«Ամուսնանալն իմ կյանքի նպատակը չէ». Անի Լուպեն՝ ընտրյալին գաղտնի պահելու պատճառի, նրա հետ հարաբերությունների ու գործնական նպատակների մասին

Տարիներ առաջ  վենեսուելլացի գործընկերոջ հուշումով ու խորհրդով Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե ու բեմական գործունեության ընթացքում հանդես եկավ հենց այդ անունով: Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհին նաև պարուհու ու երգչուհու մասնագիտական կրթություն է ստացել: Անին ասում է՝ ես ամեն ինչ չափի մեջ չեմ սիրում, քանի որ ամեն մարդ իր չափն ունի, ոչ ոք քո չափը չի որոշում:

Tert.am Lifeն անկեղծ զրույց է ունեցել Անի Լուպեի հետ թատրոնում հայտնվելու, ընտրյալի հետ հարաբերությունների, անձնական ու ստեղծագործական ծրագրերի մասին:

Անի Լուպեն նույն ինքը Անի Գրիգորյանն էորտեղի՞ց է գալիս «Լուպե» կեղծանունը, ի՞նչնախապատմություն ունի:

-Տասը տարի և ավելի առաջ էր, երբ երգում էի իսպանական կենտրոնում: Այնտեղ Վենեսուելլայից մի երգիչ կար՝ Վիկտոր Արմանդո Ռոխասը, ում հետ աշխատում էի:

Մի օր իրեն հարցրի՝ ինչո՞ւ է ձեզ մոտ երկու անուն, մեկ ազգանուն, ասաց՝ մեզ մոտ մեկը հայրիկի անունն է, մյուսը՝ քո, ասաց՝ դու էլ կարող ես Գուադա Լուպե լինել (Իրենց սիրո աստվածուհու անունն է), քեզ շատ է սազում, ասացի՝ այդպես չի լինի, որ ասեն՝ Անի Գուադա Լուպե, ասաց՝ կրճատ են ասում՝ Անի Լուպե: Այդպես էլ մնաց: Շարունակեցի երգել լատինո ոճում, մի օր հարցրին՝  ինչպե՞ս ներկայացնենք՝ Կամերային թատրոնից Անի Գրիգորյա՞ն, այդ պահին հիշեցի գործընկերոջս խոսքն ու ասացի՝ Անի Լուպե: Հիմա արդեն այնքան հարազատ է դարձել, ազգանունս չեմ էլ հիշում։)

-Ուսանողական տարիներից եք աշխատել թատրոնում, սկզբում` Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, իսկ 2010-ից մինչև այսօր Կամերային պետական թատրոնում եք: Ի՞նչպես ընտրեցիք դերասանի մասնագիտությունը, թատրո՞նը Ձեզ գտավ, թե՞ Դուք նրան:

-Եթե անկեղծ, ես ուզում էի պարուհի դառնալ, իսկ փոքր ժամանակ շատ էի սիրում նկարել: Գնացի Պարարվեստի ուսումնարան, որտեղ սովորեցի 4 տարի, հետո արդեն կամ պետք է այնտեղ շարունակեի սովորել, կամ Թատերական ընդունվեի: Այնպես չէր, որ միշտ երազել եմ դերասանուհի դառնալ, բայց այդ ամենի մեջ էի: Ի վերջո, չշարունակեցի պարել, գնացի Թատերական ինստիտուտ: Այն ժամանակ՝  2001 թվականին, դեռ ծանոթ չէի մյուզիքլ ժանրին, բայց երբ ինձ հարցրին` ո՞ր բաժին եմ ուզում ընդունվել՝ դրամատի՞կ, թե՞ մյուզիքլ, միանգամից ընտրեցի մյուզիքլը։ Այն ինձ հետաքրքիր էր, քանի որ անծանոթ էր: Այս ժանրը թույլ է տալիս և՛ երգել, և՛ պարել, և՛ խաղալ: Երբ ինձ հարցնում են` երգչուհի ես, թե դերասանուհի, պատասխանում եմ՝ ամեն ինչն էլ սովորել եմ: Չեմ կարող առանձնացնել՝ ես դերասանուհի եմ, թե երգչուհի, իմ պարագայում դրանք փոխկապակցված են:

– Հայ ընտանիքները կարծրատիպային մոտեցում ունեն դերասանի մասնագիտության հանդեպ։ Խոչընդոտների հանդիպե՞լ եք ընտանիքի անդամների կողմից:

-Չէ, իմ ընտանիքում այդպիսի բաներ չեն եղել, որովհետև ես այնպիսի մարդ եմ, որ եթե մի բան չսիրեմ, ես չեմ շարունակի զբաղվել դրանով։ Մերոնք, իմանալով այդ ամենի մասին, ինձ ազատ էին թողնում ընտրության հարցում:

– 2013-ին Դուք արժանացաք «Արտավազդ» մրցանակի՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: Դա ինչ-որ բան փոխե՞ց Ձեր հետագա գործունեության մեջ, ազդե՞ց մոտիվացիայի վրա։

-Եթե ասեմ ոչ, ճիշտ չի լինի, որովհետև ամեն դեպքում այդ պահին դու քեզ ինչ-որ չափով գնահատված ես զգում, այսինքն` դու հասկանում ես, որ քո արած գործը մասնագետները գնահատել են և քեզ լավ ես զգում: Իհարկե, քո խաղը կարող է մեկին դուր գալ, մյուսին` ոչ այնքան, բայց երբ իմ ռեժիսորը՝ Արա Երնջակյանը, ասում է՝ այո՛, լավ էր, դա ինձ համար ամեն ինչ արժե, «Արտավազդից» էլ բարձր է: Կստեմ, եթե ասեմ, որ դա էլ իմ մեջ չի առաջացրել ավելի լավ աշխատելու ձգտում, բայց  դա շատ կարճ է տևում: Դու հասկանում ես, որ ստանում ես մրցանակ, հաջորդ վայրկյանին դատարկություն է լինում, այսինքն` դու էլ ի՞նչ աշխատես այս պետությունում, ի՞նչ ստանաս: Չկա զարգացում, վերջ: Տեսեք, ես ստացել եմ, ես բավարարվել եմ, ես շնորհակալ եմ, բայց մտածում եմ՝ լավ, բա հետո՞: Հետո չկա: Դա է ու վերջ:

-Նկատի ունեք` մեր երկրում դերասանի աշխատանքը հեռանկարային չէ՞:

 -Տեսեք, թեկուզ թատրոնում և կինոյում, ինչի՞ն ձգտես, բացի գումար աշխատելը: Այստեղ ֆիլմը գնահատողների արժեքները կորել են, նյութականը եկել է առաջ: Երբ մի բան անում ես, մտածում ես՝ ինչո՞ւ անես, եթե կողքինդ կարող է գումար տալ ու իր ֆիլմը կամ ներկայացումը առաջ տանել: Արժեքները կորել են, նյութականը գերակա է դարձել: Քեզ մնում է միայն քո արածից հաճույք ստանալը, ուրիշ ոչինչ:

-Դերասանի մասնագիտության մեջ բարդույթները պետք է մոռանալ, ավելի համարձակ լինել: Իրական կյանքում բարդույթներ ունե՞ք:

-Չէ, ես ինչ-որ բարդույթներ չունեմ: Եղանակի հետ կապված ունեմ խնդիրներ: Հիմա արդեն կարողանում եմ ապրել, որովհետև ամբողջ  ձմեռն ինձ համար մահանալու ժամանակ է և չեմ կարողանում ստեղծագործել: Եթե արևի կտոր դուրս եկավ, ինձ համար արդեն  ոչ մի խոչընդոտ չի կարող լինել:

-Անի, դերասանները երկար տարիներ կարող են լինել թատրոնի բեմում, բայց հայտնիություն, ի վերջո, բերում է հեռուստատեսությունը։ Որքանո՞վ է հայտնի լինելը կարևոր դերասանի համար:

-Չի լինի այնպիսի մարդ արվեստի բնագավառում, որ ասի դա կարևոր չէ։ Դա շատ կարևոր է: Քո աշխատանքը գնահատում են հանդիսատեսը, քո երկրպագուները: Այդպիսի մարդ չկա, որ ասի վատ եմ զգում, երբ ինձ գրում են, վայ ինչ լավ ես խաղում: Բայց ես աստղ համարում եմ  համաշխարհային  ճանաչում ունեցող մարդկանց և փառքը համարում  եմ հենց նրանցը: Իսկ փոքրիկ Երևանի համար լավ է ճանաչված լինելը:

-Ընդհանրապես, հեշտ է դեր կերտել, երբ մարմնավորածդ հերոսը քեզնից ծայրահեղ տարբե՞ր է,  թե՞ հակառակը, երբ որոշակի նմանություններ լինում են:

-Չգիտեմ ճիշտը որն է, բայց ինքս սիրում եմ, երբ կերպարն  ինձ շատ նման չի լինում: Այլապես, ինձ համար հետաքրքիր չէ: Սիրում եմ, երբ կերպարը հեռու է լինում ինձնից, որպեսզի ես կարողանամ այդ կերպարն ուսումնասիրել, մտածել, թե այդ աղջիկը, ում դերակատարն եմ, ի՞նչ կաներ այն իրավիճակում, որն ինձ հոգեհարազատ չէ: Հիմա, մարդիկ կան, մտածում են, ես ռուզանի նման եմ, բայց թատրոնում լրիվ ուրիշ դերեր եմ խաղում:

– Տեղյակ եմ, որ մտադիր եք  որպես երգչուհի հանդես գալ, տեսահոլովակ նկարահանել: Ե՞րբ և ի՞նչ սպասենք Ձեզանից:

-Նախատեսել էի աշնանը նորություն ունենալ, բայց տեսնեմ ինչպես կստացվի: Ինչ-որ կոմերցիոն երգեր չեմ կարող անել: Ես այնպիսի երգեր եմ սիրում, որ այստեղ չեն լսում, լատինամերիկյան երգեր եմ սիրում, իսկ դրանք քիչ լսարան ունեն Հայաստանում: Թերևս, եթե տեսահոլովակ նկարահանեմ, կզրուցեմ մասնագետների հետ ու կհասկանամ՝ ինչ անել: Միջին տարբերակ պետք է գտնեմ, որպեսզի այնպես էլ չլինի, որ միայն ինձ համար եմ երգում: Ճիշտն ասած, Ռիչարդ Մադլենյանը ծննդիս ինձ երգ է նվիրել, շատ եմ ուզում կատարել այն, երևի, հենց դա էլ կդարձնեմ տեսահոլովակ: Տեսնենք, ինչպես կստացվի:

-Անի, միշտ նշում եք, որ ընտրյալ ունեք ինչո՞ւ եք թաքցնում նրան: Խոսքը ,իհարկե,  ամեն քայլըհանրայնացնելու մասին չէբայց ի՞նչն է Ձեզ ստիպում այդպես թաքուն պահել անձնական կյանքըի՞նչն է Ձեզ կաշկանդում:

-Քանի որ ինձ չի հետաքրքրում ուրիշի անձնական կյանքը, ինձ թվում է՝ իմն էլ որևէ մեկին չի հետաքրքրում: Այն մարդուն, ում հետ ես շփվում եմ և ինձ հաճելի չէ, որ մեր մասին  իմանան: Դա մեր առանձին աշխարհն է, որը պարտադիր չէ բացել: Ես սիրում եմ, երբ իմ գործունեությանն են հետևում,  իսկ անձնականը չեմ կարծում, որ այդքան հետաքրքիր է մարդկանց: Լավ, օրինակ, մարդիկ իմացան ինչ-որ մեկի հետ եմ շփվում, դա ի՞նչ է տալու։

-Որքան էլ դուք այդ համոզմանն եք, ամեն դեպքում հանրությանը հայտնի մարդկանց անձնական կյանքը մշտապես հետաքրքրության կենտրոնում է: Երբևէ հրապարակային չե՞ք դարձնի:

-Չեմ կարող ասել`  ժամանակը կգա, կասեմ այդ մասին։ Ես այդ ամենի ընթացքն եմ սիրում, պարտադիր չէ դու ամուսնանաս, նոր սիրելիիդ մասին հայտարարես: Մենք որոշել ենք, որ այսպես ավելի նորմալ է, ճիշտ է:

-Իսկ ամուսնության ծրագրեր ունե՞ք:

-Չէ, այդպիսի բաները երբեք չեմ պլանավորում։ Դա իմ կյանքի նպատակը չէ: Գիտեք, ինչ-որ բան է ստեղծվել մեզանում՝ մարդիկ գնում են մանկապարտեզ, հետո դպրոց, հետո ինստիտուտ, հետո աշխատում են, ամուսնանում ու երեխա ունենում: Հիմար սխեմա է գծած:  Ինձ համար դա շատ վտանգավոր, վախենալու սխեմա է: Դրա համար ես այդպիսի բաները չեմ պլանավորում: Ես հաճույք եմ ստանում օրվանից, պահից: Սրանք գեղարվեստական խոսքեր չեն, ես հենց այդպես էլ ապրում եմ: Այդ ամենն ինքնաբերաբար է ստացվում, առանց պլանավորելու։ Ինձ համար անհասկանալի է, եթե շփվում ես, ուրեմն մյուս տարի պետք է ամուսնանաս ձևաչափը: Հետո դա ինձ համար շատ բարդ բան է, ես այդ ամենին շատ լուրջ եմ վերաբերվում:

-Ձեր ու Ձեր ընտրյալի մասնագիտության ոլորտները տարբե՞ր են:

-Այո, թեև այդքան էլ հեռու չեն իրարից։ Այդ ամենը չի խանգարում մեզ, որովհետև մենք հասուն մարդիկ ենք:

 Դերասանուհիներն ավելի բաց են բեմումինչը, երբեմն ,ազդում է անձնական հարաբերություններիվրա։  Ձեր դեպքում ինչպե՞ս է, ի՞նչ վերաբերմունք ունի նա  Ձեր մասնագիտությանը:

Կարծում եմ` դա գալիս է նրանից, թե դու ինչպես ես ներկայանում: Բաց լինելը ո՞րն է, եթե մի ներկայացման կամ ֆիլմի մեջ պահանջվում է այդպիսի բան, դու դերասան ես ու խաղում ես: Ընկալման ձևը մեր հասարակության խնդիրն է, որը չի անցնելու: Եթե դու աշխատում ես այս պետությունում, ուրեմն, պետք է հաշվի առնես որոշ բաներ: Ես իմ ընկերոջ հետ ոչ մի խնդիր չունեմ այդ հարցերում: Ես ամեն ինչ չափի մեջ չեմ սիրում, քանի որ ամեն մարդ իր չափը ունի, ոչ ոք քո չափը չի որոշում: Դու դա կարողանում ես պահպանել` ըստ ձեր կյանքի, առօրյայի: Ես միշտ ասել եմ, երբ մարդն ամուսնանում է կամ ընկեր ունի, այդ ժամանակ է ազատ, որովհետև երբ միայնակ ես, դու պատասխանատու ես քո բոլոր արարքների համար: Այդ դեպքում մի քիչ դժվար է, իսկ երբ ընկեր կամ ամուսին ես ունենում, լրիվ ազատ ես:  Ինձ համար այդ ընթացքն է ազատություն կոչվում: Մարդիկ իրար հետ պետք է լինեն իրար հաճույք պատճառելու, ոչ թե սահմանափակումներ դնելու համար:

-Տարիքի հետ փորձառություն ենք ձեռք բերում, այլ հայացքով նայում ժամանակին լուրջ թվացող շատ հարցերի: Երբ հետ եք նայում, տարիները ի՞նչ փորձառություն են տվել Ձեզ:

– Ես իմ ապրած տարիներից ամեն ինչ ստացել եմ: Իմ ամեն մի տարիքում ես շատ բավարար եմ ապրում: Անկեղծ եմ ասում, այն, ինչ ես ուզել եմ ունենալ կյանքում, ունեցել եմ: Գուցե  18 տարեկանում ինչ-որ բաներ ավելի շատ կանեի, ժամանակն ավելի խնայողաբար կօգտագործեի, բայց ոչ մի ուրիշ բան չէի փոխի, որովհետև չկա մի այնպիսի բան, որի համար ես փոշմանել եմ: Իմ ափսոսանքը միայն այն է, որ, թող ինքնագովեստ չլինի, բայց  ես իմ ստացածով, իմ շատ փոքր տաղանդով, գուցե, ավելին կարող եմ, քան այստեղ եմ անում: Ես վստահ եմ իմ ուժերին իմ մասնագիտության մեջ, կարող եմ անել ավելին, ինչի հնարավորությունն այստեղ չկա:

-Այդ դեպքում չե՞ք մտածել ձեր ուժերը դրսում փորձելու, արտերկրում հեռանկար գտնելու մասին։

Մտածել եմ, բայց ես կարոտախտ ունեմ, այդ հիվանդությունն ինձ մոտ կա: Եթե ես հեռու եմ լինում, ամենաշատը մայրիկիս եմ կարոտում, ընկերներիս, ես չեմ կարողանում առանց նրանց: Եվ հետո մտածում եմ, մի կյանք ենք ապրում, եթե այստեղ կարողանում ես, կոպիտ ասած, գոյատևել ու գիտակցում ես, որ մարդիկ, ում սիրում ես, հավերժ չեն լինելու քո կողքին, ինչքան կարող ես, պետք է  նրանց կողքին լինես։ Երկիր փոխելը ոչինչ չի տալիս, պիտի քո սիրած մարդկանց կողքին լինես:

-Անի, ավելի շատ երազանքներով ապրո՞ղ, թե՞ հստակ նպատակներ գծող տեսակ եք:

Երազանքներ միշտ ունեմ: Ամեն օր երազանքներով ապրում եմ, ունեմ ոչ ռեալ երազանքներ, որոնք չեն կարող լինել, որովհետև այդպիսի հրաշքներ միայն ֆիլմերում են լինում: Նաև առողջ երազանքներ ունեմ: Հասնում եմ նրանց այնքան, որ շոշափում եմ: Օրինակ, կարող է երազեմ ինչ-որ կղզի գնել, դա էլ է ռեալ, բայց կապված է հսկայական գումարի հետ և մոտ ժամանակներում չեմ կարող ունենալ, բայց ես իրականացնում եմ իմ երազանքները:

-Արտաքինից ուժեղ, ինքնավստահ ու էներգիայով լի մարդիկ, որոնց թվում վստահաբար Ձեզ էլ կարող ենք դասել, ունենում են նաև թույլ լինելու, պաշտպանության կարիք: Ձեր դեպքում ինչպե՞ս է։

-Միանշանակ, կա այդպիսի բան: Ես չեմ կարծում, որ աշխարհում կա այնպիսի մարդ, որն իրեն թույլ չի զգում կամ պաշտպանվելու ցանկություն չունի, դա հաճելի է: Խնդիրն ուժեղի մեջ  չէ: Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ խրախուսանքներից շատ ավելին եմ անում, քան վատ խոսքերից: Մարդիկ կան, որ հակառակն են անում, երբ ասում ես ինչ-որ բան վատ է, իրենք ավելին են անում հակառակն ապացուցելու համար: Ես ապացուցող չեմ, այսինքն` մերթընդմերթ հարկավոր են մարդիկ, որոնք ինձ կխրախուսեն։ Անկախ այդ ամենից` ես ռեալ գիտակցում եմ իրականում որքանով է լավ։ Երբ ինձ ասում են` դա քո մոտ ստացվել է, ինքս գիտեմ՝ ստացվե՞լ է, թե՞ ոչ: Ուժեղի թույլի խնդիր չկա, բայց ես իմ կյանքում ոչ ոքի ոչինչ չեմ ապացուցում: Ես անարդարություններից եմ նեղվում, եթե անգամ, դա ինձ չի առնչվում։ Դա կարող է լինել պետության կամ ինչ-որ ընտանիքի վիճակը: Ես շատ ծանր եմ տանում նման բաները: Շատ շուտ եմ վիրավորվում, բայց չեմ նեղանում: Իմ արտաքինից դատելով՝ միշտ ասում են, չէի մտածի, որ շուտ կվիրավորվես, բայց ինձ մոտ լրիվ հակառակն է : Ես շատ շուտ եմ ընկճվում, ուղղակի դա բացահայտ չի լինում: Քանի որ բնավորությամբ պոզիտիվ մարդ եմ, մտածում են՝ չեմ վիրավորվում: Ինձ ամենաշատը վիրավորում է մարդկանց բարձր տոնով խոսելը` լինի աշխատավայրում, թե տանը: Ինձ հետ չի կարելի բարձր խոսել:

-Բա՞ց եք մարդկանց հետ շփումներում: Նոր ծանոթները հեշտությա՞մբ կարող  են դառնալ Ձեզ ընկերը:

-Ես կարողանում եմ ճանաչել մարդկանց: Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես, բայց առաջին հանդիպման  ժամանակ աուրա եմ զգում, գուցե, դիմացինը քեզ ոչինչ էլ չի արել, բայց լինում է, որ շփվել չեմ կարողանում նրա հետ: Իսկ ընկերանալ շուտ չեմ կարող: Ես ունեմ իմ 15–16 տարվա ընկերները: Ծանոթներ շատ կան, բայց ընկերները հատուկ են և իմն են:

-Ասում են,  ոչ թե երջանիկ կյանք է լինում, այլ երջանիկ օրեր, պահեր: Համաձա՞յն եք, Ձեզ որքանո՞վ եք երջանիկ մարդ համարում:

-Ես իմ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ ես երջանիկ եմ, որովհետև Աստված ինձ մի քիչ շատ է սիրում։) Իհարկե, երջանիկ եմ:  Գիտեք, ես այնքան բավարարված եմ այս կյանքից, բնականաբար, ինչ-որ բաներ պետք է լինեն կամ չլինեն, ինչ- որ բաներ վատ կամ լավ են լինում, դա նորմալ ընթացք է, իսկ երջանկությունը միայն պահերը չեն: Դու ինքդ ես ընտրում լինել երջանիկ, թե ոչ: Այո՛, կան մարդիկ, ում կյանքում, իրոք, չի ստացվել, բայց ես ոչնչից չեմ բողոքում:

Be the first to comment on "«Ամուսնանալն իմ կյանքի նպատակը չէ». Անի Լուպեն՝ ընտրյալին գաղտնի պահելու պատճառի, նրա հետ հարաբերությունների ու գործնական նպատակների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*