«Ամեն օր վախը սրտումս եմ արթնանում». Գոհար Գևորգյանը 30 տարի նույն երազանքով է ապրում (լուսանկարներ)

 

«Երկրաշարժը` ականատեսի աչքերով» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է 30 տարի նախկին ճաշարանում ապրող տիկին Գոհարի մասին։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

 

Գյումրիում հարյուրավոր մարդկանց համար 1988 թվականի երկրաշարժից 30 տարի անց երազանքը նույնն է՝ քարե պատեր: Աղետալի երկրաշարժից հետո շատերը բնակություն հաստատեցին ոչ միայն ժամանակավոր տնակներում, այլ նաև այն կառույցներում, որոնք այդ ժամանակ առավել քան ապահով էին թվում: Երկրաշարժի ժամանակ վթարային դարձած այդ շինությունները 30 տարի անց արդեն վտանգավոր են բնակվելու համար:

Երկրաշարժից հետո Գոհար Գևորգյանը ամուսնու ու երեխաների հետ բնակություն հաստատեց Գյումրու նախկին թիվ 34 դպրոցի ճաշարանում: Նրանց երկսենյականոց բնակարանը սկզբում վթարային էր, հետո փլվեց. մնալու տեղ չկար, և այդ ժամանակ ճաշարանի կառույցը, որտեղ աշխատում էր տիկին Գոհարը, լավագույն տարբերակն էր: Նրանք տեղավորվեցին այդ շինությունում՝ հուսալով, որ շատ շուտով բնակարան կստանան: Այդ օրվանից 30 տարի է անցել, տիկին Գոհարի կյանքում շատ բան է փոխվել. կորցրել է ամուսնուն ու որդուն, բայց տուն ունենալու երազանք այդպես էլ անկատար է մնացել: Կառույցն էլ, որտեղ բնակություն էին հաստատել ավելի ուշ՝ 2006-ին, սեփականության իրավունքով տրամադրել են Գյումրու «Արթուր Ալեքսանյանի անվան» մարզադպրոցին

Ամուսու մահից հետո տիկին Գոհարը դստեր ու թոռան հետ էր ապրում այդ շինությունում, մինչև կառույցի սենյակներից մեկն օրերից մի օր ամբողջովին փլվեց: Բարեբախտաբար, զոհեր չեղան, թեև թոռան օրորոցն այնտեղ էր դրված:

Դուստրն ու թոռը` 4 տարեկան Մարիան, հիմա վարձով բնակարան են տեղափոխվել. վատ պայմանների պատճառով փոքրիկը պարբերաբար թոքաբորբով էր հիվանդանում, և վախենում էին, որ օրերից մի օր մյուս սենյակն էլ կփլվի:

 

Կառույցում հիմա բնակվում է տիկին Գոհարը, բայց թոռնիկը հիմնականում նրա տանն է, որովհետև դուստրն աշխատում է:

 

© SPUTNIK / ARMENUHI MKHOYAN
Շինությունը, որտեղ ապրում է տիկին Գոհարը

«Անօթևանի կարգավիճակ ունեմ, դիմել եմ քաղաքապետարան, բայց հույս չունեմ, որ ինչ–որ բան կփոխվի: Հիմա էլ մարզադպրոցը հիմնանորոգելու են, դրա հետ մեկտեղ` այս շինությունը: Ամեն օր վախը սրտումս եմ արթնանում, որ չգան ու ասեն՝ պետք է նորոգենք, դուրս եկեք: Ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ Չգիտեմ: Սա էլ ապրելու տեղ չէ, պայմանները տեսնում եք, բայց ի՞նչ անեմ, եթե հանեն»,- ասում է 72–ամյա տիկին Գոհարը։

 

Նա 30 տարի առաջ 2–սենյականոց բնակարան է կորցրել, բայց հիմա մեկսենյականոցի էլ է համաձայն, միայն թե գլխավերևում ապահով ծածկ ունենա:

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "«Ամեն օր վախը սրտումս եմ արթնանում». Գոհար Գևորգյանը 30 տարի նույն երազանքով է ապրում (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*