Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

 

 

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին, Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։

 

 

Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, ապա Երևանի պետական կոնսերվատորիան։ 1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։ 1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։

 

 

1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ 2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։ 2007 թվականին հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով։

 

2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: 2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

 

 

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։

https://haydzayn.com/

Be the first to comment on "Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*