«Իմ տղան իր կյանքով պահեստը փրկել է պայթյունից, բայց նրա սխրանքը չի գնահատվում». Դավիթ Տոնոյանը 7 ամիս չի ընդունում զինվորի մորը

 

6 երեխաների մայր Նունե Հակոբյանը միակ տղային՝ Հրանտ Մանգասարյանին մեկ տարի առաջ կորցրել է բանակում. 2017-ի նոյեմբերի 4-ին Հրանտը մահացել է ականի պայթյունից Մարտակերտի զորամասի պահեստում՝ իր մարմնով փակելով հակատանկային ականը:

Հրամանատարության հանցավոր անփութության պատճառով ականը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքերի մեջ՝ դառնալով նրա մահվան պատճառը և վիրավորելով երկու զինծառայողի:

Ժամկետային զինծառայող Հրանտը դիպուկահար է եղել Արցախի Մարտակերտի զորամասում: Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է առաջնագծում ու պատվոգիր է ստացել: Պատերազմի սարսափներն անցնելով՝ Հրանտը մահացել է իր զորամասում՝ հրամանատարության անփութության արդյունքում:

 

Հրանտը տան միակ տղամարդն էր. հայրը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան՝ աշխատելու ու այլևս չի վերադարձել՝ փաստացի թողնելով ընտանիքը: Մայրը՝ Նունե Հակոբյանը ամիսներ շարունակ չի կարողանում հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ իր խնդիրը նրան ներկայացնելու համար:

 

«Ինձ չեն ընդունում, ոչ մի պատասխան չեն տալիս, ղեկավարները ինձ պետք է ընդունեն, որ էս հարցի պատասխանը տան, բայց ոչ պարոն Փաշինյանն ա ինձ ընդունում, ոչ պաշտպանության նախարարը»,-ստրնեղեց ծնողը:

 

Հրանտին հետմահու պարգևատրել են «հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրության և խիզախության համար», սակայն «Զինծառայողների աջակցության հիմնադրամից» ընտանիքին փոխհատուցում չեն տալիս՝ առանց հստակ պատճառաբանություն տալու: Նշենք, որ այդ հիմնադրամից սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին 58 մլն դրամ փոխհատուցում է տրվում. 10 մլն-ն միանվագ, մնացածը՝ տարիների ընթացքում:

 

«Ես գիտեմ, որ տղայիս հետմահու պարգևատրման փաստաթղթի հիմքով «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամը» ինձ պետք է հատկացնեն փոխհատուցում, սակայն արդեն յոթ ամիս է՝ փորձում եմ հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, չեմ կարողանում: Ինքը ոչ մեկին չի ընդունում»,-դժգոհեց զինվորի ծնողը:

Տիկին Նունեն նաև ասաց, որ տղան տան միակ կերակրողն է եղել, անգամ մատուցող է աշխատել՝ իրեն օգնելու համար: Ընտանիքը տուն չունի, վարձով են ապրում: «Իմ տղան միակ տղաս էր: Ինքը ամբողջ ընտանիքը պահող տղա է եղել: Տան միակ ծուխն էր: Ինքն իր կյանքով կարողացել է ամբողջ պահեստը փրկի պայթյունից, բայց նրա սխրանքը չի գնահատվում»,-ասաց դառնացած ծնողը՝ հավելելով. «Էն փաստը, որ իմ տղան իր մարմնով փակել է զենքը, չի թողել, որ պահեստը տրաքի ու մարդիկ զոհվեն, իր անձն ա նվիրել էս ամեն ինչին, բայց պետությունը հաշվի չի առնում: Չէ որ դա ոչ թե տղայիս, այլն ղեկավարության անփութության պատճառով է եղել: Հենց դրա համար պետք է փոխհատուցեին այդ հիմնադրամից»:

 

Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տիկին Նունեն առձեռն նամակ է տվել Նիկոլ Փաշինյանին: Դրանից մեկ շաբաթ անց կառավարությունից զանգել են, ներկայացել են որպես փոխվարչապետ Արարատ Միրզոյան ու խոստացել, որ 15 աշխատանքաիյն օրվա ընթացքում Փաշինյանի միջնորդությամբ պաշտպանության նախարարը կընդունի իրեն, սակայն հետո կառավարությունից ասել են, որ այդ համարով Միրզոյանը չէր կարող զանգել ու հարցը դրանով փակվել է:

 

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ. Հրանտի քառասունքից հետո ծնողը դիմել է այն ժամանակվա պաշտտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, և միայն իր դիմումից հետո Վիգեն Սարգսյանն իրեն ընդունել է, ու արդյունքում իրենք ստացել են 2 մլն դրամ միանվագ օգնությունը, որը տրվում է զոհված զինծառայողների ընտանիքներին և որդու գերեզմանի գումարը, սակայն «Զինծառայողների աջակցության հիմնադրամից» փոխհատուցման հարցը չի լուծվել:

 

Առավել մանրամասն՝ դիտեք մեր զրույցը Հրանտ Մանգասարյանի մոր հետ:

 

http://bavnews.am/

Be the first to comment on "«Իմ տղան իր կյանքով պահեստը փրկել է պայթյունից, բայց նրա սխրանքը չի գնահատվում». Դավիթ Տոնոյանը 7 ամիս չի ընդունում զինվորի մորը"

Leave a comment

Your email address will not be published.


*