Հայերեն | English | Русский որոնել երկուշաբթի, 02 ապրիլի ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ Հասարակություն Իրավունք Տնտեսություն Քաղաքականություն Մշակույթ Սփյուռք և այլն ԳյուղատնտեսությունՏնտեսությունՄարզեր Վերահսկիչ պալատը պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցման ծրագրում չարաշահումներ է հայտնաբերել

Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումն է արել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված ծրագրերում: Այս անգամ օրենքի խախտման դրսևորումներ են հայտնաբերվել պետական սուբսիդավորմամբ պարարտանյութերի ոլորտում:

Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիր»-ը: Վերջինիս նպատակը մարզերի հողօգտագործողներին անհրաժեշտ պարարտանյութերը ձեռքբերելու հարցում աջակցելն ու հողերի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մթերքների արտադրության, ծավալների, ստացվող եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների համաձայն՝ այս ծրագրի շրջանակներում ձեռքբերված պարարտանյութերի քանակը 2016թ. կազմել է, ազոտական՝ 32 հազար տոննա, ֆոսֆորական՝ 320 տոննա և կալյումական՝ 840 տոննա: 2017թ. ձեռք է բերվել 25 հազար 545 տոննա ազոտական, 344 տոննա՝ կալյումական պարարտանյութ:

Պարզվել է, որ մարզերում 2016-2017թթ. անհրաժեշտ պարարտանյութերի պահանջարկի վերաբերյալ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերլուծության համաձայն՝ 2016թ. ազոտական պարարտանյութի պահանջարկը կազմել է 98,5 հազար տոննա, ֆոսֆորականինը՝ 88,8 հազար, կալյումականինը՝ 37,1 հազար տոննա: Նույն ուսումնասիրության համաձայն՝ 2017թ. ազոտական պարարտանյութի պահանջարկը եղել է 99,7 հազար տոննա, ֆոսֆորականինը 89,4 հազար, իսկ կալյումականինը՝ 37,6 հազար տոննա:

Պետական աջակցությամբ մատչելի գներով պարարտանյութ ձեռքբերելու ծրագրի շրջանակներում, ըստ Վերահսկիչ պալատի, պատվիրատուի կողմից 2016-2017թթ. չի իրականացվել ապրանքի ձեռքբերման և տեղափոխման ծախսերի շուկայական գների ուսումնասիրություն և չի կազմվել համապատասխան նախահաշիվ:

2016թ. մարզի հողօգտագործողների կողմից ներկայացվել է 32 հազ. տոննա ազոտական, 2000 տոննա  ֆոսֆորական և 1531 տոննա կալյումական պարարտանյութի պահանջարկ: Վերահսկիչ պալատը պարզել է, որ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններին բաշխվել է 31 հազ. 650 տոննա ազոտական (հաշվի առնելով նախորդ տարվա մնացորդը), 574 հազ. տոննա ֆոսֆորական և 1015 տոննա կալյումական պարարտանյութ:

«Նախարարության կողմից չի իրականացվել համապատասխան մոնիտորինգ, ինչպես նաև չեն կիրառվել հսկողական մեխանիզմներ ծրագիրը լիարժեք իրականացնելու և նպատակային արդյունքին հասնելու համար»,-եզրակացրել է Վերահսկիչ պալատը:

Ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. պարարտանյութերի մատակարարումն ու վաճառքն իրականացվել է ամբողջ տարվա ընթացքում, սակայն, սուբսիդավորման և տեղափոխման պայմանագրերը կազմվել են այնպես, որ ամբողջ գումարը մատակարարներին տրամադրվել են միանվագ՝ առաջին եռամսյակի ընթացքում, այլ ոչ թե փաստացի մատակարարումն իրականացնելուց հետո:

Կառավարության 2016թ. հունվարի 29-ի թիվ 73-Ն որոշմամբ, ինչպես նաև մատակարարման պայմանագրով նախատեսված է, որ չվաճառված ազոտական պարարտանյութի սուբսիդավորման և տեղափոխման դրամաշնորհի գումարները հետ են վերադարձվում պետական բյուջե: Չներկրված և չվաճառված մնացորդը կազմել է 2944 տոննա, որի արժեքը, ներառյալ տեղափոխման ծախսերը կազմել է 179 մլն 128 հազար դրամ: Նշված գումարը, Վերահսկիչ պալատի տվյալներով, չի փոխանցվել պետական բյուջե և միայն տվյալ բյուջետային տարվա ավարտից 45 օր հետո Գյուղատնտեսության նախարարի հրամանով հանձնարարվել է մատակարարին շարունակել ծրագիրը հաջորդ տարում և բախշել մնացորդը: Հետագայում այն հաստատվել է նաև կառավարության որոշումով:

Ինչ վերաբերում է չվաճառված 504,25 տոննա ֆոսֆորական և 559,45 տոննա կալյումական պարարտանյութերին, ապա դրանց ընդհանուր արժեքը, ներառյալ տեղափոխման ծախսերը, կազմել են մոտ 148 մլն 266 հազար դրամ: Այս գումարը կրկին չի վերադարձվել պետական բյուջե և կրկին նախարարի, ապա կառավարության որոշումով թույլատրվել է շարունակել բաշխումը հաջորդ տարվա ընթացքում:

 «Նշված անհատական ակտը հակասում է ՀՀ կառավարության 2016թ. թիվ 73-Ն նորմատիվ իրավական ակտին: Հարկ է նշել, որ մատակարարի կողմից Գյուղատնտեսության նախարարություն ուղարկած գրությունների համաձայն, մնացորդ ապրանքը՝ 2944 տոննայի չափով, 2016թ-ի ընթացքում չի ներկրվել ՀՀ-ի տարածք»,-եզրակացրել է Վերահսկիչ պալատը:

Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել են, որ 2016թ. մատակարարների կողմից չեն պահպանվել կառավարության որոշմամբ սահմանված մատակարարման պայմանները՝ պարարտանյութերը տրամադրվել են մինչև փաստացի վճարումը, ինչի արդյունքում ձևավորվել են պարտավորություններ: Չնայած այդ հանգամանքին կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի թիվ 1585-Ն որոշմամբ դադարեցվել են 2015 և 2016 թվականների համայնքներին պարարտանյութերի հատկացման արդյունքում «Բերիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի և «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հանդեպ ձևավորված համայնքների պարտավորությունները մոտ 165 մլն 255 հազար դրամի չափով:

Բացի այդ, 2016-2017թթ. պարարտանյութերի սուբսիդավորման պայմանագրերի գները համեմատելիս ստացվում է, որ 2017թ. ազոտական և կալյումական պարարտանյութերը ձեռք են բերվել ավելի ցածր գներով: 2017թ. սուբսիդավորման գումարները մատակարարներին տրամադրվել են կատարողականների հիման վրա, այլ ոչ թե միանվագ:

«Հետք»-ն օրեր առաջ անդրադարձել էր նաև նախարարության կողմից իրականացված գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի վերաբերյալ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումներին: Այս դեպքում ևս «Հրաշք այգի» ընկերությունը, օգտվելով տոկոսադրույքի սուբսիդավորումից, ստանձնել էր 151 մլն 871 հազար դրամ գումարի վարկային պարտավորություն 2% տոկոսադրույքով։ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը գյուղտեխնիկա մատակարարել է  իր կնոջը՝ Լենա Բաղդասարյանի հիմնադրած  «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ին:

Օրեր առաջ էլ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Լոռու մարզի երկու համայնքապետ է  ձերբակալվել, Միխայլովկա համայնքում չարաշահումներ են կատարվել պարարտանյութերի, իսկ Ձյունաշող համայնքում՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում: Շիրակի մարզի դատախազությունում էլ քրեական գործ է հարուցվել բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների յուրացումների վերաբերյալ:

Առաջիկայում կներկայացնենք նաև գյուղատնտեսության նախարարության դիրքորոշումը:

Be the first to comment on "Հայերեն | English | Русский որոնել երկուշաբթի, 02 ապրիլի ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ Հասարակություն Իրավունք Տնտեսություն Քաղաքականություն Մշակույթ Սփյուռք և այլն ԳյուղատնտեսությունՏնտեսությունՄարզեր Վերահսկիչ պալատը պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցման ծրագրում չարաշահումներ է հայտնաբերել"

Leave a comment

Your email address will not be published.


*