Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է(տեսանյութ)

 

«Սուգը հավերժ է, եթե չկա պայքար, ով չպայքարի, նա կսգա հավերժ»

Մովսես Գորգիսյան

Հայ ազգային-ազատագրական շարժման ակտիվ գործիչ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ․-ի դեկտեմբերի 3-ին քաղաք Երևանում։ Ապագա հերոսը հիմնական կրթությունն ստանալուց հետո ընդունվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին, որն ավարտելուց հետո 1986-1987թթ․-ին աշխատանքի է անցնում Գորիսի դրամատիկական թատրոնում։

 

1987թ․-ին Գորգիսյանն անցնում է Պարույր Հայրիկյանի կողմից ստեղծված Ազգային ինքնորոշում միավորման շարքերը, որը ԽՍՀՄ տարածքում առաջին ոչ պետական այլընտրանքային քաղաքական կազմակերպությունն էր։ Շուտով Մովսեսի խմբագրությամբ սկսում են լույս տեսնել «Հայրենիք» և «Հրապարակայնություն» ամսագրերը, որոնք ևս մի միջոց էին կոչը ժողովրդին հասցնելու համար։

Մովսես Գորգիսյան գործիչը մեկն էր այն քչերից, ում ջանքերով 1989թ․-ին ստեղծվեց «Անկախության բանակ» ջոկատը, որը պետք է լիներ անկախ Հայաստանի զինված ուժերի կորիզը։

 

Գորգիսյանին շատերն են հիշում Ազատության հրապարակում կանգնած, «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» կոչն արտասանելիս․․․ Նա առաջինն էր, ում վիճակված էր Ազատության հրապարակում բարձրացնել բաղձալի եռագույնը։ Սակայն նման գործչին վիճակված չէր տեսնել անկախ Հայաստանը։

 

Երևանում տեղի ունեցած հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարվել էր Երասխին սպառնացող վտանգի մասին։ Կամավորականները Ազատության հրապարակից միանգամից մեկնեցին Երասխ։ Այնտեղ էր նաև Մովսեսը։ Ինքնապաշտպանությունը տևեց 2 օր՝ հունվարի 17-19-ը։ Մինչև վերջ հայկական ուժերը կարողացան ջախջախել թշնամուն, նրան հետ շպրտել մինչև Նախիջևան։ Սակայն զոհերը քիչ չէին․․․ Ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի հետ միասին Երասխի համար մղվող մարտերում 28 տարեկն հասակում ընկավ Մովսես Գորգիսյանը։

 

Մովսես Գորգիսյանն անգնահատելի գործիչ էր, մեծատառով մարդ, ինչպես հիշում են իր հարազատներն ու ընկերները։ Այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը ասում էր․

«Ես ցավակցական հեռագրեր էի ստանում նույնիսկ Ադրբեջանից․ ինձ սփոփանքի խոսքեր էին գրում այն ադրբեջանցիները, որոնց համար ազատությունն ու անկախությունը արժեքներ են»:

 

1996թ․-ի սեպտեմբերի 20-ին անկախ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչմանը, նաև «Հայրենիք» շքանշանին։ Այժմ թաղված է Ծիծեռնակաբերդի բարձունքում։

 

 

https://haydzayn.com/

Be the first to comment on "Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*