Տանկերի ապագա կին նավապետը երազում է գալ Հայաստան

 

 

Վրացահայ ուսանուղուհի Լուսինա Թամարյանի ամենամեծ երազանքը նավապետ դառնալն է։

 

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

 

Կապիտան չեն դառնում, այլ ծնվում են, նման կարծիքի է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանող Լուսինա Թամարյանը։ Նա 21 տարեկան է և երազում է երկու բանի մասին՝ դառնալ նավապետ, ինչը թույլ կտա շրջագայել ամբողջ Երկրով և այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։

Լուսինեն Բաթումում ծնված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նրա նախնիները Մուշից հրաշքով են փրկվել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրն արդեն ծնվել է Վրաստանում, Լուսինեն, համապատասխանաբար, նույնպես։ Երեք տարի առաջ աղջիկը կյանքում կարևորագույն ընտրություն է կատարել՝ ընդունվել է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ծովային նավիգացիայի ֆակուլտետ։ Այսօր նա արդեն երրորդ կուրս է և պատրաստվում է պրակտիկան անցկացնել հեռավոր նավարկությունում։

 

«Ծովը միշտ գրավել է ինձ։ Մանկուց սիրել եմ նայել ալիքներին և պատկերացրել եմ, որ մի օր դուրս կգամ բաց ծով», — ասաց Թամարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

© PHOTO : PROVIDE BY LUCINE TAMARYAN
Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանող Լուսինա Թամարյանը՝ նավապետի կամրջակում

Աղջկան երբեք չեն գրավել կանանց մասնագիտությունները, բայց նավաստի դառնալու որոշումը նա ընդունել է վերջին պահին։

Քննություն հանձնելուց առաջ Լուսինեն մտածել է, որ դա իր համար կատարյալ տարբերակ կլինի՝ հաշվի առնելով ծովի նկատմամբ սերը։ «Մասնագիտությունը թույլ կտա ինձ աշխատել, ճանապարհորդել», — ասում է Լուսինեն։

 

Ի դեպ, ընտանիքն ըմբռնումով է մոտեցել նրա ընտրությանը և չի փորձել հակառակը  համոզել աղջկան. հաշտվել են նույնիսկ նրանք, ում դուր չի եկել նրա ընտրությունը։ Լուսինեի կուրսում սովորում է մոտ 160 մարդ, խմբում 25 տղա կա և մեկ աղջիկ՝ ինքը։

 

«Տղաներն ապշած էին, երբ իմացան, որ ես սովորելու եմ իրենց հետ։ Հիմա նրանք հպարտանում են, հարգում են իմ ընտրությունը և ձգտումը», — ասաց Լուսինեն։

 

Հիմա Լուսինեն պատրաստվում է մեկնել հեռավոր նավարկության՝ որպես պրակտիկա։ Նա սովորական է համարում իր մասնագիտությունը, ուղղակի մարդիկ են իր որոշումն անսովոր ընդունում։

 

«Ծովում ասես ամպերի մեջ լինես։ Մենք օդաչուների նման պետք է բուժզննություն անցնենք, հոգեբանորեն կայուն լինենք, առավելագույն կերպով կենտրոնացած», — ասում է Լուսինեն։

Նրա խոսքով՝ լավ նավաստի դառնալու համար անհրաժեշտ են գիտելիքներ և ճարպկություն։ Թամարյանի համար ամենաբարդը առաջին անգամ բաց ծով հեռավոր նավարկության գնալն է։ Սակայն աղջիկը չի վհատվում. Լուսինեն իր առջև նպատակ է դրել դառնալ տանկերի նավապետ և պատրաստ է սպասել երազանքի իրագործմանը 10-15 տարի։

 

 

Նրան չեն վախեցնում ո՛չ փոթորիկը, ո՛չ ալիքները։ Հայուհին խորհուրդ է տալիս մյուսներին, ովքեր երազում են ծով դուրս գալ, դադարել երազել, նպատակ դնել և հասնել դրան։ Ապագայում Լուսինեն անպայման կայցելի պատմական հայրենիք՝ Հայաստան, որպեսզի ծանոթանա իր արմատներին։

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Տանկերի ապագա կին նավապետը երազում է գալ Հայաստան"

Leave a comment

Your email address will not be published.


*