Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին

 

Երևանցի մեխանիկը սովորական մեքենան վերածել է էլեկտրականի ու չի հիասթափվել իր արածից։ Նա իր օրինակով համոզում է մյուսներին։

 

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Դավիթն իր մեքենան չի սնուցում ո՛չ շարժիչի յուղով, ո՛չ էլ հակասառուցիչով (անտիֆրիզ)։ Ու ոչ թե այն պատճառով, որ վախենում է կեղտոտել ձեռքերը։ Հակառակը՝ նա մեծ փորձ ունեցող ավտոմեխանիկ է, աշխատում է առավոտվանից մինչև ուշ երեկո։ Պարզապես նրա մեքենան բենզինի, գազի ու յուղի կարիք չունի, որովհետև էլեկտրամոբիլ է, ընդ որում՝ «տնային»։ Դավիթն ավտոմեքենան էլեկտրամոբիլի է վերածել սովորական փոքրալիտրաժ մեքենայից՝ փոխելով շարժիչը։

«Այս մեքենան շատ հեշտ է լիցքավորվում», — ասում է Դավիթն ու բացում բենզաբաքի կափարիչը։ Այնտեղից նա սովորական խրոցակ (штепсель) է հանում ու մտցնում վարդակի մեջ։

 

«Այո, ընկերներս էլ էին ասում, որ խաղալիքի է նման, — ծիծաղում է Դավիթը, — իսկ հիմա եթե ինչ-որ մեկի մեքենան փչանում է, միանգամից ինձ մոտ են գալիս։ Ասում են՝ մի քանի օրով մեքենադ կտա՞ս»։

Այս մեքենան շատ ավելի հազվադեպ է վերանորոգման կարիք ունենում, որովհետև ո՛չ սառեցման համակարգ ունի, ո՛չ յուղ, ո՛չ վառելիքային խողովակներ, ո՛չ էլ նույնիսկ փոխանցման տուփ։

 

Շատերս ենք նկատել այդ յուրահատկությունը հատկապես փոքր տարիքում, երբ հաջողվում էր վարորդի խցիկի մեջ նայել (հետաքրքիր է, չէ՞)։ Ավտոբուսում արագության բռնակ կար, իսկ տրոլեյբուսում կամ տրամվայում, չգիտես ինչու, չկար։

«Այստեղ փոխանցման տուփ պետք չէ։ Ես այն պարզապես թողել եմ, սովորության համաձայն` ձեռքս դրա վրա եմ դնում, — ժպտում է Դավիթը։ — Այստեղ պետք չէ արագություն փոխել, ամեն ինչ կարգավորում է գազի ոտնակը»։

 

Նա մեքենայից հանել է ստարտերն ու գեներատորը։ Մնացել են միայն շարժիչը, լիցքավորիչն ու ինվենտորը, որը բարձր լարվածությունը ձևափոխում է լիցքավորիչում, ցածրը՝ շարժիչի աշխատանքի համար։

 

Շուտով Հայաստանում կհայտնվի էլեկտրական լիցքավորման քսաներեք նոր կետ։ Հիմա դեռ յոթն են։

«Բայց, ինչպես ասացի, դրանք կարելի է լիցքավորել սովորական վարդակից։ Այնպես որ կարելի է կանգ առնել, օրինակ, սովորական բիստրոյի մոտ։ Ճիշտ է` ամեն տեղ չէ, որ թողնում են լիցքավորել։ Վախենում են, որ մեքենայովս կսնանկացնեմ նրանց։ Բայց շատերը սիրով համաձայնում են», — ժպտում է Դավիթը։

 

Ինչպե՞ս կարելի է սնանկացնել։ Շարժիչի հզորությունը 20 կիլովատ է։ Լիցքավորիչների ամբողջական լիցքավորումը մոտ 700 դրամ է կազմում։ Իսկ «մի թեթև» լիցքավորվելը չնչին գումար է կազմում։

 

«Սուտ եք ասում, — կասեն տաքարյուն հայ վարորդներն ու կավելացնեն, — մենք էլ մտածում էինք՝ լուրջ բան ենք կարդում»։

Քչերը կհավատան, բայց կրկնակի քիչ գումար է ծախսվում, երբ մեքենան լիցքավորվում է էլեկտրականությամբ, ոչ թե գազով, էլ չենք խոսում բենզինի մասին։ «Այո, երկու անգամ ավելի էժան է։ Ինձ էլ սկզբում չեն հավատում, հետո համոզվում են», — ժպտում է Դավիթը։

 

Բացի այդ, շարժիչն ինքնուրույն է լիցքավորվում, թեև այս հարցում համոզվելու անհրաժեշտություն չկա․ դա վաղուց է հայտնի։ Ռեկուպերացիան վաղուց հայտնի երևույթ է, մեծ մեքենաների դեպքում 90-ականների վերջից է գործում։ Հիմա էլեկտրամոբիլների դեպքում ավելի լայն տարածում է ստացել։ Դրա օգնութամբ թեթև կարելի է արգելակել հենց շարժիչից։ Այդ ժամանակ էներգիան արգելակումից լիցքավորիչ է վերադառնում։ Օրինակ` Երևանի հյուսիսային շրջաններից հարավային իջնելիս (ճանապարհին անընդհատ պետք է արգելակել), էներգիայի 20-30%-ը կվերադառնա լիցքավորիչ։ Միայն ուժգին արգելակման ժամանակ է միանում մեխանիկական համակարգը, որտեղ ռեկուպերացիան արդեն չի աշխատում։

Իսկ եթե էլեկտրամոբիլը խցանման մեջ է, շարժիչն ընդհանրապես չի աշխատում և էլեկտրականություն չի ծախսում։ Ստացվում է` խաչմերուկի լուսացույցի մոտ սպասելու ընթացքում դուք շնչում եք միայն ուրիշների մեքենաների, ոչ թե սեփական մեքենայի արձակած ծուխը։

 

Իր «առաջին կյանքի» ընթացքում ներքին այրման շարժիչով մեքենան մոտ 90 հազար կիլոմետր է անցել։ Էլեկտրական շարժիչով` արդեն ավելի քան 10 հազար։ Դավիթը վստահեցնում է, որ պետք չէ նոր շարժումներ սովորել ու վարորդական նոր սովորություններ ձեռք բերել։

 

Դավիթը չի փորձում հրաժարվել նաև իր ինժեներական սովորություններից։ Նա չի սիրում մեկընդմիշտ խնդիրը լուծած համարել։ Հիմա էլ մտածում է` ինչպես կարելի է էլեկտրոնիկա միացնել մեքենայի սարքատախտակին։ Այստեղ զրոյից սովորելու հարց չկա. նա Պոլիտեխնիկի ռադիոտեխնիկայի ու կապի ֆակուլտետն է ավարտել։ Հիմա նրա մեքենայի վրա փորձարկում են վարելու նոր համակարգերը, որոնք ստեղծում են ամերիկյան National Instruments-ի երևանյան գրասենյակում։ Ինժեներների հայկական թիմը ընկերության առաջատարներից է։ Թե ինչ համակարգեր են փորձարկվում Դավթի մեքենայի վրա, մենք արդեն գրել ենք։

 

 

«Ամեն տարի մեքենայիս վրա մի նոր բան ենք դնում։ Նախորդ տարի ցույց տվեցինք՝ ինչպես է աշխատում ավտոմատ արգելակման ու ճանապարհից շեղվելու զգուշացման համակարգը։ Բայց ամեն տարի մի նոր բան ենք փորձարկում։ Այդ պատճառով լավ կլիներ, որ Պոլիտեխնիկի ուսանողներն այստեղ պրակտիկայի գային։ Ուրախությամբ հրավիրում եմ», — կրկին ժպտում է Դավիթը։

Հայաստանի ուսանողների արտադրական պրակտիկան չափազանց քիչ է։ Ի՞նչ կարող է այստեղ փոխել մեկ մարդը։ Ավելի շատ, քան թվում է։Դավիթը դա սեփական օրինակով է ցույց տվել։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին"

Leave a comment

Your email address will not be published.


*