Մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա (լուսանկարներ)

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ:

 

 

Նրան և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ:

 

 

Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառ»-ի արարողություն:

 

«Դարերի ընթացքում դժվարություններ ու փորձություններ է դիմագրավել մեր ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով ցրվել աշխարհով մեկ, բայց ամենուր, առաքյալի պատվերի համաձայն, պահպանել է հավատարմությունը առ Աստված, համբերել նեղությունների և գովարժան գործերով բարձրացրել իր կյանքը: Ինչպես որ աշխարհասփյուռ հայ համայնքներում, այստեղ՝ Ավստրալիայում նույնպես հայ համայնքի պատմությունը եղել է փորձությունների հաղթահարում, նոր հաջողությունների կերտում, Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության գովելի վկայություն:

 

 

Դուք այստեղ համախմբվել եք աշխարհի տարբեր հայ համայնքերից և բերելով ու պահպանելով ձեր ավանդույթները, դրանց գեղեցիկ բազմազանությամբ հարստացրել ու բարեզարդել եք Սիդնեյի համայնքը: Անցյալ դարի կեսերից այստեղ ծուխի հաստատումը և Սուրբ Հարություն եկեղեցու հիմնումն ու նրա շուրջ համախմբումը առավել աշխուժացրեց ազգային և հոգևոր-եկեղեցական կյանքը Սիդնեյի հայ համայնքի: Ծխական կյանքի առաջընթացին մեծապես նպաստեցին հայալեզու դպրոցների բացումը, տիկնաց և երիտասարդաց միությունների, տարեցների խնամքի կազմակերպության հաստատումը, ազգային, բարեսիրական և մշակութային բոլոր այն կառույցները, որ հիմնադրվել և գործում են ձեր ջանքերով:

 

Այսօր դուք նույն նախանձախնդիր ոգով զորացնում եք ազգային-եկեղեցական ձեր կյանքը, շեն ու բարօր պահում ձեր եկեղեցին, ազգային, մշակութային հաստատությունները: Բարեպաշտ ձեր ընթացքը դուք զարդարում եք եկեղեցանվեր գործերով, մանուկ սերնդի հոգատար դաստիարակությամբ՝ ջանալով ձեր զավակների հոգում սերմանել հավատքն առ Աստված և սերը առ ազգն ու հայրենին, որպեսզի նրանք էլ՝ արմատավորված Քրիստոսին, ընդունեն Աստծո շնորհները և շարունակեն մեր ժողովրդի` Քրիստոսին հավատարիմ ազգային իրենց կյանքը: Ձեր ջանքերի բարի արդյունքները բերկրությամբ են լցնում համայնքի յուրաքանչյուր անդամի հոգին, ինչպես նաև Հայրապետիս սիրտը», – ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը:

 

 

Վեհափառն ընդգծեց, որ թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են ավստրալաբնակ հայորդիների աստվածասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ հայրենիքի հանդեպ հայ համայնքի կողմից մշտապես դրսևորվող սիրուն և զորակցությանը` հաստատելով, որ զորեղ սփյուռքը նաև ուժ և զորություն է հայրենիքին, ինչպես հայրենիքը ուժ և զորություն է սփյուռքի համար, երաշխավորը սփյուռքի գոյատևման և պայծառության:

 

Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու սրահում տեղի է ունեցել հանդիպում մարդկանց հետ

http://operativ.am/

Be the first to comment on "Մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*