Ինչո՞ւ բրիտանացին չի հեռանա Հայաստանից, իսկ հայկական գարեջուրը «կողողի» տարածաշրջանը

 

 

Այս նյութը կարող էր լինել հայրենադարձության կամ արտասահմանցիների հայաստանյան արկածների մասին, եթե չլիներ հայկական գարեջուրը։ Հենց գարեջուրն է մեր հերոսներին միավորել մի պատմության մեջ, և նրանց կյանքի ուղիները խաչվել են Երևանում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

 

Արդեն 9 ամիս է` բրիտանացի Նիլի առավոտը բացվում է Հայաստանում։ Նախաճաշում է, հրաժեշտ տալիս դստերն ու կնոջը և գնում է իր երազանքի աշխատանքը կատարելու։ Նա գարեջուր է եփում։ Կհարցնեք` ի՞նչ է կորցրել բրիտանացին Հայաստանում։ Եվ ճիշտ կանեք։ Նույն հարցը ես էլ նրան տվեցի։

 

Նիլն ու ես հանդիպեցինք հենց գարեջրի գործարանում։ Բարձրահասակ տղամարդը` մինչև ծնկները հասնող ռետինե երկարաճիտ կոշիկներով, ցուցումներ էր տալիս գործընկերներին ու ենթականերին։

 

Զրուցելու համար բարձրացանք գործարանի վերին հարկում գտնվող սենյակներից մեկը, և Նիլը սկսեց իր պատմությունը։

Ինչո՞ւ եկավ Հայաստան

 

Նիլ Փլեյֆուտը (Neil Playfoot) ծնվել է Անգլիայի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաքում։ Երկու ելք է ունեցել՝ մեկնել Լոնդոն և այնտեղ հասնել ինչ-որ բանի կամ մնալ փոքր հայրենիքում և ապրել հանգիստ կյանքով։ Նիլն ընտրել է առաջին տարբերակը։ Ընկերները խորհուրդ են տվել Լոնդոնում զբաղվել գարեջրագործությամբ։ Ավելի ուշ պիտի պարզվեր, որ դա սիրած գործ է դառնալու։ Արդեն 20 տարի է՝ նա այս ոլորտում է։

 

«Ռեզյումես ուղարկեցի Լոնդոնի մի քանի ընկերություններ։ Մեկն արձագանքեց։ Սկսեցի բանվորությունից։ Որոշ ժամանակ անցավ, մինչև ինձ թույլ տվեցին անցնել հենց գարեջրագործության» — պատմում է Նիլը։

 

Շուտով նա առաջարկ է ստացել ուրիշ երկրներից․ գարեջուր է եփել Չինաստանում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, այժմ ընտանիքի հետ բնակվում է Հայաստանում։ Երևանում ծանոթացել է Dargett ընկերության ղեկավարության հետ, նրանք միջազգային մակարդակի գարեջրագործ են որոնել, Նիլը՝ աշխատանք։ Հիմա նա Dargett գործարանի գլխավոր գարեջրագործն է։

 

Ինչո՞ւ եկավ Հայաստան։ Նիլը չի հասկանում, թե ինչու է բոլորին հետաքրքրում հենց այդ հարցը և արտասովոր ինչ կա դրա մեջ։ Բացատրում եմ, որ արտագաղթը Հայաստանի ամենամեծ խնդիրներից է, ուստի այստեղ ապրելու նրա ցանկությունը և՛ ուրախացնում է, և՛ զարմացնում։

«Ես այստեղ գտա այն, ինչ վաղուց էի փնտրում՝ հանգստություն, անվտանգություն։ Ես ու կինս որոշեցինք վերջնականապես հաստատվել Հայաստանում, մեզ դուր է գալիս այստեղ», — ասում է Նիլը։

 

Նա չի վախենում բարդություններից, հիշում է տարբեր երկրներում աշխատելու փորձը։ Մի բան հստակ է հասկացել․ բոլոր մարդիկ նման են, կարևոր չէ` մաշկի ինչ գույն ունեն, ինչ ռասայի ու ազգության են պատկանում։

Նա իր գործընկերներին բարեհամբույր մարդիկ է համարում, որոնց հետ հեշտ է աշխատելը։ Հայաստանում հարմարվելու հարցում էլ օգնում է չորս տարեկան աղջիկը։ Նա գնում է մասնագիտացված ռուսալեզու մանկապարտեզ, և արդեն հա՛մ հայերեն է հասկանում, համ ռուսերեն։

 

Նիլի կինը չինացի է։ Նա փորձում է ընկերներ գտնել Հայաստանում, մասնակցում է կանանց բոլոր հնարավոր հավաքույթներին։ Ամուսինները մեծ խնդիրների չեն բախվում այստեղ, որովհետև մեզ մոտ շատերը անգլերեն գիտեն։

Գարեջրագործությունը փրկե՞ց

Հայաստանի արևի տակ իր տեղն է գտել նաև սիրիահայ Արտաշես Ղազարյանը։ Գործարանում նա գլխավոր գարեջրագործի՝ Նիլի օգնականն է։ Արտաշեսը ծնվել է Հալեպում 1991թ-ին։ Նրա նախապապը Սասունից է, հրաշքով է փրկվել Հայոց ցեղասպանությունից և գաղթել Սիրիա։

 

«Ես ու հայրս ծրագրել էինք Հայաստան գալ դեռ 2012թ-ին։ Բայց չհասցրինք, հայրս վախճանվեց։ Կարելի է ասել, որ նրան սպանեց պատերազմը, սիրտը երկար չդիմացավ առանց աշխատանքի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազարյանը։ Հոր երազանքը նա իրագործեց 2014թ-ին։ Հայաստանում սկսեց մատուցող աշխատել, հետո հասավ գարեջրագործի օգնականի աշխատանքին։

 

Արտաշեսն ասում է, որ Սիրիայում բարդ է եղել իր համար։ Հայաստանում ստիպված է եղել սկսել զրոյից․ աճի խթան է ունեցել։

«Ես սիրեցի այս աշխատանքը, հետո տանը փորձեցի գարեջուր եփել, բայց չստացվեց։ Նիլից շատ բան եմ սովորում», — խոստովանում է Արտաշեսը։

Մեկ այլ գարեջրագործի՝ Գևորգ Համբարձումյանի պատմությունն էլ պակաս զարմանալի չէ։ Նա ծնվել է Հայաստանում, զբաղվել գինեգործությամբ և կոնյակագործությամբ, բայց ծանոթացել է գարեջրագործությանը և որոշել է փոխել գործունեության բնույթը։

 

«Դա ինձ համար նոր փուլ էր, թույլ էր տալիս նոր զգացմունքներ ստանալ։ Առավել ևս, որ մենք հիմա արտադրում ենք քրաֆթային գարեջուր (ոչ մեծ, մասնավոր գարեջրի գործարանների արտադրած գարեջուր՝ խմբ․), այդ ուղղությունը Հայաստանի համար նոր է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգը։

 

Նրա խոսքով՝ հենց այս ոլորտում կարելի է ազատություն տալ երևակայությանը, արարել, թողնել սեփական ձեռագիրը։ Նա վստահ է, որ գինեգործության և կոնյակագործության մեջ դա անհնար է։

Ինչպե՞ս են պատրաստում գարեջուրը

 

Գևորգը բացատրում է, որ գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որը ստանում են գարու կամ այլ հացահատիկների հիման վրա՝ ածիկային քաղցուի սպիրտային խմորման եղանակով գարեջրի խմորիչների օգնությամբ։ Պատրաստման համար օգտագործում են չորս բաղադրիչ՝ ջուր, խմորիչ, գարու ածիկ, գայլուկ։ Քրաֆթ գարեջրագործությունը թույլ է տալիս հասնել նոր համերի ու բույրերի։

Օրինակ`գործարանում արտադրում են ծիրանի համով գարեջուր․ խմորման գործընթացի ժամանակ ծիրանի խյուս են ավելացնում։

 

Գարեջրի նկատմամբ հատուկ մոտեցմանն է անդրադառնում նաև ընկերության մարքեթինգի տնօրեն Սիրա Սարգսյանը։ Նա նշում է, որ գործարանը բացվել է 2018թ-ի ամռանը։ Սկզբում արտադրական հզորությունը կազմել է տարեկան 600 հազար լիտր։ Ընկերության շնորհիվ բացման պահից ի վեր 150 աշխատատեղ է բացվել։ Այսօր գործարանն արտադրում է ութ անուն գարեջուր, սակայն դա դեռ ամենը չէ․ տեսականին ընդլայնվելու է։

 

«Քրաֆթ գարեջուրը պաստերիզացված չէ, զտված չէ և թարմ։ Այդ պատճառով էլ վաղեմության ժամկետն ավելի կարճ է, բայց համային որակներն են բարձր։ Գարեջրի նկատմամբ հատուկ մոտեցում կա, եփում ենք փոքր քանակությամբ, բայց բարձր որակով», — ասում է Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ իրենց արտադրությամբ ուզում են փոքրիկ «գարեջրային հեղափոխություն» կատարել ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Ապրիլից Հայաստանում արտադրված գարեջուրը կարտահանվի Ռուսաստան, Վրաստան, ԱՊՀ երկրներ։

https://armeniasputnik.am

 

 

Be the first to comment on "Ինչո՞ւ բրիտանացին չի հեռանա Հայաստանից, իսկ հայկական գարեջուրը «կողողի» տարածաշրջանը"

Leave a comment

Your email address will not be published.


*