Սկսվում է հաջորդ՝ հույսերի եւ խոստումների իրականացաման համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլ․Արմեն Սարգսյանի ուղերձը՝ պատգամավորներին(տեսանյութ)

 

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Այս մասին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում ասաց  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը:

 

 

«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Հարգելի պատգամավորներ,  դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա հավելեց, որ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական,  մշակութային և կրթական կյանքին:

 

«Պատմություն դարձած 2018թ.-ը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական, քաղաքական հոգու բազմաթիվ դրսևորումների տարի էր: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ու միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ՝ հույսերի և խոստումների արդարացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:

 

Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից, և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանն իր ելույթում մատնանշեց այն առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են Ազգային ժողովի և պետական մարմինների առաջ:

 

«Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարևորագույն սկզբունք, նպատակ: Նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեքորեն իրականացված: Նպատակ, որին պետք է ձգտել մշտապես կատարելագործելով ու անցնելով երկար ճանապարհ:

 

Այսպիսով՝ նոր Հայաստան կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում: Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը: Ներկայումս թե իրավական հարթության վրա, թե գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության բաղկացուցիչ կարևորագույն մասը: Հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում»,- նշեց Արմեն Սարգսյանը:

 

ՀՀ նախագահը նոր Ազգային ժողովին մաղթեց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

https://news.am/

Be the first to comment on "Սկսվում է հաջորդ՝ հույսերի եւ խոստումների իրականացաման համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլ․Արմեն Սարգսյանի ուղերձը՝ պատգամավորներին(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*