրենքներ ընդունելն է և քաղաքականությունը: Խորհրդարանականները պարտականություն ունեն ամրապնդելու այն արժեքները, որոնց հավատում են՝ գործելով որպես բազմապատկողներ:

 

Այս առումով արժի հիշատակել, որ Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերին, գնահատվել են որպես ժողովրդավարական, թափանցիկ, ազատ և արդար ու հանրության մեջ վստահություն վերահաստատող, որը կորել էր անցյալ տասնամյակներում:

 

Մեր խորհրդարանը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության խրախուսմանը, որովհետեւ կարծում ենք, որ այն մարդու հիմնարար իրավունք է, և խորհրդարանի անդամները գործում են որպես դերակատարներ ապագա սերունդների համար: Հայաստանի նոր ղեկավարությունը շոշափելի ջանքեր է գործադրում խթանելու քաղաքացիության զգացումը եւ ամրապնդելու քաղաքացիական մասնակցությունը:

 

Այս տեսանկյունից վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանելու Քաղաքացու օր: Այն կտոնվի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը՝ նշելու ազգային շարժումը, որը հանգեցրեց հայ ժողովրդի հաղթանակին, քանի որ վերահաստատվել է իշխանությունը խաղաղ ձեւով փոխելու ժողովրդի իրավունքը: Սա հիանալի առիթ է՝ խրախուսելու հասարակական երկխոսություն՝ կապված խաղաղության, անվտանգության և օրենքի գերակայության հետ:

 

 

Հուսով եմ, որ դուք կհամաձայնեք, որ նորարարությունը վճռորոշ դեր է խաղում 21-րդ դարի կրթության մեջ: Պետք է նշել, որ Հայաստանում կա բնական պաշարների պակաս, սակայն մեր երկիրը հսկայական մտավոր ներուժ ունի, այնպես որ զարմանալի չէ, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտի զարգացմանը, որը հանգեցնում է մի շատ հետաքրքիր երեւույթի. ՏՏ ոլորտի շատ հայ մասնագետներ կարող են աշխատել արտերկրում և պարադոքս է, որ այն չի հանգեցրել ուղեղների արտահոսքի:

 

Ընդհակառակը, նրանք ի վիճակի են նպաստելու Հայաստանում տնտեսության զարգացմանը եւ ուզում եմ հավաստիացնել, որ մեզ մոտ ՏՏ ոլորտին առնչվող կրթությունը սկսվում է շատ վաղ տարիքում: Հայաստանում մենք ունենք Թումո կենտրոններ ստեղծարար տեխնոլոգիաների համար, որոնք հատկապես նախատեսված են ներգրավելու եւ բացահայտելու երիտասարդ տաղանդների: Անշուշտ, սա լավ փորձառություն է և նորարություն Հայաստանի կրթական մոդելի մեջ:

 

 

Այստեղ կարող ենք ընդհանուր եզր ունենալ այլ երկրների հետ և ոգեշնչել այլ հաջող նախաձեռնությունների համար: Գաղափարն այնքան հաջող է եղել, որ նմանատիպ կենտրոն վերջերս ստեղծվել է Փարիզում:

 

 

Խաղաղության վերաբերյալ ժամանակակից տեսություններն առաջարկում են «դրական խաղաղություն» հասկացությունը, որը սահմանվում է որպես կառուցվածքային բռնության բացակայություն: Ճիշտն ասած՝ «Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն: Այն նշանակում է բռնության բացակայություն ամեն կերպ և հակամարտության կարգավորում՝ կառուցողական ձևով»:

 

Կարող եմ հպարտորեն պնդել, որ դուք չեք գտնի այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի նույնիսկ աննշան հետք մեր կրթական նյութերում, այդ թվում՝ դասագրքերում: Պատմությունը ցույց է տալիս, որ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելությամբ լի հանցանքների և ցեղասպանությունների:

 

Սա շատ զգայուն թեմա է մեզ համար, քանի որ 1,5 միլիոն հայեր դարձան ցեղասպանության զոհեր 1915 թվականին: Այսօր դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից: Եվ ահա մենք սա ենք ակնկալում մեր հարևաններից նույնպես:

 

 

Շատ դեպքեր են եղել, երբ մենք միջազգային հանրության ուշադրությանն ենք հրավիրել մեր որոշ հարևան երկրների կրթական նյութերում, այդ թվում՝ նույնիսկ մանկապարտեզներում տեղ գտած անընդունելի ատելության փաստերի, այլատյացության և ուղղակի ռասիզմի վրա: Այսպես չեն բնակչությանը նախապատրաստում խաղաղությանը:

 

 

Դուք պետք է ձեր երեխաներին և երիտասարդ սերնդին նախապատրաստեք խաղաղության: Եվ մենք խիստ համոզված ենք, որ պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, քանի որ այն անվտանգության գրավականն է և համընդհանուր արժեք է բոլորի համար:

 

Հարգելի գործընկերներ,

 

կրթությունը կարող է երկարաժամկետ ներդրում լինել մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների, բռնի ծայրահեղականության, արմատականացման կանխարգելման պայքարում: Սա կարևոր պայման է, եթե մենք ցանկանում ենք կազմավորել մի հասարակություն, որին մենք բոլորս ձգտում ենք:

 

Երիտասարդության ներգրավումն այս բոլոր նախաձեռնություններում ևս հրամայական է: Դեռ ավելին, բռնի ծայրահեղականությունը կանխարգելելու նպատակով մենք պետք է կենտրոնանանք մշակութային և կրթական փորձի փոխանակման վրա, նպաստենք արվեստի զարգացմանը և երաշխավորենք տարբեր ազգերի միջև հարաբերությունների հաստատումը նոր տեխնոլոգիաներով:

 

Այս ամենը կարող է վերափոխվել մի բարձր աստիճանի դրդապատճառի՝ խաղաղության հաստատման, հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության համար»,- ասել է Արարատ Միրզոյանը:

https://armtimes.com/

Be the first to comment on "Դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից. ԱԺ նախագահի ելույթը"

Leave a comment

Your email address will not be published.


*