Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը. Արմեն Սարգսյան

 

«Ինչպես որ այսօր, այսուհետ ևս գալու եմ ու գնալու եմ մի օր թատրոն, մի օր թանգարան, օրինակ ծառայեմ մեր հայրենակիցներին»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և շեշտել. «Մարդկանց հրավիրեք Գյումրի»։

Հանրապետության նախագահը, ով աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում, զբոսնել է Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց:

 

Նախագահին ջերմությամբ են ընդունել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, որտեղ հանդիպել է իր հին ծանոթներին՝ Միքայելին, Գրիշային, Հովհաննեսին և մյուսներին, որոնց հետ ծանոթացել էր դեռևս նախորդ այցի ժամանակ: Հանրապետության նախագահը դատարկաձեռն չէր եկել: Նա նվերներ է հանձնել իր հին բարեկամ երեխաներին, թեյել նրանց հետ ու ճաշակել նրանց իսկ պատրաստած քաղցրավենիքը:

 

Նախագահը և տիկին Սարգսյանը կանգ են առել նաև Herbs and Honey սրճարանում, թեյել այնտեղ, զրուցել այցելուների հետ։

 

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, և դա պետք է տեղի ունենա նախ և առաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով: Եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպես կարող են ուրիշները գալ»։

 

Նախագահն ասել է, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ։ «Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը», — ասել է նախագահը՝ նշելով. «Գյումրիում կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել: Կարելի է գալ առանց առիթի, թեկուզ մի քանի ժամով գալ, շրջել»:

 

Գյումրի այցի ընթացքում հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում։

 

http://tejlurer.pro/

Be the first to comment on "Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը. Արմեն Սարգսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*