Մեկնարկել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ (տեսանյութ)

 

 

Սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ:

 

 

«Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»՝ հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր եւ երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ինքը Աննա Հակոբյանն իր ելույթում ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումներն ընդգծեց, որ երկիրը լիարժեք ժողովրդավարության եւ իրական տնտեսական աճի ապահովման ճանապարհին է եւ այդ ճանապարհին ողջունելի է յուրաքանչյուր աջակցություն Հայաստանի բարեկամների կողմից:

 

 

 

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծեց, որ Կոնգրեսն իր կողմից ամեն ջանք կգործադրի, որպեսզի Միացյալ Նահանգները Հայաստանին արժանի աջակցություն ցուցաբերի թե տնտեսական եւ թե քաղաքական առումով: «Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե կպահպանվի, այլ որ այն կբարգավաճի եւ երկիրը լիարժեք զարգանա», — նշում է Սփիրը:

Հայաստանի հեղափոխությունը տպավորել էր նաեւ Դեմոկրատական կուսակցության առավել ազդեցիկ կոնգրեսականներից մեկին՝ Ադամ Շիֆին, ով բազմաթիվ այլ կոնգրեսականների օրինակով, եկել էր անձամբ ծանոթանալու Աննա Հակոբյանի հետ:

 

 

 

«Մեզ անհրաժեշտ է մեր երկրների գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի օգնենք ձեր հրաշալի կառավարությանը հաջողության հասնել», — նշում է Շիֆը:

 

 

 

Եւս մեկ կարեւոր հարց, որի մասին խոսում է Հայաստանի վարչապետի տիկինը կոնգրեսականների առջեւ, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ կանայք կոչ են անում աշխարհի բոլոր, այդ թվում եւ Ադրբեջանի կանանց իրենց ձայնը բարձրացնել հանուն խաղաղության, որպեսզի սահմանում չզոհվեն երիտասարդներ եւ ոչ մի կողմից:

 

 

 

«Ով, եթե ոչ կանայք, մայրերը առավել սուր են ապրում երեխա կորցնելու վիշտը եւ ով, եթե ոչ կանայք, մայրերը, պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության», — նշում է Հակոբյանը: Երեքշաբթի պաշտոնապես մեկնարկած այցը սկսվեց Կոնգրեսի եւ Կոնգրեսի գրադարանի այցելությամբ, որտեղ ներկայացրեցին այստեղ գտնվող հայկական գրականության նմուշները:

 

 

 

«Ես բոլորիդ միասին մեկ բան ունեմ ասելու, մեկ լուր ունեմ Հայաստանից, որ բերել եմ», — ավելի ուշ Հայաստանի դեսպանատանը Աննա Հակոբյանն ուղիղ դիմում է հայ համայնքին, — «Հեղափոխությունից հետո Հայաստանում ամեն ինչ սպասվածից նույնիսկ ավելի լավ է ընթանում»:

 

 

Հայաստանը Սփյուռքի կարիքն ունի, սակայն, նոր իրավիճակում Սփյուռքից այլ օգնություն է ակնկալվում, նշում է Հակոբյանը:

 

Երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ տեղի հայ համայնքի հետ:

 

 

 

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով, այցի հիմնական նպատակներից մեկն է ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ:

 

http://operativ.am/

Be the first to comment on "Մեկնարկել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*