երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում

 

Երբ աշխատանքը դրական արդյունք է տալիս, հույզերդ սկսում են խեղդել, աննկարագրելի ու հակասական զգացմունքներ են առաջ գալիս։ Հատկապես, երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հանգամանքների հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում։ Համարում ես, որ արդարությունը վերականգնվել է։

Շուրջ 7 ամիս առաջ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունը սկսեց հետաքննել 2017 թվականի նոյեմբերի 21-ին Արցախի Մարտակերտի զորամասի հենակետում ականի պայթյունի դեպքը։ Մահացել էր 3 զինծառայող՝ լեյտենանտ Գեղամ Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Աբրահամյանը և Սարգիս Մելիքյանը։ Ծանր վիրավորվել էր շարքային Նարեկ Հովեյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար մենք նախաձեռնեցինք սեփական հետաքննությունը։ Նախ՝ այցելեցինք զոհված բոլոր զինծառայողների տուն՝ Մասիս, Վարդենիս, Մուսալեռ, լսեցինք հարազատներին, Երևանում հանդիպեցինք նաև Նարեկի մորը։ Արժեքավոր տեղեկություններ ստացանք նաև մեր աղբյուրներից։
Աստիճանաբար ակնհայտ դարձավ, որ Մարտակերտի զորամասի հրամանատարությունը ականի տեղադրման է ուղարկել անպատրաստ ու անփորձ զինծառայողների։ Գործողությունը ղեկավարել էր ընդամենը 3 ամիս սպայի ուսադիր կրող Գեղամ Զաքարյանը։ Վիրավորված Նարեկ Հովեյանը, որ հետախույզ էր, չէր ունեցել համապատասխան կրթություն։ Մահացած և վիրավոր զինծառայողների ծնողները մեզ հետ զրույցում ասում էին՝ ականի պայթյունը չէր լինի, եթե գործողությունը չղեկավարեր անփորձ սպան, և իրենց որդիները համապատասխան հմտություններ, հանդերձանք ու սարքավորումներ կրեին։
Թե որպես լրատվամիջոց ու միաժամանակ իրավապաշտպան կազմակերպություն՝ դեպքի մանրամասները բացահայտող հրապարակումներ կատարեցինք մեր կայքում, իարվասու մարմիններին ու հասարակությանը ցուցադրեցինք մեր արձանագրած պրոբլեմները։ Պաշտպանության նախարարությունը գրավոր մեզ պատասխանեց, որ հետևություններ են արվել՝ աշխատանք է տարվել զորամասերի անձնակազմերի հետ։ Մասնավորապես՝ ականի հետ վարվելու դասընթացներ են անցկացվել, Զինված ուժերի անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության միջոցների պահպանման և կից հարցերով։ Եվ իրոք՝ ուրախությամբ կարող ենք փաստել, որ ՊՆ-ի աշխատանքն արդյունք է տվել՝ զինծառայողների մասնակցությամբ 2018-ի առաջին 6 ամիսներին ականի պայթյունի միայն 1 դեպք է տեղի ունեցել՝ հունվար ամսին։
Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում հեղափոխության շունչ անգամ չկար, կանխազգում էինք, որ հերթական անգամ քննչական մարմինը նոյեմբերի 21-ի գործը կոծկման է տանելու և պատասխանատուն չի պատժվելու։ Առաջին նշաններն արդեն կային։ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով։ Այն է՝ Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։ Այս հոդվածը ենթադրում է, որ նախաքննական մարմինը ականի պայթյունի մեղավորին փնտրում էր մահացած կամ վիրավոր զինծառայողների շրջանում։ Փաստորեն՝ ի սկզբանե անտեսվում էր գործողության պատասխանատուին՝ բարձրաստիճան սպային, հայտնաբերելու հնարավորությունը։
Այսօր Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Մարտակերտի զորամասի ինժեներական ծառայության պետին։ Նա, ըստ ՔԿ-ի, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով աշխատանքները մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված չեն եղել․
«Ինժեներական աշխատանքներն իրականացվել են հանպատրաստից, այդ թվում՝ անձնակազմը չի տիրապետել ականապայթյունային միջոցների նյութական մասին, առաջադրված խնդրի կատարման կարգին, անվտանգության կանոններին և չի ունեցել ականապատման և ականազերծման միջոցների հետ վարվելու գործնական հմտություններ, մարտական վիճակում գտնվող հակատանկային ականները հանվել են ձեռքով` սուր ծայրով բահի միջոցով և տեղափոխվել ձեռքով, ականադաշտի տեղազննում չի իրականացվել, ականորսիչներ, ճանկիչներ և շոշափիչներ չեն օգտագործվել:
Արդյունքում՝ 2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի երեք զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել»։
Գործի քննության ինչ-որ մի փուլից սկսած նախաքննական մարմինը սկսել է օբյեկտիվ քննություն կատարել։ Վստահաբար, դեպքի համակողմանի լուսաբանմամբ մենք մեր փոքրիկ ներդրումն ենք ունեցել այս արդյունքի համար։
Հրաշքներ, այո, լինում են․․․ Սա եզակի դեպք է, երբ զորամասի բարձրաստիճան պաշտոնյան ծանր հետևանքներ առաջացրած անփութության մեղադրանքով կանգնում է արդարադատության առաջ։ Նախկինում տխուր ավանդույթ էր մեղքը բարդել ժամկետայինների կամ հակառակորդի վրա, իսկ բարձրաստիճաններին խնայել։
Մահացած տղաների կյանքն անվերադարձ կորսված է, բայց արդարության հաղթանակը առանձահատուկ նշանակություն ունի․․․

Be the first to comment on "երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում"

Leave a comment

Your email address will not be published.


*