«Որդուս կերպարը բավականին բարդ է». առաջին լուսանկարները Մկրտիչ Արզումանյանի և որդու մասնակցությամբ նոր սիթքոմից

 

 

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» տրագիկոմեդիայում և «Քաոս» հեռուստասերիալում դրամատիկ դերով ներկայանալուց հետո Մկրտիչ Արզումանյանը կրկին եթերում կլինի հումորային կերպարով։ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանը կհամալրի նոր սիթքոմ՝ «Մեծից փոքր», որի գլխավոր հերոսներն են Մկրտիչ Արզումանյանն ու որդին` Ալեքսանդրը։

 

Tert.am Life-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է նախագծի առաջին լուսանկարներն ու մանրամասները։

 

Մկոն ու Ալեքսանդրը սիթքոմում ևս մարմնավորելու են հոր և որդու։ Զվարճալի դրվագները սկսվում են, երբ ինչ-որ հրաշքով նրանք մարմիններով փոխվում են։ Արդյունքում` հայրը որդու մարմնով պետք է հաճախի դպրոց, հոր մարմնում հայտնված որդին պետք է զբաղվի մեծերին հատուկ լուրջ գործերով և գլուխ հանի սիթքոմի երաժշտական պրոդյուսեր հոր աշխատանքից։

 

 

Ալեքսանդրը նախկինում նկարահանվել է «Նվագախմբի երեխաները» երաժշտական սիթքոմում։ Դերասան հայրիկի կարծիքով` այստեղ որդու առաջ շատ բարդ խնդիր է դրված։

 

«Տղայիս համար անհամեմատ ավելի շատ եմ անհանգստանում։ Դերն իրոք շատ բարդ է անգամ փորձառու դերասանի համար։ Ըստ էության` նրա առաջ դժվար խնդիր է դրված՝ պետք է խաղա իր տարիքից մի քանի անգամ մեծ կերպարի։ Հոգեբանորեն նա պետք է մտնի տարիքով մեծ մարդու կերպարի մեջ, որն արտահայտում է ձայնի, մունաթի, ժեստերի ու միմիկաների միջոցով»,- ասաց Մկոն՝ ավելացնելով, որ կարևորում է ռեժիսոր Հարություն Խալաֆյանի աշխատանքը, քանի որ նա յուրաքանչյուր տեսարանում մանրամասն աշխատում է դետալների վրա։ Մկոն նկատեց, որ նկարահանումից նկարահանում որդին ավելի է բացվում։

 

 

Դերասանը նկատեց, որ որդին ոգևորված է սիթքոմում նկարահանվելով, բայց անկախ նկարահանման ծանրաբեռնված գրաֆիկից, որպես հայր, ինքն ուշադիր է, որ որդու դասերը չտուժեն։ «Մեզ համար ուսումն ու դասերն ամենակարևորն են։ Իհարկե, կլինեն օրեր, երբ նկարահանումը կարող է խանգարել դասերին, բայց առավելագույնն անում ենք նման բաներից խուսափելու համար։ Նախորդ օրը նկարահանումը շատ ուշ էինք վերջացրել, բայց երբ եկանք տուն, դասերը պատրաստեց, այսօր դպրոցից զանգահարել էր, ասաց` մայրենիից 10 եմ ստացել։ Իսկապես, շատ ուրախացա։ Սա վկայում է, որ հաջողվում է համատեղել նկարահանումներն ու ուսումը»,– ասաց Մկոն։

 

 

Դերասանը նշեց, որ իր համար պատասխանատու, կարևոր և շատ հետաքրքիր է իր տղայի հետ հոր և որդու կերպարով ներկայանալ հեռուստադիտողին։ Նա շեշտեց, որ մինչև նկարահանումներն Ալեքսանդրի հետ պատրաստվել են, աշխատել։ Մկոյի խոսքով` որդին պատրաստ է այդ ծանր պատասխանատվությունն իր ուսերին վերցնել, իսկ գնահատականները կտան հեռուստադիտողները։

 

 

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ սիթքոմը հարթակ կդառնա նաև նոր դերասանների համար.  «Ուրախ եմ, որ Ucom-ի խիստ պահանջկոտ հեռուստադիտողներն ականատեսն են ոչ միայն վաստակաշատ դերասանների, այլև նոր, բոլորովին անհայտ, իրենց առաջին քայլերն անող դերասանների խաղին։ Նոր հեռուստաբովանդակությունը նշանակում է նաև նոր դեմքեր, նոր որակ, նոր լուծումներ։ Իսկ յուրաքանչյուր մասի շարունակությունը, սովորության համաձայն, հնարավոր է օր առաջ դիտել Ucom հեռուստատեսային ցանցի «Տեսավարձույթ» բաժնում»։

 

Նախագծի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, սցենարիստները` Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսիսյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են Աննա Մանուչարյանը, Մերի Հակոբյանը, Աննա Դովլաթյանը, Նաիրա Մովսիսյանը, Կայա Խուրշուդյանը, Ալեքսանդրա Սամոյլենկոն և այլք։

 

 

 

 

https://life.tert.am/am/

Be the first to comment on "«Որդուս կերպարը բավականին բարդ է». առաջին լուսանկարները Մկրտիչ Արզումանյանի և որդու մասնակցությամբ նոր սիթքոմից"

Leave a comment

Your email address will not be published.


*