Գյումրու տնակում ապրող 15-ամյա Հոբ Ղազարյանի առաջին անհատական ցուցահանդեսին գնորդները թեժ պայքարի մեջ էին. վաճառվեցին բոլոր նկարները(լուսանկարներ)

 

 

 

Նա ընտանիքի յոթ երեխաներից ավագն է, ապրում է Գյումրու տնակներից մեկում՝ ծնողների ու երկու տատիկի հետ, հաճախ երազում է, երազելուց ավելի հաճախ նկարում է, բայց նպատակներից խոսել չի սիրում: Նա 15-ամյա Հոբ Ղազարյանն է, որը, չնայած տնակի պայմաններին ու հաճախ իրեն շրջապատող գորշ գուներին, թղթին հանձնում է ամենագունեղը և ստեղծում արևոտ պատկերներ:

 

 

Նա նկարում է այն ամենը, ինչ տեսնում է` դրանց տալով տաք երանգներ ու ջերմություն` Գյումրու բնապատկերներից մինչև սեփական երևակայությամբ ստեղծված գույներն ու միջավայրը:

 

 

Tert.am Life-ը ներկա է գտնվել Հոբ Ղազարյանի նկարների անհատական ցուցահանես-վաճառքին, որը կազմակերպել են շվեյցարահայ բարերար Թերեզա Մխիթարյանի «Բողբոջ» և Գաբրիել Ջեբերջյանի «Փյունիկ» հիմնադրամների աջակցությամբ:

 

 

Զրույցի համար ցուցասրահում Հոբին գտնելը հեշտ չէր. դժվար էր պատկերացնել, որ նման նկարներ ու աշխարհի տարբեր կետերից արաձագանքներ ստացած պատանին ամաչկոտ տղան է, որին շնորհավորելու և ծանոթանալու համար պետք էր հասնել ցուցասրահի ստվերոտ անկյունը: Տաղանդի մասին ոգևորող խոսքերով երկարաշունչ հարցիս Հոբն իրենց բարբառով հակիրճ արձագանքեց. «Դե նգարեմ գը»։ Ապա նա հավելեց, Աստված է իրեն տվել շնորհը:

 

Հոբը նկարում է արդեն 9 տարի, վրձինն առաջին անգամ ձեռքն է վերցրել, երբ դեռ դպրոց էլ չէր հաճախում: «Առաջին անգամ նկարել եմ, երբ պապայիս ոււ իր ընկերներին տեսա շինարարության վրա աշխատելիս: Այդ պատկերը մտքիս մեջ էր, երբ հասա տուն, հիշելով նկարեցի»,– հիշեց նա։

 

 

Ներկայումս Հոբը հետաքրքրված է ոչ միայն իր նկարներով, այլև հետևում ու ծանոթանում է համաշխարհային մեծության նկարիչների գործերին: Հետաքրքրվեցինք, թե ո՞ր նկարչին է պատանին համարում իրեն հոգեհարազատ. «Իմ ուսուցիչն է Սամվել Գալստյանը, հետո Ռեմբրանտ եմ սիրում ու Այվազովսկի»:

 

 

15-ամյա Հոբը ժպիտով ու ամաչելով անկեղծացավ, որ դասերին, երբեմն, չի հասցնում, բայց ուսուցիչներն իրեն հաճախ են ընդառաջում: Նպատակներից չխոսեց, իսկ երազանքի մասին մի քիչ երկար մտածելոուց հետո  ասաց՝  ուզում է հայտնի նկարիչ դառնալ, ցուցահանդեսներ ունենալ, բայց ուր էլ գնա, Գյումրին ու այնտեղի բնապատկերները իր նկարներից չեն պակասի:

 

 

Մինչ բարերարներն իրենց բացման խոսքը կասեին, ներկայացված 50 նկարից 30–ն արդեն վաճառվել էին  սոցիալական ցանցի միջոցով, դրանց գնորդները հիմնականում արտասահմանից էին։

 

«Ես երբ գնում եմ Գյումրի և փնտրում օգնության կարիք ունեցող ընտանիքների, փորձում եմ գտնել այնպիսիններին, որոնց մեջ լույս կա: Այսպիսի երեխաներ շատ ենք տեսել, որոնք տաղանդավոր են մաթեմատիկայի, շախմատի կամ այլ ոլորտում: Կարևոր է, երբ մարդն ապրում է շատ վատ պայմաններում, բայց շարունակում է պայքարել: Օրինակ Հոբը շատ վառ գույներ է օգտագործում: Մենք իրենց համար տուն ենք կառուցել, բայց տունը շատ մեծ է և դեռ շատ բաներ են պետք:

 

Ես առաջարկեցի գումար ուղարկել, բայց իրենք ասացին, որ ավելի լավ է նկարները վաճառեն, ուզում են իրենց տան մեջ ունենալ իրենց ներդրումը։ Նշեցին, որ մենք արդեն ադքան գումար ծախսել ենք:

 

Սիրով համաձայնեցինք օգնել ու այսպիսի գեղեցիկ բան կազմակերպել»,- ասաց Թերեզան` հավելելով, որ կարևորում է այն հանգամանքը, երբ իրենք օգնում են մարդուն, բայց նա էլ իր հերթին է փորձում դուրս գալ վատ իրավիճակից:

 

Առանց «վաճառված է» պիտակի մնացած 20 նկարի համար իսկական իրարարանցում սկսվեց: Ներկաներն իրար հերթ չտալով ընտրում էին Գյումրու բնապատկերները` իրենց հետ ցուցահանդեսից մի կտոր տանելու համար: Ակտիվությամբ աչքի ընկավ Ռադիո Վան-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

 

Նրան հաճողվեց ձեռք բերել նկարներից երկուսը. «Հիացած եմ այս երեխայով: Նա Աստծուց է շնորհված: Երկու նկար ընտրեցի, որոնք իսկապես շատ-շատ եմ հավանել: Եթե հնարավորություն լիներ, կընտրեի ավելի շատ, բայց քանի որ ցանկացողները շատ էին, հազիվ կարողացա ձեռք բերել գոնե երկուսը: Ինձ գույներն են շատ դուր եկել, իմ ընտրած նկարներում սարյանական ինչ-որ բան կա»:

 

 

Հաշված րոպեների ընթացքում ներկայացված նկարներից բոլորի վրա ամրացվեց «վաճառված է» պիտակը:  15-ամյա Հոբի ցուցահանդեսը դեռ երեք օր կշարունակվի՝ Բյուզանդի 3 հասցեում, հետո նկարները կհասնեն գնորդներին։

https://life.tert.am/am/news/

Be the first to comment on "Գյումրու տնակում ապրող 15-ամյա Հոբ Ղազարյանի առաջին անհատական ցուցահանդեսին գնորդները թեժ պայքարի մեջ էին. վաճառվեցին բոլոր նկարները(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*