Այսօր մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է

 

Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 90-ամյակը: Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան:

 

Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր: Թեև  բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ-ում և աշխարհում :

 

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը  ավելի քան 15 տարի  մնաց  անպարտելի: Նա  հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն/օղակներ, զուգափայտ, պտտաձող  մրցաձևերում: Եվրոպայի կրկնակի  և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի  միակ հայ մարզիկն է , ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :

 

Մեր ժողովուրդն այսօր տոնում  է հանճարեղ մարմնամարզիկի 90 –ամյակը :

Ազարյանական լեգենդը ճյուղավորվել, տարածվել է աշխարհով մեկ: Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային  անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում:

 

 

Նրա ստեղծած ընտանիքը  երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև  չեմպիոնական ընտանիքի մայրը  :  Նկատի ունենք  մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանինով  նույնպես սպորտային մարմնամարզությունից   ԽՍՀՄ սպորտի վարպետ  է   և  Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :

Ալբերտ  Ազարյանն արժանացել է  ԽՍՀՄ ,  ՀԽՍՀ   և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին: Այդ ամենով հանդերձ նա  երբևիցե չի տառապել աստղային հիվանդությամբ  ու մնացել է նույն  համեստ , հասարակ հայ մարդը :

 

 

Հենց  այս հատկանիշներով  է  մշտապես վեր բարձրացել մեր հոբելյարը, որի համար  կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է, փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը, առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դարձնելը:

 

«Արմեդիա» ՏՎԳ շնորհավորում է Հայաստանի 20 –րդ  դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան օրվա կապացությամբ: Մաղթում  ենք քաջառողջություն , երկարակեցություն, երջանկություն և դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ:

https://armedia.am/arm/

 

Be the first to comment on "Այսօր մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է"

Leave a comment

Your email address will not be published.


*