Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմի հանրային կապերի բաժնից, որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ:

Արման Թաթոյանը Ժնևում Պատրիկ Վիալի  հետ հանդիպմանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամք և բուժում ստանալու վերաբերյալ։

 

 

Բարձրացվել է ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային եղանակով հաղորդակցությունն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ  Կարեն Ղազարյանի հետ հաղորդակցությունը ներկայումս իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս ծնողներին անմիջականորեն շփվելու իրենց որդու հետ։

 

 

Հանդիպման ընթացքում պաշտպանը բարձրացրել է նաև գլխավոր հարցը, որը վերաբերում է Կարեն Ղազարյանի վերադարձին՝ հաշվի առնելով, իհարկե, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես անկախ և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, չի տանում կողմերի անունից բանակցություններ նմանատիպ հարցերով, այլ միայն ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն և իրականացնում է դրա կազմակերպական աշխատանքները։

 

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները այս և մյուս հարցերով:

https://armenpress.am/arm/

Be the first to comment on "Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը"

Leave a comment

Your email address will not be published.


*