«Մեկ ցանկություն ունեմ, որ իմ երգերը մշտապես հնչեն». այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է

 

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Կարապետի Համբարձումյանի ծննդյան օրն է. նա ծնվել է 1925թ. է հունվարի 9-ին Երևանում: Դեռ վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։

 

Ականավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը պատմում էր, որ առաջիններից մեկը ինքն է լսել շնորհալի դպրոցականին, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, իսկ հետո էլ հորդորել է ստանալ երաժշտական կրթություն և ոտք դնել երգի արհեստավարժ բնագավառ։ Ապագա երգչուհին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։

 

«Միայն մեկ ցանկություն ունեմ, որ իմ երգերը մշտապես հնչեն հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով»,- մի առիթով ասել է սիրված երգչուհին:

 

Օֆելյա Համբարձումյաի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

1944 թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։

 

Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել Օֆելյա Համբարձումյանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։

 

Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնաց անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։

Անվանի արվեստագետը վախճանվել է 91 տարեկանում:

 

Օֆելյա Համբարձումյանի շիրմաքար-հուշարձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

https://mamul.am/

Be the first to comment on "«Մեկ ցանկություն ունեմ, որ իմ երգերը մշտապես հնչեն». այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*