Հաշմանդամություն ունեցող զինվորականները մրցել են շախմատ, շաշկի և այլ մարզաձևերում

 

Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ պարբերաբար կազմակերպվող նմանատիպ միջոցառումների նպատակն է սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ապահովել ու խթանել հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը:

 

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:

 

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներին ողջունել և շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Ընդգծելով, որ տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների և զինծառայողների առողջական ու սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում, Դավիթ Տոնոյանը քաջալերել և ոգու ամրություն է մաղթել զինհաշմանդամներին:

 

https://haydzayn.com/

Be the first to comment on "Հաշմանդամություն ունեցող զինվորականները մրցել են շախմատ, շաշկի և այլ մարզաձևերում"

Leave a comment

Your email address will not be published.


*