Արայիկ Հարությունյանը պարգեւատրել է Լոռիում ավտովթարից տուժածներին 1-ին օգնություն ցուցաբերած աշակերտներին

 

 

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 եւ թիվ 6  հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապ օգնություն եւ փրկարար ծառայություն:

 

 

Տղաներից երկուսը`  Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ (բ) դասարաններում: Դեպքը հանրային մեծ արձագանք է ստացել եւ առիթ  հանդիսացել, որ նախարարը նրանց հրավիրի հանդիպման. «Ուզում էի, անպայման, ծանոթանալ եւ զրուցել ձեզ հետ:

 

Մեզ համար կարեւոր է, որ երեխաները դպրոցում ստանան այնպիսի հմտություններ եւ գիտելիքներ, որոնք  նաեւ առօրյա կյանքում ունեն կիրառական նշանակություն: Սա նախարարությունը դիտարկում է առաջնային հարց` կրթության արդյունավետության տեսանկյունից»,- նշել է նախարարը եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զինղեկ Արկադի Մարտիրոսյանին` արդյունավետ մասնագիտական աշխատանքի համար: « Դպրոցներում այսօր բազմաթիվ խնդիրներ կան,  որոնք լուծում են պահանջում:

 

 

Մենք հաճախ լսում ենք արդարացի բողոքներ, որ դպրոցում ստեղծված պայմանները բավարար չափով չեն խթանում մանկավարժի արդյունավետ աշխատանքը:  Կոնկրետ Ձեր դեպքը ցույց է տալիս, որ դպրոցներում մենք ունենք իրենց աշխատանքը լավագույնս կատարող մանկավարժներ: Ձեր աշխատանքի արդյունքը գործնական դրսեւորում է ստացել տղաների փրկարարական վարքագծով»,- նշել է Արայիկ Հարությունյանը` դիմելով հանդիպմանը ներկա Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցչին :

 

 

Նախարարի խոսքով` իր համար կարեւոր է հասկանալ, թե նույն առարկայի դասավանդումը ինչո՞ւ է մի դպրոցում լավ արդյունքներ տալիս, մեկ այլ դպրոցում` ոչ:  Այս համատեքստում նախարար Հարությունյանը կարեւորել է դպրոցում դասավանդվող  բոլոր առարկաների, մասնավորապես `  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը եւ շեշտել, որ դրական փորձն անհրաժեշտ է  փոխանցել նաեւ մյուս դպրոցներին:

 

 

 

ՀՀ ԿԳ նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգեւատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտները եւ զինղեկը արժանացել են ԿԳՆ պատվոգրերի: Աշակերտները նախարարից ստացել են նաեւ Technology and Science Dynamics ընկերությանը հայկական արտադրության «Արմթաբ»  համակարգիչներ, որոնք տրամադրվել են արտադրողի կողմից:

Նշենք, որ աշակերտներից երկուսը` Էդմոնդը եւ Էդիկը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործող հրշեջ-փրկարար ջոկատի անդամներ են: Ջոկատը ստեղծվել է 2008 թվականից դպրոցի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության ծրագրի շրջանակում:

Փրկարարական հմտություններ աշակերտները սովորել են դպրոցում`  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական նյութերի շրջանակում` զինղեկ, արցախյան ազատամարտի մասնակից  Արկադի Մարտիրոսյանի պահանջկոտ, բայց, ինչպես իրենք են խոստովանում, նաեւ հետաքրքիր դասերի ժամանակ:

Հանդիպման ընթացքում նախարարը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ  եթերում ներկայացրել է աշակերտներին:

Be the first to comment on "Արայիկ Հարությունյանը պարգեւատրել է Լոռիում ավտովթարից տուժածներին 1-ին օգնություն ցուցաբերած աշակերտներին"

Leave a comment

Your email address will not be published.


*