Հաղթեցինք՝ դառնալով մեկ միասնական բռունցք. այսօր Պարգև Սրբազանի ծննդյան օրն է

 

 

Այսօր Հայոց Առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկի` Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Այսօր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Մեծագույն սիրով ու ջերմությամբ շնորհավորում ենք Սրբազանին, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն:

 

Խոսելով Արցախյան ազատամարտում տարած մեր հաղթանակի մասին հաճախ է շեշտվում հետևյալ միտքը՝ հաղթեցինք, որովհետև մեր առջևից գնացող հոգևորականներ ունեինք, ինչպիսին էր՝ Վազգեն Առաջինը, Պարգև Սրբազանը…

 

Հիրավի, Պարգև Սրբազանը մեր այն հոգևորականներից է, որ դարձավ ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցը: Նրան իրավամբ անվանում են ազատամարտիկ-հոգևորական, ինչպես ժամանակին Խրիմյան հայրիկն էր` մի ձեռքում կրոնավորի խաչը, մյուսում` զենքը: Ազատամարտի շատ մասնակիցներից եմ լսել այս միտքը, թե Պարգև Սրբազանն իր հայրենանվեր կերպարով հայ զինվորների ներշնչանքի աղբյուրն է եղել, քանզի եթե հոգևոր առաջնորդն է մղվում մարտի դաշտ, դա ամենազորեղ ուժն է զինվորի համար:

 

Այս հարցում Սրբազանի կարծիքը հետևյալն է՝ մեր հաղթանակը եղավ Աստծով ու մեր ժողովրդի միաբանությամբ: Մի առիթով ինձ հետ հարցազրույցում Պարգև սրբազանն ասաց հետևյալ խոսքերը.

 

 

«1988-ին, երբ սկսվեց մեր ազգային ազատագրական շարժումը, մեր ողջ ժողովուրդը համախմբվեց, միաբանվեց, Հայաստան-Արցախ-Սփյուռք` դարձանք մի բռունցք, բոլորս մեկ էինք ու միակամ: Հայ երիտասարդները կամավոր նետվեցին մարտի դաշտ, գրեթե անզեն էին, բայց հայրենիքի անկախությունը վերանվաճելու, արդարությունը վերահաստատելու, մեր սրբությունները վերագտնելու հրամայականը բոլորին մարտի դաշտ տարավ: Իսկ այնտեղ մեր դեմ դուրս եկան լավ զինված խորհրդային և ադրբեջանական բանակները:

 

Վերջինս հսկայական զինանոց ուներ: Առանձին ջոկատներով այդ հզոր ուժի դեմ պատերազմելը շատ դժվար էր և հասունացավ ազգովի համախմբման պահը: Հայկական բոլոր ջոկատների հրամանատարները, մեր ֆիդայիները գիտակցեցին, որ ժամն է մեկ կենտրոնի շուրջ միախմբման: Հենց այդ միասնական նպատակի գիտակցումը մեզ օգնեց, որ առանց ավելորդ բարդությունների կարողանանք կանոնավոր բանակ ստեղծել ու մեկ կենտրոնից ղեկավարել մեր զինված ուժերի յուրաքանչյուր քայլը»:

 

Հայտնի է՝ Արցախյան թեմը համարվում է ամենակազմակերպվածներից մեկը, բնականաբար՝ շնորհիվ աչալուրջ հոգևոր առաջնորդի: Իսկ Սրբազանն իր արածներով չի բավարարվում, ու կրկնում է՝ անելիքները շատ են և բազում: «Եթե ինչ-որ բանի հասել ու հասնում ենք, դա ոչ միայն շնորհիվ իմ անձի է, այլ շնորհիվ մեր հոգևորականների ու հավատացյալների նվիրումի: Նաև մի կարևոր բան պետք է ասեմ. արցախահայությունը շատ կազմակերպված ու համախմբված է, ժողովուրդն ինքն օրինապաշտ է, օրենք հարգող»:

 

Մեր դիտարկմանը, թե պատմականորեն Արցախն ունեցել է բավականին հարուստ հոգևոր կյանք. ո՛չ խորհրդային գաղափարախոսությունը, ո՛չ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը չեն խաթարել, չեն սասանել արցախցու հավատը, Պարգև Սրբազանը նկատում է.

 

«Արցախի թեմն , իրոք, եղել է շատ հարուստ ու հզոր: Այն մեր Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսության մեկ մասնիկն է, իսկ Աղվանից կաթողիկոսությունը յուր ժամանակ ունեցել է 4500-5000 գործող եկեղեցիներ ու վանքեր: Երբ խորհրդային բանակը մտավ Արցախ, և երբ 1921-ին Արցախը տրվեց Ադրբեջանին, այդ պահից փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ:

 

1929 թվականին երջանկահիշատակ Վրթանես եպիսկոպոսն անհանգստացած գրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին,թե, Վեհափառ տեր, ընդամենը մնացել է գործող 112 եկեղեցի ու 18 վանք, և ընդամենը ունենք 276 հոգևորական, մի ճար արեք: Սակայն ամիսներ անց փակվում են նաև այդ եկեղեցիները, Իսկ 1930թ. փակվեց նաև Արցախի թեմը: Եվ միայն 1989թ. վերաբացեցինք Արցախի պատմական թեմը»:

 

Մեր հարցին՝ ինչպե՞ս է Սրբազանը վերաբերվում ազատագրված տարածքները զիջելու մասին երբեմն շրջանառվող լուրերին, պատասխանն այսպիսին է: «Մեզ համար ընդհանրապես ընդունելի չեն մադրիդյան սկզբունքները: Եթե խոսքն ինչ-որ տարածքների զիջման մասին է, այստեղ պետք է առաջնորդվենք հստակ տրամաբանությամբ. եթե մի բան զիջում ես, ապա, հարց է առաջանում` ի՞նչն ես զիջում և ինչի՞ դինաց, ի՞նչ երաշխիքների ու կարգավիճակի դիմաց:

 

 

Հայաստանը մշտապես շեշտել է կարևորագույնը` ԼՂՀ կարգավիճակի, անվտանգության երաշխիքների հարցն ու մնայուն կապը մայր Հայաստանի հետ, միաժամանակ, ասվել է, որ Արցախը երբեք չի կարող ուղղահայաց ձևով ենթարկվել Ադրբեջանին: Եվ սա մեզ համար շատ կարևոր է: Ոչ մի հայ չի ցանկանա զիջել իր հայրենիքի տարածքները: Տեսեք. Թուրքիան գրավեց Կիպրոսի կեսը, զիջե՞ց, իհարկե՝ ոչ: Երկրորդ համաշխարհայինի տարիներին ԽՍՀՄ-ը գրավեց Կալինինգրադը, հետ զիջե՞ց՝ ոչ: Նույնը Կուրիլյան կղզիներին է վերաբերում, Ռուսաստանը հետ է՞ վերադարձնում ճապոնացիներին, իհարկե՝ ոչ: Ուրեմն, հանուն ինչի՞ պետք է հետ տանք մեր արյունով ազատագրած տարածքները: Ադրբեջանը սկսեց պատերազմը, մենք էլ հաղթեցինք, ինչի՞ մասին է խոսքը, մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը»:

 

Սրբազանն իր խոսքն ավարտեց՝ հիշեցնելով Ներսես Շնորհալու սքանչելի խոսքերը՝ «Միաբանություն ի կարևորս», ու հավելեց. «Միաբան լինենք կարևոր հարցերում, հարգենք ու սիրենք իրար, ունենանք ամուր հավատ առ Աստված: Եթե լինենք Աստծո հետ, մեզ միայն հաղթանակները կուղեկցեն, քանի որ ոչ ոք չի կարող Աստծո դեմ մարտնչել: Սրանք այն կարևոր պայմաններն են, որ պարտադիր են հայության համար:

Կենսագրական

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան), որն ավարտել է 1976 թվականին։

 

Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։

 

1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։

 

1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։

 

1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։

Be the first to comment on "Հաղթեցինք՝ դառնալով մեկ միասնական բռունցք. այսօր Պարգև Սրբազանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*