Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին․ ԱՄՆ-ի կոնգրեսական

 

 

«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին», — նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

 

Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաեւ եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները, հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Համեմատեք դա Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, այն իրական «թավշյա հեղափոխության» հետ, որը կատարվեց երիտասարդների օգնությամբ»:

Կոնգերսականը նշեց, որ հայ ժողովուրդը բավարար կամք եւ իմաստություն ունեցավ 2018-ի գարնանն արյունալի իրադարձություններից խուսափելու համար.

 

 

«Ես բոլորովին էլ զարմացած չեմ: Ինձ համար զարմանալի չէ, որ «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ: Զարմանալի չէ նաեւ, որ այն խաղաղ էր, եւ անշուշտ զարմանալի չէ, որ դրա շարժիչ ուժը երիտասարդներն էին, քանի որ երիտասարդներն ունեն ավելի պարզ տեսլական եւ ի տարբերություն ավելի տարեցների, կաշկանդված չեն: Պետք է ասեմ, որ ապագայի նկատմամբ երիտասարդների այդ պարզ տեսլականն ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել»:

Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի՝ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված կոռուպցիայի հաղթահարում, ժողովրդավարության ամրապնդում եւ կանանց ու տղամարդկանց իրական հավասարությունը: Այնուամենայնիվ, Աննա Էշուն, ով Հայաստանում էր «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ, կասկած չունի՝ Հայաստանի քաղաքացիներին կհաջողվի ավարտին հասցնել սկսած գործը.

 

«Հայ ժողովուրդը շատ խելացի է ու հավատացած եմ՝ նրանք այդ փոփոխությունները կիրականացնեն եւ կանայք նույնքան տեղ կունենան երկրի կյանքում, որքան տղամարդիկ»:

 

 

Երիտասարդներն իրենց հերթին հետաքրքրվեցին՝ ինչպես է Աննա Էշուին հաջողվել քաղաքականության մեջ հաջողության հասնել Միացյալ Նահանգներում՝ լինելով ցեղասպանությունից փրկված հայի եւ ասորի ներգաղթյալների դուստր: Կոնգրեսականի խոսքով, հաջողության բանալին փոփոխությունների հանդեպ բաց լինելու եւ խելամիտ ռիսկն ընդունելու մեջ է.

 

«Սեփական փորձից կարող եմ ասել՝ երբեմն այդ նորն ընդունելը շատ դժվար է, սակայն, պետք է ընդունել փոփոխությունները եւ առաջ շարժվել»:

https://armtimes.com/

Be the first to comment on "Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին․ ԱՄՆ-ի կոնգրեսական"

Leave a comment

Your email address will not be published.


*