Հին լուսանկարների եզակի և բացառիկ հավաքածուն Գյումրիում է.( տեսանյութեր)

 

 

Գյումրին միշտ տարբերվել է իր մշակույթով, պատմությամբ, հումորով և կենցաղով: Այս քաղաքն հարուստ է հետաքրքիր անհատներով, ստեղծագործող` արհեստով և արվեստով ապրող մարդկանցով, որոնք բոլոր ժամանակներում ինքնատիպ պատմություններ ունեն:

 

ՀԱՅ ՁԱՅՆ-ը շարունակում է իր ընթերցողի համար բացահայտել Գյումրին` ներսից իր վառ երանգներով, կտավներով, երաժշտությամբ, համերով և հումորով:

Ալեքանդրապոլի ներկայությունը Գյումրիում…

Հին և նոր քաղաքների խաչմերուկում իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ‹‹Շալե Գյումրի›› զբոսաշրջային կենտրոնն առաջին իսկ հայացքից հուշում է, որ ներսում պատմական շունչն ու ալեքպոլյան կենցաղավարությունն է շեշտադրված:

 

Այս կառույցի հիմնադիր ‹‹Շիրակ կենտրոն›› ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը հայտնի է Գյումրու տնակային ավաններում ապրող սոցիալապես անապահով մարդկանց սոցիալական, հոգեբանական աջակցությամբ և նրանց խնդիրների բարձրաձայնմամբ, այս կենտրոնը կառուցելիս օգտագործել է նետված, օգտագործման համար ոչ պիտանի քարերը, Ալեքսանդրապոլի դարբնոցներում զնդանին կռած երկաթը:

 

 

‹‹Շալե Գյումրիի›› կառավարիչ Անի Թումասյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նկատում է, որ օգտագործված փայտը Արևմտյան Հայաստանի Սարի Ղամիշից բերված փայտն է. ‹‹Ալեքսադրապոլի ցարական բոլոր շենքները այդ փայտերից են կառուցված եղել, դիմացկուն են, հրակայուն, մինչև հիմա էլ կան, քանի որ փայտը վերամշակվել է ձեթի մեջ եփվելուց հետո››:Այս կենտրոնում մեկտեղվել է ալեքպոլյան 19-րդ դարի կենցաղավարությանը բնորոշ ամեն մի իր` կաթսաններ, սպասք, կամոդներ, արդուկներ, բաժակներ, թեյնիկ, օրորոց, կարպետներ և այլն, որոնք պատկանել են Ալեքսանդրապոլի գերդաստաններին:

 

 

Հին լուսանկարների հարուստ պահոցը Գյումրիում…

 

 

Այս կենտրոնում է գտնվում մարզի՝ հին լուսանկարների ամենահարուստ և եզակի հավաքածուն: Մեկ դարյա պատմություն ունեցող ճանապարհորդական ճամպրուկներում Թումասյանների ընտանիքը մեկտեղել է արդեն 40 տարվա վաղեմություն ունեցող հին լուսանկարները: Դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի`19-րդ դարից իրականություն բերած հաղորդագրությամբ և հսկայածավալ տեղեկատվությամբ:

 

 

‹‹Ունենք հայտնի լուսանկարչական տների՝ Լալայաններից, Մուշեղյաններից լուսանկարներ: Ռուսական մշակույթի հետ շատ ենք շփվել և հետաքրքիր է, որ ամբողջ տարածաշրջանի հայտնի և հարուստ մարդիկ եկել, տեղափոխվել և ապրել են Ալեքսանդրապոլում ու իրենց հետ բերել են նոր գաղափարներ՝ ճարտարապետական առումով: Իհարկե, պահպանել են գեղեցիկ և համաչափ շենքերի կառուցումը, բայց մեկ նոր դետալ ավելացվել են նորակառույցների վրա: Ունեցել ենք հյուրատներ, որոնք իրենց ճարտարապետությամբ յուրօրինակ են եղել:

Պատահակ չէ, որ առաջին դեղատունը Ալեքսանդրապոլում է բացվել, ա

ռաջին համալսարանը, առաջին օպերան, թատրոնը, տիկնիկայինը եղել են այստեղ: Պատկերացրեք՝ որքան հետաքրքիր, զարգացած քաղաք ու գրագետ մարդիկ ենք ունեցել, որոնք սովորել են և’ դրսում, և’ այստեղ, շատ քչերն են եղել որ կրթություն չեն ստացել: Լուսանկարներից երևում է հագուկապը, գյումրեցի տղամարդու բարձր դիրքը: Հայտնի կառքերի պատմությունը, որ մի քանի կառքով են քաղաքում երթևեկել, առաջինը` գլխարկի համար, երկրորդը` ուտելիքի, երրորդը` երաժիշտների համար››,-պատմում է Անի Թումասյանը:

 

Այն, որ ալեքպոլցի կինը ևս հարգված է եղել և գերդաստանում իր դիրքն է ունեցել, դա ևս ակնհայտ է: ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում Անի Թումասյանըմանրամասն ներկայացնում է կանանց դիրքն ու դերը գյումրեցու ընտանիքում:

 

‹‹Շալե Գյումրիում›› պատերից մեկը կահավորված է հայտնի ալեքպոլցիների լուսանկարներով, նրանք հիմնականում հարուստ են եղել, ունեցել են շատ անշարժ գույք, բայց ի տարբերություն մերօրյա մեծահարուստների, նրանք այդ ամենը վաստակել են սեփական քրտինով:

 

Կրթությունը Գյումրիում միշտ օրակարգային է եղել, դեռևս 19-րդ դարում, երբ աղջիկներն առանձին են կրթվել, տղաներն առանձին` գիմնազիաներում ունեցել են ավարտական խմբակային լուսանկարներ: ‹‹Շալե Գյումրիում›› առանձին պատ է հատկացված այս լուսանկարների համար:

 

Պատմական քաղաքի հետաքրքիր պատմությունները շատ են, դրանք կփորձենք ներկայացնել ՀԱՅ ՁԱՅՆ-ի հավատարիմ ընթերցողին. այնպես որ, բացահայտումները դեռ առջևում են:

 

https://haydzayn.com/am

Be the first to comment on "Հին լուսանկարների եզակի և բացառիկ հավաքածուն Գյումրիում է.( տեսանյութեր)"

Leave a comment

Your email address will not be published.


*