Արսեն Թորոսյանն անակնկալ այցեր է կատարել դպրոց, մանկապարտեզ և պոլիկլինիկա

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անակնկալ այցելություններ է կատարել Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց, թիվ 30 մանկապարտեզ և Երևանի Կառլեն Եսայանի անվան պալիկլինիկա:

 

Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցում նախարարի պաշտոնակատարը տնօրեն Անահիտ Ուզունյանի հետ շրջել է ուսումնական հաստատությունում, շփվել երեխաների հետ, ստուգել դասասենյակներում օդի ջերմաստիճանը:

Դպրոցի տնօրենը նախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ հիվանդ երեխաները հետ են ուղարկվում տուն: «Առավոտյան բուժքույրը մեկ առ մեկ ստուգում է երեխաներին: Այսօր հինգ երեխայի հետ է ուղարկել տուն: Դասապրոցեսը բնականոն հունով է ընթանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ուզունյանը:

 

Թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Աննա Սալոյանի հետ նախարարը շրջել է սենյակներով, ստուգել խմբասենյակների ջերմաստիճանը: Նախադպրոցական հաստատության տնօրենը նշել է, որ հիվանդ երեխաներին ծնողները մանկապարտեզ չեն բերում: «106 երեխայից այսօր հաճախել է 63-ը: Նրանցից 20-ը հիվանդ է, մյուսները վախենում են երեխաներին բերել հաստատություն: Մենք առավոտյան ջերմաչափում ենք իրականացնում»,-ասել է նա:

 

Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն էլ Արսեն Թորոսյանին ասել է, որ տոն օրերին պոլիկլինիկայում իրականացվել է սահմանված հերթապահություն, այցելությունները, սակայն, շատ քիչ են եղել:

Պոլիկլինիկայի իմունականխարգելման սենյակում Թորոսյանը հետաքրքրվել է, թե ինչպիսին է գրիպի իմունիզացիայի վիճակը, ինչին ի պատասխան համապատասխան մասնագետը պատասխանել է, որ քաղաքացիները պատվաստվում են հիմնականում այս սեզոնին: «Գրիպի դեմ պատվաստվում են և առողջ մարդիկ, և ռիսկի խմբում գտնվողները: Հղիները, սակայն, սարսափում են վակցինացիայից»,-նշել է նա:

 

Աննա Սիսոյանը հավելել է, որ պոլիկլինիկա սեզոնային սուր շնչառական հավանությունների առումով մարդիկ ևս դիմում են և գնալով այցերը շատանում են:

 

Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին և վերահսկելի է: Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:

https://armenpress.am/

Be the first to comment on "Արսեն Թորոսյանն անակնկալ այցեր է կատարել դպրոց, մանկապարտեզ և պոլիկլինիկա"

Leave a comment

Your email address will not be published.


*